Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Զաքարյան. «Հիմա մենք հայտնվել ենք մի այնպիսի վիճակում, որ թիկունքն ավելի վտանգավոր է, քան առջեւիդ թշնամին»

Օգոստոս 04,2022 19:42

Ազատամարտիկ Արշակ Զաքարյանը «Հայելի» ակումբում, անդրադառնալով «խաղաղության դարաշրջանի» շեմին երեկ Ադրբեջանի սանձազերծած մարտերին, որի ընթացքում մենք ունեցանք նոր զոհեր եւ վիրավորներ, ընթերցեց Շահան Նաթալիի՝ ավելի քան 100 տարի առաջ գրած գրքից մի հատված, որում նկարագրված է թուրքերի ծրագիր- երազանքը դեռ 1919 թվականին. «Գալով Զանգեզուրին, որ ցավ է դարձել մեզ համար եւ մեջտեղ կանգնած է՝ սպառնալով մեր նպատակներին, կարող ենք հույս ունենալ, որ մոտ ժամանակում նա էլ կդրվի անվնաս դրության մեջ… երբ մինչեւ Արաքս գետ եւ Ջուլֆայի կամուրջը կբացվի անարգել մի ճանապարհ»:

Համեմատելով 102 տարի առաջ գրվածը եւ ներկայիս իրողությունը՝ Արշակ Զաքարյանը ընդհանրություններ է տեսնում այսօրվա «Ապագա կա»-ի եւ «Զանգեզուրի միջանցքի» միջեւ: Նա նաեւ Նաթալիից մեկ այլ մեջբերում արեց, ըստ որի, թուրքերը հասկացան, որ առճակատումով շատ բանի չեն հասնի, դրա համար պետք է օգտագործեն Հայաստանի ներքին թուրքին, որպեսզի հասնեն իրենց նպատակին:

«Հիմա մենք հայտնվել ենք մի այնպիսի վիճակում, որ թիկունքն ավելի վտանգավոր է, քան առջեւիդ թշնամին: Ազգային մտածելակերպով, մտահոգված կամավորականները մտահոգված են թիկունքից: Կոչերը, որ վեր կենանք, գնանք, ճիշտ են: Բայց դա պետք է պետականորեն կազմակերպված լինի»,-ասաց նա:

Պարոն Զաքարյանի կարծիքով՝ Դադիվանքը, Ղազանչեցոցը տվողը չի հապաղի Գանձասարն էլ տալ: «Հենց հիմա իջեք Կասկադ, Օպերա, Հյուսիսային պողոտա, էլ չեմ ասում՝ Սարյան ու նայեք սրճարաններում նստածների դեմքին: Մի 100 հատ ֆոտո արեք, դրեք համացանցում  ու հարցրեք՝ այս ժողովրդի երկրի սահմաններին հիմա պատերա՞զմ է, հիմա իրենց հայրենակիցներին սպանո՞ւմ են: Եթե որեւէ մեկը պատասխանի, թե նկարների մարդկանցից մեկի դեմքը ասում է, որ երկրի սահմաններին իրենց հայրենակիցներին սպանում են, տեղահանում են, երեխաներին սպառնում ոչնչացնել, եթե դուրս չգան, ուրեմն ես ոտքից գլուխ սխալ եմ խոսում»,-համոզված է Արշակ Զաքարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031