ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը
Երևի քչերը նկատեցին, որ հայկական կողմը Լաչինի միջանցքի վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները հանգիստ կատարում էր` նախ, պլանի հաստատման մասով սպասելով դրա քննարկմանն ու հաստատմանը և հետո, ճանապարհի այլընտրանքային հատվածի նախագծմամբ, բնականաբար հիմք ընդունելով եռակողմ հայտարարության ժամկետը (առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար)։
Մեկ էլ հանկարծ մայիս ամսվա ընթացքում Հայաստանում հայտնի «ընդդիմադիր» և «փորձագիտական» շրջանակներ սկսեցին հայտարարել, որ ՀՀ իշխանությունները մոտ օրերս կհանձնեն Բերձորը և Աղավնոն, անգամ մարդ կար պնդում էր, որ վարչապետի ծննդյան օրը Աղավնոյում կծածանվի Ադրբեջանի դրոշը։
Այս հայտարարությունները սկսեցին շրջանառվել և սրվել հայկական մամուլում, որի ճնշման ներքո հայկական կողմն սկսեց ներկայացնել իր բոլոր փաստարկներն առ այն, թե ինչու են սխալ ասում հարգելի «ընդդիմադիրներն» ու «փորձագետները»։
Կարդացեք նաև
Ադրբեջանը, բնականաբար լավագույնս օգտագործելով այս մարդկանց ներուժն ու հմտությունները, իր նարատիվները ներարկեց հայաստանյան մեդիատիրույթ, լսեց հայկական կողմի բոլոր փաստարկները և անցավ գործի` սկզբից նոր ագրեսիա իրականացնելով Լեռնային Ղարաբաղում, հետո իբր վրեժ լուծելով իր ագրեսոր զոհված զինվորի համար, այնուհետև արդեն եկավ հասավ իր հավատարիմ «հայ» գործընկերների թեզերը իրականացնելուն, այն է՝ Լաչինի միջանցքը եռակողմ հայտարարության ժամկետի կոպտագույն խախտմամբ փակելուն և սկսեց եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այնպես, ինչպես մայիս ամսին պնդում էին հայաստանյան «ընդդիմադիրներն» ու «փորձագետները»։ Այս թեզերը մայիս ամսին պնդող հայերը կարող են ասել` «դե մենք դա անում էինք, քանի որ Աղավնոն ենք ուզում փրկենք, դե մենք ընդդիմադիր ենք ու ամեն օր մի բան փնտրում ենք, որ փրկենք ու հա մեկ էլ հիմնավորենք, որ սրանք դավաճան են»։
Հիմա մարդ կա՞, որ դեռ կարող է կասկածել, թե ինչպես են Ադրբեջանին Հայաստանի ներսից ամեն գնով ու ամեն բանով օգնում։ Լավ, տղե՛րք, հիմա ձեզ լա՞վ եք զգում, ձեր արածը ձեզ դո՞ւր է գալիս, թե՞ մտածում եք, որ չեք բացահայտվելու, թե ինչպես եք օրնիբուն թշնամական թեզերը շրջանառում ու Հայաստանի խոցելի վիճակն ավելի բարդացնում, ինչ ա թե «իշխանության դեմ պայքարեք»։
Հիշեք` իշխանությունները կգան ու կգնան, Հայաստանի պետականությունից բարձր սրբություն չունենք, այն պետք է փայփայել` ամեն բան մի կողմ դրած։