Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի ազգային օպերայի եւ բալետի թատրոնը լեգենդար խորեոգրաֆի աշխատանքը հավուր պատշաճի ներկայացրեց

Օգոստոս 04,2022 16:10

Հայաստանի ազգային օպերայի եւ բալետի թատրոնում օրերս լեգենդար Օլեգ Վինոգրադովի խորեոգրաֆիայով կայացավ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման պրեմիերան, որի երաժշտական ղեկավարն ու դիրիժորն է Կարեն Դուրգարյանը, բեմադրող նկարիչը՝ Վյաչեսլավ Օկունեւը, բալետմայստերի ասիստենտը՝ Գերման Պրավոտորխոլը, լույսերի նկարիչը՝ Սամվել Մալերյանը։ Բեմադրության փորձերի ընթացքում «Առավոտը»  մեկ-երկու անգամ հանդիպել է Օլեգ Վինոգրադովին, որը սիրով պատասխանել է մեզ հետաքրքրող հարցերին։ Հիշեցնենք, որ խորեոգրաֆը առաջին անգամ Երեւանում «Ռոմեո եւ Ջուլիետը» բեմադրել է 1970թ.։ 85-ամյա բալետմայստերը Շեքսպիրի հայտնի ողբերգությանը առաջին անգամ անդրադարձել է 25 տարեկանում՝ Նովոսիբիրսկի օպերայի եւ բալետի թատրոնում, 1962թ., որից հետո, իր խոսքերով՝ հրավերների տարափ է թափվել աշխարհի հեղինակավոր թատրոններից։


Առանց մեկնաբանությունների տեղեկացնենք, որ 1940թ. Լենինգրադի Կիրովի անվան օպերայի եւ բալետի թատրոնում (այժմ՝ Մարիինյան) «Ռոմեո եւ Ջուլիետի» առաջին պրեմիերայից հետո Արեւմուտքում այս ստեղծագործությունը իրականացրել են 1955թ., Դանիայի թագավորական բալետում՝ Ֆրեդերիկ Էսթոնի խորեոգրաֆիայով, որից հետո Քովեն Գարդենում՝  Քենեթ ՄաքՄիլանի խորեոգրաֆիայով, ընդ որում՝ Ռոմեոյի դերապարով հանդես է եկել Ռուդոլֆ Նուրիեւը, որն արդեն որպես բալետմայստեր 1977-ին Լոնդոնի ազգային բալետում բեմադրեց «Ռոմեո եւ Ջուլիետի» իր տարբերակը։

Դասական երաժշտարվեստի երկրպագուների համար նորություն չէ, որ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետը» ռեֆորմիստական ստեղծագործություն է եւ կարելի է անվանել նաեւ սիմֆոնիա-բալետ, որի ամենավառ համարներից մի քանիսը, այդ թվում՝ «Աղջիկը՝ Ջուլիետը», «Ռոմեո եւ Ջուլիետը բաժանումից առաջ», «Անտիլյան աղջիկների պարը» եւ այլն,  հաճախ հնչում են համերգային բեմերից որպես սիմֆոնիկ սյուիտների մաս։

Հետաքրքիր պատմություն է ունեցել Պրոկոֆեւի այս բալետը, որը մեզ հետ հարցազրույցում ժամանակին ներկայացրել է երաժշտագետ Արաքսի Սարյանը։ նրա խոսքով՝ Պրոկոֆեւը 1930-ականներին արտերկրում երկարատեւ շրջագայությունից հետո վերադառնում է Ռուսաստան։ Տանը կոմպոզիտորը որոշում է բալետ գրել Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետ» ողբերգության հիման վրա։ Սովորաբար Պրոկոֆեւն ինքն էր ստեղծում սեփական գործերի լիբրետոն ու փորձում էր հնարավորինս պահպանել բնօրինակ սյուժեն։ Սակայն հիշյալ բալետի լիբրետոն ստեղծելիս նա այդ աշխատանքին մասնակից է դարձնում ճանաչված անունների եւս՝ շեքսպիրագետ, Կիրովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ռադլովին եւ թատերագետ Ադրիան Պիոտրովսկիին։

Արդյունքում ստեղծագործության ավարտը տարբերվում էր բնօրինակից. Բալետի եզրափակից հատվածում հերոսները ոչ միայն ողջ մնացին, այլեւ պահպանեցին իրենց ռոմանտիկ հարաբերությունները։ Դասական սյուժեի նման փորձը տարակուսանք առաջացրեց գրաքննիչների մոտ։ Հեղինակները ստիպված վերաշարադրեցին սցենարը, բայց բալետի «արտադրությունը», այնուամենայնիվ, արգելվեց իբր «ոչ պարային» երաժշտության պատճառով։ Եվ ինչպես վերեւում նշեցինք՝ բալետի պրեմիերան կայացավ միայն 1940թ.։

Համաձայնեք, որ ոչ միայն մեզ համար, այլեւ մասնագետների համար բարդ է խոսել լեգենդար խորեոգրաֆի կատարած աշխատանքի մասին, բայց մի բան հաստատ է. հագեցած լինելով ակտիվ դրամատիկ բովանդակությամբ, կոմպոզիտորի օգտագործած ամենաարտահայտիչ միջոցները, երաժշտական լեզվի թեկուզեւ ծայրահեղությունները, որոնք թեպետ ներքուստ արդարացված են, ե՛ւ ներկայացման դիրիժորը՝ Կարեն Դուրգարյանը, ե՛ւ բեմադրող խորեոգրաֆը՝ Օլեգ Վինոգրադովը, հավատարիմ են մնացել կոմպոզիտորի՝ խոր ինքնատիպությամբ առանձնացող այս ստեղծագործությանը։ Ասել կուզենք, որ բարձրության վրա էին թե՛ բալետային խումբը, թե՛ նվագախումբը։ Չենք կարող հատուկ չնշել հագուստները, գլխազարդերը, կեղծամները պատրաստող «Գաբաջյան» նորաձեւության տան անունը (հիմնադիր՝ դիզայներ Արայիկ Գաբաջյան)։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031