Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջհանգիրյանի պես խայտառակ ճակատագրի կարժանանա նաեւ Մնացական Մարտիրոսյանը»․ Էրիկ Ալեքսանյան

Օգոստոս 04,2022 19:29

Ինչպես հայտնել էինք, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով այսօր հրավիրված հրատապ դատական նիստում նրա պաշտպանները միջնորդեցին խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով՝ հաշվի առնելով առողջական վիճակի վատթարացումը եւ նոր հիվանդությունները, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը միջնորդությունը թողեց առանց քննության, ապա մերժեց պաշտպանների՝ իրեն հայտնած բացարկի միջնորդությունը։

Աղվան Հովսեփյանի պաշտպաներից Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի տեսքով օրինական դատարան ունենալ հնարավոր չէ․ «Ափսոսում եմ, որ պետությունը Մարտիրոսյանին հնարավորություն է տվել կրել այդ պատմուճանը։ Նա իմ համար ուղղակի ֆիզիկական միավոր է։ Եւս մեկ անգամ ականատես եղանք նրա ապօրինի գործողություններին եւ որոշմանը։ Հասկանում եմ, թե այն ինչու կայացվեց։ Չգիտեմ, թե նա մեր միջնորդությունն ում հետ  է քննարկել։ Աննա  Վարդապետյանի՞․․․ենթադրաբար եմ ասում։ Կամ Նալբանդյանի շենքի ներկայացուցիչների հետ։ Չեմ բացառում, որ ինչ-որ մեկի հետ քննարկել է։ Մեր փաստարկները ծանրակշիռ էին։ Ոչ թե մերժեց, այլ թողեց առանց քննության, որ չբողոքարկենք վերաքննիչ կարգով»։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ այսպես վարվեցին, որպեսզի քաղաքական իշխանությունը հետո խնդիր չունենա․ «Եւ որեւէ մեկը թող հույս չունենա, որ այս քրեական գործն օրերից մի օր կարող է քննել մեկ այլ դատավոր։ Մակագրությունն ի սկզբանե դասավորել  են այնպես, որ Մարտիրոսյան Մնացականին մակագրվի։ Քաղաքական իշխանությունն է որոշել, որ այս գործը քննելու է Մարտիրոսյանը։ Նա թող աստծուց վախենա, ոչինչ հավերժ չէ։ Գագիկ Ջհանգիրյանին եւս ասում էինք, որ ոչինչ հավերժ չէ։ Եւ նա արժանացավ շատ վատ ճակատագրի՝ խայտառակ ձեւով։ Նման ճակատագրի կարժանանա նաեւ Մնացական Մարտիրոսյանը։ Վստահ եմ դրանում»։

Հավելենք, որ Աղվան Հովսեփյանին դատական նիստին չէին ներկայացրել, նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո։ Նա մեղադրվում է  բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031