Լրահոս
Օրվա լրահոսը

Ձորակապում Իրանից ու ՌԴ-ից «անտեսանելի» հյուրեր էին հայտնվել․ նրանք ձերբակալվել են

Օգոստոս 05,2022 12:58

Իրանի Իսլամական Հանրապետության երեք քաղաքացիներ և Ռուսաստանի Դաշնությունից 31-ամյա մի կին, տուն են վարձակալել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Ձորակապ գյուղում ու սկսել են զբաղվել տարբեր տեսակի թմրանյութերի ձեռք բերմամբ ու իրացմամբ։ Նրանցից մեկը նույնիսկ թելեգրամյան էջ է վարել։ Ձորակապում թաքստոց գտած արտերկրյա քաղաքացիների սև բիզնեսը, սակայն, շատ արագ է բացահայտվել։

ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ են ստացել ու, համագործակցելով Գյումրիի ոստիկանության Կումայի, Անիի և Ախուրյանի բաժնի աշխատակիցների հետ, արագ կանխել են հանցագործությունը։

Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկաններն արտերկրյա քաղաքացիներից երկուսին՝ Իրանի Իսլամական Հանրապետության 23-ամյա քաղաքացի Աբոլֆազլ Կ․-ին և ՌԴ քաղաքացի, 31-ամյա Մարիա Շ․-ին օրերս բերման էին ենթարկել Գյումրու Լալայան փողոցից։

Ոստիկաններն անձնական խուզարկությամբ Մարիա Շ․-ի ձեռքի պայուսակից հայտնաբերել էին 5 հատ «ԼՍԴ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, 10 հատ «Էքստազի» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղահաբեր և 18 փաթեթ «Հաշիշ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված՝ ընդհանուր մոտ 34.29 գրամ կշռով։

Աբոլֆազլ Կ․-ի մոտից ոչինչ չէր հայտնաբերվել:

Մարիա Շ․-ն ոստիկանությանը հայտնել էր, որ թմրամիջոցները ձեռք է բերել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի ոմն Բրենդնից՝ իրացնելու նպատակով:

Այս երկու օտարերկրացիները ձերբակալվել էին։

Ոստիկանները, շարունակելով իրենց գործողությունները, Ձորակապ գյուղի 2-րդ փողոցի թիվ 41 տան մոտից հայտնաբերել էին «Բրենդն» անվամբ անձին՝ 30-ամյա Աբոլֆազլ Լ․-ին։ Պարզել էին, որ նա չի աշխատում, բնակվում է Ձորակապում, որտեղից և վարում է «Գրին Հաուս 420» թելեգրամյան անվամբ էջը։ Ոստիկանները Ձորակապի նույն հասցեից ձերբակալել էին նաև 31-ամյա Սաջադ Մ․-ին, որը ևս բնակվել է նույն հասցեում։ Երկուսն էլ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են։

Անձնական խուզարկությամբ «Բրենդն» կոչված անձի մոտից հայտնաբերվել էր 130.37 գրամ կշռով «Հաշիշ» տեսակի թմրամիջոցի նմանվող մուգ շագանակագույն զանգված։

Նշենք, որ Սաջադ Մ․-ն ձերբակալման պահին փորձել է դիմել փախուստի՝ ձեռքին եղած սպիտակ գույնի փաթեթը նետելով հարակից տներից մեկի տանիքին: Սակայն այս երկու օտարերկրացիներն էլ ներկայացվել են Շիրակի մարզի քննչական վարչություն և ձերբակալվել են: Քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Դեպքի վայրը, այսինքն՝ Ձորակապի տվյալ տունը, հսկվում է ոստիկանության ծառայողների կողմից՝ հետագա քննչական գործողություններ կատարելու նպատակով:

Aravot.am-ն այս թեմայի շուրջ զրուցեց Ձորակապի վարչական ղեկավար Գագիկ Պողոսյանի հետ՝ հետաքրքրվելով, թե քանի՞ օր է, որ այս օտարերկրացիները տեղավորվել են իրենց գյուղում, և մի՞թե գյուղացիները կասկածելի ոչինչ չեն նկատել։

Գագիկ Պողոսյանն ասաց․ «Մոտ 20 օր է՝ ինչ վարձակալել են այդ տունը, նրանք տնից դուրս էլ չեն եկել, որ բնակիչները նկատեին, անտեսանելի են մնացել՝ ելումուտ չեն արել։ Միայն վերջին օրերին են տեսել, որ այդ տնից ներս ու դուրս անողներ կան։ Եթե շարժ է եղել, գուցե գիշերվա ժամերին է եղել, որ աչքի չեն ընկել։

Իրենցից առաջ ևս այդ տունը վարձով էր տրվել այստեղի սպանդանոցի տնօրինությանը, նրանք նորմալ ժողովուրդ են, ով կմտածեր, թե ովքեր են եկել։ Սեփական տուն է, տանտերերն այստեղ չեն, վարձով են տալիս։ Երբ իմացանք, ապշած էինք, երևի փորձել են խաղաղ տեղ գտնել, էն էլ չեն պատկերացրել՝ ուր են եկել։

Ինքս ականատես եմ եղել ոստիկանության որոշակի գործողություններին ու այնքան շնորհակալ եմ իրենց՝ այդքան օպերատիվ, պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

Չգիտեմ՝ ինչ բառերով հայտնեմ շնորհակալությունս, որ մեր գյուղի երեսից նման սրբապիղծ արարքով զբաղվողներին վերացրեցին, տարան։ Պատկերացնո՞ւմ եք հանկարծ այդ մարդիկ սկսեին գյուղամեջ ելնել, երեխաներին փչացնել․ մեկին նվեր տային թմրանյութը, մյուսին չնչին գնով վաճառեին, իրենց շարքերը մտցնեին․․․ Որ մտածում ես, խելագարվելու բան է։

Մյուս կողմից լավ եղավ՝ այսուհետ շատ ուշադիր կլինեմ, թե ում են վարձով տալիս գյուղի տները, ով այստեղ չի։ Ես պարտադիր հետևողական կլինեմ, կիմանամ ով է, ինչ է, որովհետև այսքան ժամանակ մեր գյուղում նման բան չի եղել, սա բացառիկ երևույթ է։

Ես էդ հատվածով անընդհատ անցնում, դառնում եմ, թող 20-րդ օրը չտեսնեի այդ մարդկանց, բայց 25-րդ օրը հաստատ կտեսնեի ու կհետաքրքրվեի․ վերջը՝ եկել են իմ գյուղ, իրենց արտաքինից էլ անմիջապես կհասկանայինք, որ օտարերկրացի են։

Ոստիկանները, երբ բացեցին նրանց վարձակալած տան դուռը, ինձ էլ ձայն հանեցին՝ որպես վարչական ղեկավարի, ներս մտանք, էդ ինչ վիճակ էր՝ թափթփված, իրենք չեն էլ պատկերացրել, որ իրենց հետևում են ոստիկանները։ Իրոք, շատ լավ գործեցին մեր ոստիկանները, կարծես դետեկտիվ կինո լիներ, կանգնած նայում էի ու հպարտանում իրենց գործողություններով», – ասում է վարչական ղեկավարը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031