«Ազատություն». Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ մայոր Անդրեյ Վոլկովը հավաստիացրել է, որ Ռուսաստանը կձեռնարկի բոլոր միջոցները՝ հետագա սրումը կանխելու համար, «Ազատությանն» ասել է արցախցի ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը, որը երեկ մի շարք այլ գործիչների հետ հանդիպել էր ռուս գեներալի հետ:
Ըստ Պետրոսյանի, ռուսական կողմը հավաստիացրել է, թե Ադրբեջանը պատասխան կտա վերջին սրացման համար, որի հետևանքով հայկական կողմում երկու զինծառայող զոհվեց, ևս 19 վիրավորվեց:
«Հավաստիացումներ ստացել ենք, որ այս ամենը տարբեր կենտրոններից ուղղորդվող սադրանքներ են՝ Ադրբեջանին ասում են ինչ անեն, դա Վոլկովի բառերն են, և նա հավաստիացրեց, որ Ադրբեջանն իր արարքների համար պատասխան է տալու։ Մենք ասել ենք, որ «դուք այդ միսիան վերցրել եք ձեզ վրա, բայց հիմա ստացվում է, որ այդ միսիան չեք կարողանում պատշաճ իրականացնել, մենք, տեսնում եք, ունենք զոհեր, վիրավորներ»։ Վոլկովը նույնպես շատ մտահոգված էր, կոնկրետ այս ամենը որակեց Ադրբեջանի կողմից պրովոկացիա, նա մեզ հավաստիացրեց, որ այս ամենը փաստերով հասնում է մինչև ամենաբարձր մակարդակին, այսինքն՝ մինչև Պուտին», – ասաց Պետրոսյանը։
«Ես կոնկրետ հարց տվեցի, ասում եմ՝ «եթե դուք ատամները սեղմած սպասում եք Ուկրաինայի զարգացումների ակտիվ փուլը վերջանա հետո անցնեք Ալիևին դաստիարակեք, մենք նույնպես ձեզ հետ, ատամները սեղմած, կսպասենք այդ օրվան, բայց եթե մենք պետք է մանրադրամ ձեզ համար լինենք, այդպես չի լինի, որովհետև մենք ունենք ազգային արժանապատվություն, որը պետք է պահենք, որն ամենագլխավորն է», նա հավաստիացրեց, որ՝ «ո՛չ, մենք պետք է դիմանանք միասին», – փոխանցեց Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Նախօրեին նաև ռուսական զորախմբի Telegram-յան ալիքն էր հաղորդել, թե գեներալ-մայորը լարվածությունը թուլացնելու հավաստիացումներ է տվել:
Չնայած դրան, ըստ արցախցի պատգամավորների, հայկական կողմում բոլոր մտահոգությունները չեն փարատվել, և մի շարք հասարակական գործիչներ այսօր պատրաստվում են կրկին ցույց կազմակերպել:
Նաիրա ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: