Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն, ամենայն հավանականությամբ, իրականացվել է ի պատասխան Ադրբեջանի շիաների նկատմամբ գործադրվող բռնաճնշումների

Օգոստոս 05,2022 08:51

Հինգշաբթի երեկոյան հարձակվել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Երկրի արտգործնախարարության  հաղորդագրության համաձայն՝ հարձակվողները վանդալիզմի են դիմել, կրոնական դրոշներ պարզել և դեսպանատան պատշգամբից ծայրահեղական կոչեր հնչեցրել:

«Ոստիկանությունը վերջիններիս դուրս է բերել շենքից և ձերբակալել: Կատարվածը կհետաքննեն Բրիտանիայի իրավապահ մարմինները, քննության մասին հավելյալ տեղեկություն կտրամադրվի»,֊հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը դիվանագիտական խողովակներով նախազգուշացրել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին ապահովել ադրբեջանցի դիվանագետների և շինությունների անվտանգությունը`միջազգային պարտավորությունների համապատասխան:

Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունը առնվազն ութ մարդ է ձերբակալել:

Վարդան Ոսկանյան

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն իր տելեգրամյան ալիքում մանրամասներ է հայտնում դեսպանատունը գրաված և դրա դրոշի փոխարեն շիայական պաստառներ ու դրոշներ բարձրացրած անձանց մասին․ «Քուվեյթից սերող շիա հոգևորական Յասեր َԱլ Հաբիբի ստեղծած «Մահդիի սպասավորների միություն» կրոնական կազմակերպության անդամներ են։

Շիա այս հոգևորականը հետևում է ծայրահեղ աջակողմյան հայացքներ և մեծ ազդեցություն ունեցող իրանա-իրաքյան այաթոլլահ և ընդօրինակման աղբյուր Սադեղ ալ-Շիրազիին, որը գաղափարական ու հոգևոր հայրն է նաև Եվրոպայում և հատկապես Մեծ Բրիտանիայում ակտիվորեն գործող «Շիրազիյյուն» («Շիրազիականներ») ցանցի։

Դեսպանատան գրավման կադրերում երևացող կապույտ դրոշները հենց «Մահդիի սպասավորների միության» խորհրդանիշն են, իսկ գործողությունն, ամենայն հավանականությամբ, իրականացվել է ի պատասխան Բաքվի բռնապետի կողմից այս օրերին Ադրբեջանի շիաների նկատմամբ գործադրվող բռնաճնշումների։

Իմամ Մահդին կամ Ժամանակի իմամը շիայական տասներկուերորդ թաքուցյալ իմամն է, որին շիաները համարում են փրկիչ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել