«Մատենա» միջազգային դպրոցը օգոստոսի 3-ին կազմակերպել էր «Ինչպես առաջնորդել մարդկանց և հաջողել» թեմայով մասնագիտական բաց քննարկում, որի խոսնակներն էին «Մատենայի» համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը և «Մատենայի» փորձագետ, Ամստերդամի Ազատ համալսարանի «Առաջնորդության և խորհուրդների զարգացման» կենտրոնի համահիմնադիր Լարա Չոլակյանը:
Քննարկումը համախմբել էր մոտ 300 մասնագետի՝ բիզնեսի ղեկավարների, հանրային կառավարման ոլորտի ներկայացուցիչների, ուսանողների և շահագրգիռ այլ անձանց, որոնց միավորում են առաջնորդության հմտությունները զարգացնելու գաղափարը և նպատակը:
Ելույթներից հետո մասնակիցները խոսնակներին ուղղեցին իրենց հուզող հարցերը, ստացան սպառիչ պատասխաններ, ինչպես նաև ներկայացրին սեփական փորձը։ Արդյունքում՝ քննարկման ընթացքում ձեռք բերած նոր գաղափարները և մոտեցումները մասնակիցները կկարողանան կիրառել մասնագիտական կյանքում:
Քննարկման ինքնաբուխ մասնակից էին դարձել նաև Բաղրամյան պողոտայով զբոսնող շատ քաղաքացիներ, որոնք կանգ էին առնում և հետևում թե՛ դասախոսությանը, թե՛ հարցուպատասխանին։
Կարդացեք նաև
«Մատենան» պարբերաբար կազմակերպելու է մասնագիտական կարևորագույն թեմաներով բաց դասախոսություններ, որոնց մասին կարող եք տեղեկանալ՝ հետևելով մեր լրահոսին:
«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը գործում է 2021 թվականից։ «Մատենայի» նախաձեռնողներն ու հիմնադիրներն են «UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: «Մատենայի» առաքելությունն է գիտելիքի կուտակման և համաշխարհային առաջավոր փորձի տարածման միջոցով նպաստել մասնագիտական հմտությունների և առաջնորդության կարողությունների զարգացմանը՝ նրանց համար, ովքեր իրենց մասնագիտական ոլորտներում մշտապես ձգտում են կատարելագործման և գերազանցության: