Ինչպես հայտնել էինք, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով այսօր հրավիրված հրատապ դատական նիստում նրա պաշտպանները միջնորդեցին խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով՝ հաշվի առնելով առողջական վիճակի վատթարացումը եւ նոր հիվանդությունները, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը միջնորդությունը մերժեց, ապա մերժեց նաեւ պաշտպանների՝ իրեն հայտնած բացարկի միջնորդությունը։
Աղվան Հովսեփյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանն այս գործով խնդիր ունի Աղվան Հովսեփյանին երկարաժամկետ կալանքի տակ պահելու․ «Որպեսզի հետագայում կայացնի այն դատական ակտը, որը պատվիրված է։ Այլ խոսքեր չեմ գտնի։ Աբսուրդի այս մակարդակը նա փորձում է փաթաթել հասարակության վզին։ ՀՀ-ում մարդիկ մահանում են կալանքի պայմաններում, որովհետեւ դատավորները կաշկանդված են նրանց ազատ արձակելու հարցում»։
Լրագրողները հիշեցրին դատարանի դահլիճում վատացած եւ մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեպքը․ այդ գործով դատավորը եւս Մնացական Մարտիրոսյանն է։ Երեմ Սարգսյանը հարցադրում արեց՝ ինչպե՞ս կարելի է հետեւություններ չանել նման իրավիճակներից․ «Հաշվի առնենք Աղվան Հովսեփյանի տարիքը։ Գլյուկոզայի մակարդակը նորմայից բարձր է 6-7 անգամ, ըստ բժշկի՝ կարող է կոմայի մեջ ընկնել։ Ամենակարեւորը՝ բժշկական թղթերին նշանակություն չեն տալիս։ Այստեղ դատարան չկա, ես դատարան չեմ տեսնում։ Այս ամենի պատասխանատուն լինելու է Մնացական Մարտիրոսյանը։ Արմեն Գրիգորյանի պարագայում նրա բախտն ուղղակի չբերեց, չհասցրեց կալանքի որոշում տալ։ Վստահ եմ, որ այդպես էլ կորոշեր»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, թե «ինչպես նախկինում գործադիր իշխանությունը կապ չուներ ընդդիմադիր գործիչների կալանավորման հետ, հիմա էլ կապ չունի նրանց կալանքից ազատման հետ», Երեմ Սարգսյանը շեշտեց․ «Ոչ մի իշխանություն չի հաստատի երբեւէ, որ իր իշխանության ժամանակ կա քաղաքական հետապնդում։ Այդ նույն անձիք՝ վարչապետից սկսած, ասում էին, որ Մնացական Մարտիրոսյանը քաղաքական դատավարություններ է իրականացնում։ Իսկ այսօր, երբ նրանք իշխանություն են, քաղաքական ոչ մի բան չկա՞»։
Հավելենք, որ Աղվան Հովսեփյանին դատական նիստին չէին ներկայացրել, նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո։ Հովսեփյանը մեղադրվում է բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ