«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանը ակնհայտորեն այլեւս չունի գերագույն հրամանատար. «Որպես համաքաղաքացի եւ հայրենակից ասում եմ, որ մենք ապրում ենք աննախադեպ լարված ու պատասխանատու ժամանակաշրջան միասին»: Նա հորդորեց քաղաքացիներին՝ սփյուռքում, Արցախում եւ Հայաստանում, լինել խիստ պատասխանատու, հաղթահարել ներքին բեւեռվածությունը, հայհոյախոսությունը, ցավը ու քաղաքական նոր լուծում գտնել. «Ստատուսները, խայթոցները կշարունակվեն, վստահ եմ, բայց այս ինքնահոսը, որ շարունակվի, ինչպես որ կա, այս փաստացի դե ֆակտո վիճակով, հրամանատարությամբ, չհրապարակված համաձայնություններով, կառավարության նիստերի միջոցով ուղարկված ազդակներով դեպի Բաքու՝ մեր ինքնիշխանությունը կնվազի ու կդառնա զրո, մեր տարածքային ամբողջականությունը գնալով կկրճատվի, որ բռնազավթված է մեր հանրապետության մի մասը, Արցախը, դրանք պիտի օրինականացվեն, Սյունիքը՝ առավել եւս, Գեղարքունիքը՝ առավել եւս, հետո՝ Տավուշ, հետո՝ Վայոց ձոր, հետո՝ Արարատ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց Փաշինյանին. «Օրինաչափություն չէ՛ այն, ինչ եղել է՝ հայրենիքի հանձնում, 4000 զոհեր, հետո արդեն խաղաղության օրերին, որ ուղարկում եք մեր տղաներին՝ Վահան Բաբայանին, Ռուդիկ Ղարիբյանին, Արթուր Մխիթարյանին, Դավիթ Վարդանյանին, Հրաչ Փիլիպոսյանին, կարծում եք կապ չկա, հա՞»:
Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ տասնամյակներ պայքարում են ժողովրդավարական, քաղաքացիական Հայաստանի համար, քաղբանտարկյալների ինստիտուտի, կուսակցականացված կրթական համակարգի դեմ, բայց նոր իշխանության օրոք այդ ինստիտուտները խորացվում եւ ընդարձակվում են. «Պայքարում ենք եղբայրների, ընտանիքիների կոռուպցիայի ինստիտուտների դեմ, ու այս իշխանության օրոք այդ ինստիտուտը խորացվում եւ ընդարձակվում է: Քստմնելի է, որ ՀՀ-ից վտարվում են մեր հայրենակիցները սփյուռքից: Անընդունելի է, որ իրենց քաղաքական հայացքների համար, ինչ էլ լինեն, մենք այսօր ունենք քաղբանտարկյալներ, ընտրված քաղաքապետներ, մեր ազգային շահերին նվիրված մտավորականներ, շարքային զինվորներ՝ Մանուկյան, Չալաբյան, Ասլանյան, անունները շարունակվում են»:
Կարդացեք նաև
Րաֆֆի Հովհաննիսյանը Փաշինյանին հիշեցրեց. «Մենք պայքարում էինք ձեզ համար, երբ դուք էիք բանտարկյալ բոլոր իշխանությունների օրոք, ու դրանք չպիտի լինեն այլեւս երբեք: Բոլոր արատները, որ եղել են ձեր ասած նախկիների օրոք, կան այսօր առավել եւս, եւ դրանք օրինաչափ չեն: Հայաստանն այսօր չունի գերագույն գլխավոր հրամանատար, ունի տապալված ղեկավար: Ցավում եմ դրա համար: Ունի ղեկավար, որը խուսափում է զրույցից ոչ միայն ինձ հետ, այլ նաեւ իր ժողովրդի հետ, որը բաժանարար գծեր է դնում՝ իմ եւ քո, սեւ եւ սպիտակ: Եվ ամեն ինչ օրինաչափ է: Եթե այսպես շարունակվեց, սեպտեմբերի 2-ին կունենանք հերթական հանձնումը, զոհերը եւ լարումները: Այս իշխանության օրոք կա՛մ կունենանք ժամանակավոր, խեղված, խաբուսիկ խաղաղություն, կա՛մ պարտադրված պատերազմ բոլոր դեպքերում: Նրա օրոք, նրա փաստացի ղեկավարությամբ թե՛ խաղաղությունը, թե՛, առավել եւս, պատերազմը նշանակում է, որ չկա ինքնիշխան, տարածքային ամբողջական հայրենիք: Ինքը դրժել է իր սահմանադրական երդումը՝ ամբողջականության, ինքնիշխանության, իր քաղաքացիների պաշտպանության»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ