ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/7185/05/20 վարչական գործով վերահաստատել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 305-Ա որոշման իրավաչափությունը՝ հանձնաժողովի դիրքորոշումների առնչությամբ ձևակերպելով հետևյալ կարևոր մոտեցումները.
- գյուղատնտեսական արտադրանքի մակնշման մեջ «էկո» («eco») եզրույթի օգտագործումն օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստագրի (սերտիֆիկատի) բացակայության պայմաններում հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն է.
- հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն է ինչպես «էկո» եզրույթի առանձին օգտագործումը, այնպես էլ դրա օգտագործումը հարադիր ձևով։ Ընդ որում, որևէ նշանակություն չունի հարադիր ձևի կիրառումը մտացածին բնույթ է կրում, թե որևէ գույքի, անձի կամ այլ անվանման լրիվ կամ մասնակի վերարտադրություն է.
- վարքագիծը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն որակելու համար էական չէ «էկո» եզրույթի հայերեն լինելը։ Այլ կերպ ասած, այլ լեզուներով «էկո» եզրույթի գործածումը ևս հանդիսանում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն.
- «էկո» եզրույթի օգտագործմամբ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության որակման համար չի պահանջվում փորձաքննության եզրակացության առկայություն։
Հիշեցնենք, որ Հանձնաժողովը վերոգրյալ որոշմամբ «10 հատանոց տուփով հավկիթ» ապրանքի տուփի վրա «есо-skies» արտահայտությունը մակնշելն այն դեպքում, երբ ապրանքը չի հանդիսացել օրգանական գյուղատնտեսական արտադրանք, որակել է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն՝ միաժամանակ անհիմն համարելով տնտեսավարող սուբյեկտի այն փաստարկը, որ «есо-skies» արտահայտությունն օդանավի պատկերային նշան է և մակնշումն իրականացվել է օդանավը բնորոշելու նպատակով։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով