Լրահոս
Օրվա լրահոսը

Գետաշեն համայնքում ձեռք է բերել հողակտորներ և օգտակար հանածոյի արդյունահանում իրականացրել առանց ընդերքօգտագործման իրավունքի

Օգոստոս 05,2022 12:30

Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է առանց պետական գրանցման՝ հանքարդյունահանման ապօրինի հերթական դեպքը:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքից իրականացվում է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում: Ստացված տեղեկությունների հիման վրա, վարչության աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ձեռք են բերվել փաստական տվյալներ և հանգամանքներ, որ նշված տարածքում ֆիզիկական անձի կողմից իրականացվել է ավազակոպճային խառնուրդի հանքավայրի ապօրինի շահագործում: Ծածկագրված, այնուհետև բացահայտ եղանակներով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Մ. Ա.-ն Գետաշեն համայնքի տարածքում ձեռք է բերել 2 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության 2 հողակտոր և առանց  ընդերքօգտագործման իրավունքի ու առանց հարկային  մարմիններում  հաշվառման այդտեղ իրականացրել է  օգտակար հանածոյի արդյունահանման գործունեություն: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում կատարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ապօրինի հանքարդյունահանումը քաղաքացին կազմակերպել էր տարբեր տնտեսվարող սուբյեկտներից վարձակալած տրանսպորտային միջոցներով, ընդ որում, հիմնականում երեկոյան ժամերին:

Հանքարդյունահանման ծավալները պարզելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված համապատասխան չափագրման արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ տեղամասից տեղահանվել է շուրջ 16 հազար խոր. մետր ավազանման լեռնային զանգված, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 39 միլիոն դրամ:

Դեպքի առթիվ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերի հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի հատկանիշներով ՊԵԿ քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելուց, հակառակ դեպքում՝ այդ անձինք կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ։

Ծանուցում. ենթադրյալ  հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031