Tert.am. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում Մակրոնը մտահոգություն է հայտնել վերջին օրերին տարածաշրջանում տիրող լարվածության կապակցությամբ, նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման կարևորությունը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների կատարումը։
Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել երկու երկրների միջև երկխոսության շարունակմանը, հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Մինչդեռ Ալիևը նշել է «Ադրբեջանի տարածքից» (չակերտները՝ Tert.am) Հայաստանի զինված ուժերի և հայկական «անօրինական զորամիավորումների» (չակերտները՝ Tert.am) տարրերի դուրսբերումն ապահովելու անհրաժեշտությունը։ Ըստ Ալիևի՝ հայկական կողմը դա դեռ չի ապահովել, ինչն իր հերթին պաշտոնական Երևանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտում է:
Նա նաև ընդգծել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, Եռակողմ հայտարարության դրույթների համաձայն, որոշվել է Լաչինի միջանցքին այլընտրանքային նոր ճանապարհի երթուղին, և ադրբեջանական կողմն ավարտում է այս ճանապարհի շինարարությունը։ Աշխատանքներն ավարտվելուն պես, 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համաձայն, նախատեսվում է այդ ճանապարհին վերաբաշխել ռուսական խաղաղապահ ուժերը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: