Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես ոչ թե կալանավոր եմ, այլ՝ երկրում գործող վարչակազմի պատանդի կարգավիճակում եմ». Ավետիք Չալաբյան

Օգոստոս 05,2022 13:06

«Ունենալով պատանդի կարգավիճակ, ես այցելելու եմ դատական լսումներին, միայն մեկ նպատակով՝ ես այս դատարանի իրավազորությունը չեմ կարող ընդունել, սակայն, մենք այցելելու ենք այս դատական լսումներին, որպեսզի հասարակությանը ներկայացնենք մեր անմեղության բոլոր ապացույցները», – այսօր դատարանում հայտարարեց «Համախմբում» նախաձեռնության անդամ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Հիշեցնենք՝ նախորդ դատականի նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց կրկին կալանավորել Ավետիք Չալաբյանին՝ երեք ամսով:

Այսօր դատարանում Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ իր անձնական ազատությունը, ՀՀ քաղաքացիների անձնական ազատությունը բարձրագույն արժեք է, սակայն, երկու օր առաջ, Մնացական Մարտիրոսյանն իրեն անձնական ազատությունից զրկել է՝ առանց վկայակոչելու որեւէ փաստական հիմք, ինչը պահանջում է ՀՀ քրեական օրենսգիրքը եւ ինչն ամրագրված է նաեւ դատավորի որոշման մեջ: «Այս որոշման մեջ որեւէ փաստական հիմք չկա, բացի ձեր սուբյեկտիվ հետեւությունից», – դատավորին դիմելով՝ ասաց Ավետիք Չալաբյանը՝ նկատելով, որ բացի այդ, որոշման մեջ վկայակոչված ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներն իմպերատիվ կերպով սահմանում են, որ անձը չի կարող կալանքից ազատվելուց հետո կրկնակի կալանավորվել՝ առանց էական հանգամանքների առկայության. «Այս որոշման մեջ ոչ մի էական հանգամանք վկայակոչված չէ, փոխարենը, ձեր սուբյեկտիվ մոտեցումն է: Ելնելով այս ամենից՝ ուզում եմ հայտարարել՝ այս որոշման համաձայն, ես ոչ թե կալանավոր եմ, այլ՝ երկրում գործող վարչակազմի պատանդի կարգավիճակում եմ»:

Մինչ այդ, պաշտպան Վարազդատ Հարությունյանն էր ցանկանում այդ առիթով հայտարարություն անել, սակայն դատավորն ընդհատեց նրան՝ ասելով, որ քննարկվում է հետազոտվող ապացույցների ծավալը, իսկ պաշտպանի հայտարարությունը քննարկվող հարցին վերաբերելի չէ:

Այնուհանդերձ, Վարազդատ Հարությունյանն ընդհատումներով ներկայացրեց իր դիրքորոշումը. «Ուսումնասիրեցինք Ավետիք Չալաբյանի նկատմամբ եռամսյա կալանքը իբրեւ խափանման միջոց ընտրելու որոշումը, ինչպես ենթադրվում էր, եւ ինչպես ցույց տվեցին մեր դիրքորոշումների վերաբերյալ դատարանի, կարելի է ասել, կցկտուր պատճառաբանությունները… Մենք գտնում ենք, որ այս դատարանը չի կարող համարվել անկախ, անաչառ, անկողմնակալ դատարան: Մենք գտնում ենք, որ քանի վերացված չեն դատարանի կողմից մեր այն մտահոգությունները, որ գործի մակագրումն ի սկզբանե եղել է պատշաճ ընթացակարգերով՝ առանց էլեկտրոնային մակագրումների համակարգի նկատմամբ երրորդ անձանց չսանկցավորված միջամտության, մենք գտնում ենք, որ գործ ունենք անկատար դատարանի հետ, դրա մասին են վկայում նաեւ դատարանի՝ նախնական դատալսումների առարկա հանդիսացող բազմաթիվ հարցերի պատասխանները… »:

Դատավորը մեղադրեց Վարազդատ Հարությունյանին՝ կրկնվելու եւ գործը ձգձգելու մեջ: Պաշտպանն առարկեց՝ հայտարարելով, որ դատավորն անընդհատ խոչընդոտում է պաշտպանական կողմին՝ իր դիրքորոշումը հրապարակային ներկայացնել եւ հայտարարեց, որ այս դատավարությանը մասնակցում են ապահովելով քրեական օրենսգրքի սահմանած դրույթը, բայց միակ նպատակն է հրապարակային հայտարարություններով ներկայացնել բոլոր այն ապօրինությունները, որոնք տեղ են գտել Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդման մեջ: «Արդարադատության ակնկալիք, առհասարակ չունենք», – հայտարարեց Վարազդատ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին, Դիմադրության շարժման հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031