Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոսթոնի շրջանի Հայփոյնթ համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վարդ քահանա Գյոզալյանի։
Հանդիպման սկզբում Արժանապատիվ Տեր Հայրը ներկայացրեց ուխտավորներին՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունը։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց ուխտավորներին՝ կարևորելով ուխտագնացությունների կազմակերպումը դեպի Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որոնք նորոգում են հայորդիների ազգային, հոգևոր ապրումները՝ հաղորդ դարձնելով սեփական ինքնությանը և հոգևոր արժեքներին:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետը նաև անդրադարձ կատարեց Արցախում առկա իրավիճակին և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ վստահություն հայտնելով, որ հայորդիները լավատեսության ոգով և զորեղ հավատքով կհաղթահարեն բոլոր դժվարությունները։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքն ու օրհնությունը բերեց Արժանապատիվ Տ. Վարդ քահանա Գյոզալյանին նախանձախնդիր ու նվիրյալ ծառայության համար:
Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի առաքելությանն ու գործունեությանը:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ