ԱՄՆ Կոնգրեսի անդամ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիեռն «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում խոսել է ՀՀ-ին ու Ադրբեջանին տրամադրվող օգնության ու 907-րդ բանաձևի մասին
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ջեքի Սփիեռը, ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին օրերի լարվածության աճի վերաբերյալ թվիթերյան իր գրառման մեջ, կոչ է արել Վաշինգտոնին անհապաղ դադարեցնել ցանկացած տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին։ Անօդաչու թռչող սարքերի կիրառումն Ալիևի կողմից կդադարի «միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ը ցուցաբերի առաջնորդություն և ուժ», գրել է կոնգրեսականը:
Ավելի վաղ «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում կոնգրեսական Սփիեռն անդրադարձել է 907-րդ բանաձևի չեղարկման ու Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրման մասին օրենսդրական իր նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատը վերջերս ընդունել է կոնգրեսական Սփիեռի ներկայացրած 2023թ.-ի Ազգային պաշտպանության հատկացումների ակտում օրենքի փոփոխության նախագիծը, որը պարտավորեցնում է ԱՄՆ պաշտպանության նախարարին, պետքարտուղարի հետ համակարգմամբ, ներկայացնել Կոնգրեսին Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները: Այն պետք է նաև պարունակի տեղեկություն, թե արդյոք Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը չի խաթարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ երկխոսությունը:
«Մենք ցանկանում ենք տեսնել հաշվետվողականություն, ուստի այդ պատճառով ներկայացրեցի փոփոխության նախագիծ: Այն ընդունվեց, և, հետևաբար, մեզ բոլորիս հասու կդառնա ավելի թափանցիկ տեղեկատվություն, թե ինչու է վարչակազմը հրաժարվում 907-րդ բանաձևից կամ չեղարկում այն մի իրավիճակում, երբ փաստացի նրանք չպետք է ընդհանրապես տրամադրեն որևէ օգնություն»,- ասում է Սփիեռը:
Կարդացեք նաև
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ
«Ամերիկայի ձայն»