Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույց՝ ՌԴ դեսպանատան մոտ․ «ՌԴ-ն չի ձեռնարկում բավարար միջոցներ՝ կանխելու շփման գծում ադրբեջանական ագրեսիան»

Օգոստոս 05,2022 12:36

Արցախից տեղահանված քաղաքացիները, հիմնականում՝ Շուշիի եւ Հադրութի բնակիչները, որոնք ապաստանել են Հայաստանում, այսօր բողոքի ցույց էին իրականացնում։ Նրանք նախ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ էին, նամակ հանձնեցին դեսպանին։

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանն ընթերցեց այդ նամակը, որում ասվում է՝ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում նոր ագրեսիա է տեղի ունենում, ՌԴ-ն, որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երաշխավոր, չի ձեռնարկում բավարար միջոցներ՝ կանխելու շփման գծում ադրբեջանական ագրեսիան ու եռակողմ հայտարարության կետերի խախտումները․ «Ընդ որում, ՌԴ պաշտոնյաները բացահայտ խոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի չեղարկման մասին, փաստորեն մենաշնորհելով հիմնախնդրի կարգավորման գործընթացը»։

Ցույցի մասնակիցներն այս նամակով ՌԴ-ին պահանջ ներկայացրեցին՝ կատարել ստանձնած պարտավորությունները, եթե չի կարողանում, ապա թող դիմի դաշնակիցներին՝ աջակցելու միջազգային մեխանիզմների ներգրավվման համար։


«Խծաբերդն ու Հին Թաղլարը հանձնվեց, ու՝ ոչ մի արձագանք, հետո Փառուխը հանձնվեց, եւ որեւէ մի կողմը որեւէ բան չեն անում փոխելու իրավիճակը։ ՀՀ-ն միայն անատամ հայտարարություններ է անում, կտրուկ քայլեր չի անում», – լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Հայրյանը։

Նա հիշեցրեց ավելի վաղ ասած իր կարծիքը․ «Ես Ֆրանսիայի դեսպանատան մոտ ասել եմ՝ մինչեւ Արցախում բազմազգ խաղաղապահ ուժեր չլինեն՝ ոչինչ չի ստացվելու։ Ռուսները հետապնդում են իրենց շահը, չենք կարող ստիպել չհետապնդեն իրենց շահը, բայց թող մեր շահերի հաշվին չլինի դա»։

Հայրյանը, հղում անելով եռակողմ հայտարարության՝ փախստականների վերադարձի մասին կետին, ասաց․ «ՌԴ-ն չի ուզում մեզ վերադարձնի մեր հայրենիք, որը պարտավորվել է հայտարարությամբ։ Պուտինն ինքն է հայտարարել, որ այդ թղթի հեղինակն ինքն է, ու արդեն երկու տարի է՝ ոչ մի քայլ չի ձեռնարկում փախստականներին վերադարձնելու համար։ Ուրեմն՝ չի ուզում։ Իսկ եթե չի ուզում, ուրեմն ոչ թե խաղաղապահ է, այլ՝ ագրեսոր։ Եթե ուզում է, բայց չի կարողանում, ուրեմն թող դիմի միջազգային հանրությանը։ Եթե ուժ չունի ադրբեջանական բանդաներին զսպելու, թող դիմի միջազգային հանրությանը»։

Ցույցի մասնակիցներից մեկն էլ նշեց՝ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները ոչինչ չեն անում․ «Որտե՞ղ էին կանգնած խաղաղապահները, երբ ադրբեջանական զինված ուժերը երկու կիլոմետր առաջ եկան Լաչինի միջանցքում։ Նրանք ուղղակի թուրք «դիտորդների» հետ այնտեղ գոյություն են պահում։ Դիմում եմ Պուտինին՝ հայ ժողովուրդը հիմար չէ, ամեն ինչ լավ հասկանում է, եւ այս ամենը ՌԴ շահերից է։ Այսպես՝ բարեկամական ժողովուրդների հարաբերություններ չեն կարող զարգանալ»։

Ցույց մասնակիցները հետո շարժվեցին դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ դիմեցին Ֆրանսիայի դեսպանին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներկայացուցչի։

«Ադրբեջանն այսօր նոր ռազմական զավթումներ է սկսել Արցախի Հանրապետությունում, սա ցեղասպանության շարժունակությունն է, տպավորություն է, որ ռուսները չտեսնելու են տալիս Ադրբեջանի անօրեն զավթումները։ Հայությունը կանգնած է իսպառ ցեղասպանվելու վտանգի առաջ։ Խնդրում ենք համանախագահող Ֆրանսիայի կառավարությունից ֆրանսիական խաղաղարար ուժեր մտցնել Արցախի Հանրապետության տարածք՝ ՀՀ-ի հետ Արցախը կապող միակ Բերձորի կամ կյանքի ճանապարհի անվտանգությունը ադրբեջանական զավթիչներից պահպանելու համար», – այսպես դիմեցին ցույցի մասնակիցները։

Դեսպանատան ներկայացուցիչը հանդիպեց ցույցի մասնակիցների հետ, որոնք խնդրեցին հանդիպում դեսպանի հետ։ Դեսպանատան ներկայացուցիչը փոխանցեց, որ նամակն, իհարկե, կվերցնեն, սակայն այս պահին դեսպանը տեղում չէ, եւ հիմա չեն կարող որեւէ պատասխան տալ։

Հիշեցնենք՝ օգոստոսի երկուսից ադրբեջանական զինված ուժերը խախտել են Արցախում հրադադարի ռեժիմը, որի հետեւանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 19 վիրավոր։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031