ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները՝ ՌԴ Հատուկ աստղադիտարանի «Արտագալակտիկ օբյեկտների սպեկտրոսկոպիա և ֆոտոմետրիա» լաբորատորիայի աշխատակիցների մասնակցությամբ մեծ չափեր և զանգված ունեցող HII-տիրույթների և կոմպլեքսների 6-մ աստղադիտակով ստացված տվյալների հիման վրա ցույց են տվել, որ աստղառաջացման պրոցեսները կարող են ձգանի դեր խաղալ՝ դառնալով ձևաբանական փոփոխությունների պատճառ։ Եզրակացության հիմքում SBS1539+597(UGC055758) գալակտիկայի համար 6-մ դիտակով ստացված 3D-սպեկտրոսկոպիկ տվյալներն են: Ցույց է տրվել, որ այս էլիպտիկ տիպի գալակտիկայում դիտվող պարուրաձև թևի առաջացումը սկիզբ է առնում կենտրոնական մասում գտնվող HII-տիրույթի հետ, որում բուռն աստղառաջացման պրոցեսներ են ընթանում: Գիտական աշխատանքը ղեկավարել է Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սուսաննա Հակոբյանը:
«Դիտումներից ստացված 3D-սպեկտրոսկոպիկ տվյալների մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տալիս, որ ուսումնասիրվող գալակտիկայի կենտրոնական մասում գտնվում է ակտիվ աստղառաջացման տիրույթ: Այն բաղկացած է երկու HII տիրույթներից և տուրբուլենտության գոտուց, որն առանձնանում է ճառագայթող գազերի սկավառակային ընդհանուր ֆոնային պտույտից: Արագությունների դաշտում բացահայտվում է նաև գալակտիկայի հիմնական մարմնից անջատվող թևի առկայություն, որի սկզբնամասը դիրքավորված է ակտիվության տիրույթում: Հաշվի առնելով նաև տուրբուլենտության գոտու առկայությունը՝ կարելի է եզրակացնել, որ աստղառաջացման ակտիվության հետ կապված գործընթացները կարող են ազդել շրջակա գազերի կինեմատիկայի վրա, ձգանի դեր ունենալ՝ հարուցելով տվյալ դեպքում թևի անջատումը, և ընդհանուր դեպքերում՝ գալակտիկայի ձևաբանության փոփոխությունը: Սա գալակտիկաների էվոլյուցիայի խնդիրների հետ շաղկապված նոր, կարևոր արդյունք է»,– ասում է Սուսաննա Հակոբյանը:
Աշխատանքը կատարվել է «Երկրորդ Բյուրականյան շրջահայության յոթ ընտրված դաշտերի գալակտիկաների կոմպլեքս ուսումնասիրություն» մեծածավալ ծրագրի մաս կազմող «Աստղառաջացման ակտիվությամբ z<0.1 կարմիր շեղումով գալակտիկաների մանրակրկիտ ուսումնասիրություն» ենթածրագրի շրջանակներում: Աշխատանքի վերաբերյալ գիտական հոդված է տպագրվել «Astrophysics» («Aстрофизика») ամսագրում:
Նկար1. Ուսումնասիրվող SBS1539+597 գալակտիկայի պատկերը՝ a) DSS ( Digitized Sky Survey) շրջահայության քարտեզի վրա և b) ջրածնի բալմերյան Hα գծում ՝ ըստ MPFS բազմաբիբ սպեկտրոգրաֆի օգտագործմամբ 6-մ դիտակով ստացված տվյալների. c)նախորդ նկարում սպիտակով շրջանագծված 11”x7” տիրույթի պատկերը, որը համապատասխանում է Hα և [NII]6548,6583 իոնիզացված ազոտի գծերն ընդգրկող սպեկտրի հատվածին. d) նախորդ նկարից՝ տուրբուլենտության տիրույթ հանդիսացող երկու էլեմենտները խոշորացված տեսքով:
Կարդացեք նաև
Նկար 2. a) Ջրածնի բալմերյան Hα գծով հաշվարկած SBS1539+597 գալակտիկայի տեսագծային արագությունների դաշտը. b) և c) արագության փոփոխությունները արտացոլող կորեր, ստացված դաշտում նշված 1-ին և 2-րդ առանցքների շրջակայքում, համապատասխանաբար:
Նկար 3. Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սուսաննա Հակոբյան
Նկար 4. ՌԴ Հատուկ աստղադիտարանի «Արտագալակտիկ օբյեկտների սպեկտրոսկոպիա և ֆոտոմետրիա» լաբորատորիայի վարիչ, Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Սերգեյ Դոդոնով
Նկար 5. ՌԴ Հատուկ աստղադիտարանի «Արտագալակտիկ օբյեկտների սպեկտրոսկոպիա և ֆոտոմետրիա» լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Մոիսեև
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին