Լրահոս
Օրվա լրահոսը

5165 շարժում. «Նիկոլ Փաշինյանի ղեկավարության ներքո Հայաստանը շարունակելու է կրել ծանր կորուստներ, որ նրա քաղաքական ուղեգիծը մեր երկրին կանգնեցնելու է նոր պատերազմի ու դժբախտությունների առջև»

Օգոստոս 04,2022 22:50

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հերթական անգամ ականատեսն ենք լինում Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների նկատմամբ խոշորամասշտաբ ռազմական գործողությունների, որոնց խնդիրը Արցախը, Սյունիքը և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարբեր շրջաններ հայաթափելն է, ռազմավարական բարձունքներ ու հանգույցներ զբաղեցնելը, Հայաստանից նորանոր զիջումներ կորզելը՝ վերջնարդյունքում նպատակ ունենալով առնվազն ամբողջությամբ տիրել Արցախին ու Սյունիքին և իրագործել թուրանական նախագիծը։

Այս փուլում թշնամին պահանջում է հանձնել Լաչինի միջանցքը և ցրել Արցախի պաշտպանության բանակը, պահանջներ, որոնք թեև չեն բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից, այդուհանդերձ ցույց են տալիս, որ ադրբեջանական այս սանձարձակությունների պատճառը Հայաստանի գործող իշխանությունների հանցավոր անգործությունն է ու անգամ հայրենիքի տարբեր մասերը հանձնելու գնով «խաղաղության» խոստացված օրակարգն իրագործելու կործանարար ուղեգիծը։ Ասվածի հիմքերն ավելի քան ակնառու են.

1. Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո Ադրբեջանը շարունակում է ինտենսիվ զինվել, ընդլայնել ու զարգացնել ռազմական ենթակառուցվածքը, զորամասեր ու ռազմական օդանավակայաններ հիմնել Արցախից գրավված տարածքներում, պատրաստվել նոր ներխուժումների, մինչդեռ Հայաստանի կապիտուլյացիոն վարչակարգը գնալով ապամոնտաժում է ռազմական ենթակառուցվածքը, չի կատարում խոստացած ռազմական բարեփոխումները, քայլեր չի անում Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ և ժողովրդին հավաստիացնում է, որ ի հեճուկս Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի, դիվանագիտական ճանապարհով խաղաղություն է բերելու։

2. Ադրբեջանի սանձազերծած վերջին օրերի ագրեսիայի պայմաններում էլ պաշտոնական Երևանը ձեռքերը ծալած նստած է. վարչապետը գտնվում է «արձակուրդի» մեջ, արտգործնախարարությունը հերթական անատամ հայտարարությունն է անում, իշխանամերձ տարբեր լրատվամիջոցներ ու անհատներ սլաքներն ուղղում են ռուսական խաղաղապահ զորքերի ուղղությամբ։ Նույնիսկ, երբ Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվում, Երևանում անհանգստության նշաններ չեն նկատվում։

3. Չնայած իշխանական որոշ շրջանակների հայտարարություններին, որ Ադրբեջանի պահանջը Լաչինի միջանցքի նկատմամբ անօրինական է, գործնականում Հայաստանի գործող իշխանությունները համաձայնել են Ադրբեջանի այդ պահանջին, ինչը երևում է նրանից, որ տևական ժամանակ հանրությանը ոչ մի մեկնաբանություն չէր տրվում Ադրբեջանի կողմից իրականացվող ճանապարհի շինարարության մասին, իսկ սույն թվականի հունիսի 27-ի մամուլի ասուլիսում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանն իրավունքներ ունի նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս բոլոր շրջանների հանդեպ։

Ելնելով վերոգրյալից՝ վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարության ներքո Հայաստանը շարունակելու է կրել ծանր կորուստներ, որ նրա քաղաքական ուղեգիծը մեր երկրին կանգնեցնելու է նոր պատերազմի ու դժբախտությունների առջև, ուստի նրան իշխանությունից հեռացնելու և երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու օրակարգի շուրջ ազգային համախմբումը, վեր կանգնելով խմբային, կուսակցական շահերից ու նկատառումներից, օրախնդիր անհրաժեշտություն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031