Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն, ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ որոշումը բխում է ՀՀ վարչապետի մոտ 2022թ. հուլիսի 18-ին կայացած՝ «Կյանքի պուրակի» նախագծի քննարկման շրջանակում տրված հանձնարարականից: Մասնավորապես, առաջարկվում է ջրագիծ անցկացնել մինչև Բուսաբանական այգի, որով երկրորդ փուլով ողջ այգու տարածքում կանցկացվի համապատասխան ցանց և այն կապահովվի ջրով: Ջրագծի երկարությունը մոտ 1,5 կմ է, որը պետք է սկսվի Սարկավագի փողոցից և հասնի մինչև Բուսաբանական այգի: Նախարարը նշել է, որ ամբողջ ծրագրի արժեքը 245 մլն ՀՀ դրամ է, և քանի որ նախագծով իրականացման համար նախատեսված է մոտ 200 օր, առաջարկվում է այս տարվա համար պլանավորել աշխատանքների կեսը և հատկացնել 122 մլն ՀՀ դրամ գումար: Եթե մրցույթում հաղթող շինարարական ընկերությունները կարողանան ավելին անել, հատկացվող գումարի ծավալը կավելանա, եթե ոչ՝ գումարի մնացածը մասը կնախատեսվի մյուս տարվա բյուջեով:
Ընդգծելով «Կյանքի պուրակի» նախագծի կարևորությունը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, իրականում այս որոշումը որոշակի նախապատմություն ունի: 2020թ. 44-օրյա պատերազմից հետո մենք որոշեցինք, որ մեր նահատակների անվամբ կամ նրանց հիշատակը խորհրդանշող նոր կարգի սիմվոլ ունենանք և մտածեցինք, որ պետք է ստեղծել մայրաքաղաքում մի պուրակ, որը խորհրդանշի կյանքը և կյանքի հաղթանակը: Գաղափարի քննարկման արդյունքում եկանք այն եզրակացության, որ պետք է ուղղակի լավ պուրակ ստեղծենք, և այն նախատեսված լինի, որ երեխաները գնան, աղմկեն, խաղան, ընտանիքներով մարդիկ գնան, այնտեղ ժամանակ անցկացնեն, զբոսնեն, և դա լինի կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ ներկայացնող կարևոր խորհրդանիշը և մեր նահատակների հիշատակի ընդգծման այդպիսի՝ մի փոքր այլ մեթոդ կիրառենք: Դրա մասին բազմիցս ենք խոսել:
Երբ հողատարածք էինք փնտրում, մեզ ասվեց, որ Երևանի Բուսաբանական այգում մոտ 30 հա ամայի տարածք կա, որը չորացել է ժամանակի ընթացքում չխնամելու բերումով: Հետո այս քննարկումների ընթացքում պարզվեց, որ իրականում ամբողջ Բուսաբանական այգին կամ դրա մեծ մասն է այդ վիճակում, ինչն անակնկալ էր մեզ համար: Մենք հասկացանք, որ իրականում, «Կյանքի պուրակի» գաղափարն օգտագործելով, պետք է վերակենդանացնենք ամբողջ Բուսաբանական այգին և ծրագրի մասշտաբներն ընդլայնենք: Եվ մոտավորապես մեկ ամիս առաջ նախագծի քննարկում է տեղի ունեցել, նախագծի ընդհանուր կոնցեպտուալ մոտեցման վերաբերյալ կարծես որոշակի եզրակացության եկել ենք: Բայց այդ ընթացքում պարզվեց, որ անկախ այդ ամենից՝ կա ջրագիծ անցկացնելու խիստ անհրաժեշտություն, որովհետև Բուսաբանական այգում ոռոգման խնդիր կա: Մենք որոշեցինք սա իրականացնել շուտափույթ, այսինքն՝ առաջնային կարգով և հույս ունենք, որ հնարավորինս արագ այդ աշխատանքը կսկսվի:
Կարդացեք նաև
Ընդ որում, երբ ծրագիրն ամբողջությամբ իրականացնենք, նախ Երևան մայրաքաղաքի համար դա շատ մեծ էկոլոգիական նշանակություն կունենա, համայնքային կյանքի կազմակերպման համար մեծ նշանակություն կունենա, և ինչպես ասացի, մեր նահատակների, մեր ընկած զինվորների, եղբայրների, սպաների հիշատակի ընդգծման նոր մեթոդ կդառնա: Ես այդ մասին խոսել եմ նաև 2021 թվականին, Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ՝ խնդիրը ձևակերպելով մեկ նախադասությամբ. «Մեր նահատակներն ընկան, որ Հայաստանն ապրի»: Մենք այդ ապրելու տրամաբանությունը պետք է կարողանանք զարգացնել, որքան էլ բոլոր հնարավոր կողմերից փորձեն այնպես անել, որ դա հնարավոր չլինի: Բայց մենք պետք է գնանք այս ճանապարհով և այդ առաքելությունն իրագործենք»:
Աջակցություն հողակտորների խոշորացմանը. հաստատվել է գյուղնշանակության հողերի միավորման աջակցության 2023-2025թթ. ծրագիրը
Գործադիրն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025թթ. ծրագիրը հաստատելու մասին որոշում: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի զեկուցմամբ՝ որոշման նպատակն է 2023-2025թթ. պետական աջակցության միջոցով հողերի միավորմամբ խթանել արտադրողականության բարձրացումը և ինքնարժեքի իջեցումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, հողերի նպատակային օգտագործումը և արդյունավետ կառավարումը, գյուղատնտեսության ոլորտում ներդրումների ծավալի ավելացումը։ Մասնավորապես, նախատեսվում է 30 հա և ավելի մակերեսով հողերի միավորման և դրանցում ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման համար ծախսերը փոխհատուցել դրանց դիմաց շահառումների փաստացի կատարած վճարումների 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 200 հա մակերեսով միավորված հողերի վրա կատարված աշխատանքների համար։ Ակնկալվում է, որ միավորվող հողերի չափը կկազմի 2023թ. շուրջ 1000 հա, 2024 թ.` շուրջ 1500 հա, 2025 թ.` շուրջ 2000 հա, ընդհանուր առմամբ 4500 հա խոշորացված հողակտոր։ Ակնկալվում է, որ գյուղատնտեսության ոլորտում խոշոր ներդրումներ պլանավորող տնտեսվարող սուբյեկտները, հաշվի առնելով պետական աջակցության չափը, կարագացնեն հողակտորների խոշորացման գործընթացը:
Նշելով ծրագրի կարևորությունը՝ վարչապետն ասել է. «Գյուղատնտեսական նշանակության հողերի կտրտվածությունն այսօր ամենամեծ խնդիրներից է, եթե չասենք առանցքային, անկյունաքարային խնդիրը, որ ունենք գյուղատնտեսության ոլորտում: Անընդհատ այդ խնդրի լուծման տարբերակների մասին ենք մտածում, և պարոն Քերոբյանի ներկայացրածը տարբերակներից մեկն է: Դուք մեկ տարբերակ նշեցիք, երբ խոշոր ներդրողներն ուզում են ներդրում անել – հիմա, օրինակ, շատ ներդրողներ կան, որոնք Կառավարության աջակցությունն են ակնկալում, ասում են՝ ուզում ենք ներդրում անել, մեզ տվեք գյուղատնտեսական նշանակության, ենթադրենք, 50 հա, 100 հա հող, և մենք պարտավորվում ենք այսքան ներդրում անել: Բայց Հայաստանում Կառավարության տրամադրության ներքո 50, 100 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող առնվազն կամ չկա, կամ շատ քիչ է, և, հետևաբար, մենք ուղղորդում ենք, ասում ենք՝ գնացեք, սեփականատերերի հետ բանակցեք: Այս ընթացքում ի՞նչ խնդիր է առաջանում՝ որ ենթադրենք 100 հա հող ձեռք բերելու համար պետք է բանակցել 900 սեփականատիրոջ հետ, որոնց մի մասի գտնվելու վայրն անհայտ է, մի մասը, ցավոք, մահացել է, բայց նրանց ժառանգության իրավունքները և այլն ձևակերպված չեն: Գործնականում մարդիկ մտնում են փակուղի և հրաժարվում են ներդրումային ծրագրերից: Մենք փորձում ենք ստեղծել մոտիվացիա, որ նրանք, այսպես ասած, չհուսահատվեն այդ ճանապարհին, շարունակեն և փորձեն իրենց ներդրումային ծրագրերն իրականացնել: Սա մի ուղղությունն է:
Երկրորդ ուղղությունը գյուղատնտեսական կոոպերատիվներն են: Սա այն դեպքն է, երբ գյուղացիները հարևան հողակտորները հավաքում են, դե ֆակտո միավորում են այդ հողերն առանց սեփականության իրավունքի փոփոխության և կոլեկտիվ տնտեսություն են ձևավորում: Մենք մինչև հիմա այնքան արտոնություններ ենք այս տնտեսությունների համար ստեղծել և հիմա ավելացնում ենք ևս մեկը, որպեսզի լինի մոտիվացիա: Գյուղատնտեսական նշանակության հողերի չմշակման պատճառներից մեկը ոռոգման հետ կապված խնդիրն է: Ենթադրենք կա ոռոգման ոլորտում ներդրումներ անելու հնարավորություն: Կառավարությունը, իհարկե, ջրագծերի, ջրամբարների ոլորտում ներդրումներ է անում, բայց մենք ուզում ենք նաև մասնավոր ներդրումներ լինեն, և փոքր հողերի համար մեծ ներդրում անելու որևէ մոտիվացիա չկա, որովհետև դա հետագայում իր ծախսը, ներդրումը հետ չի բերելու: Պետք է խոշորացնենք հողակտորները, որպեսզի նաև խոշոր ներդրում անելու հնարավորություն լինի: Ընդ որում, եթե գյուղատնտեսական կոոպերատիվները ձևավորվեն, դա ներդրողներին կարող է հետաքրքրել, որ գնա, այդ կոոպերատիվի ներկայացուցչի հետ բանակցի՝ համատեղ ներդրումային ծրագիր իրականացնելու համար: Եվ սա ուղղություն է, որտեղ մենք քայլեր ենք անում և պետք է խոստովանենք, որ այդ քայլերը դեռևս արդյունք չեն տալիս, ինչը մեր գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները խորացնում է: Բայց պետք է այս ուղղությամբ շարունակենք աշխատել»:
Ընդլայնվում է Տնտեսության արդիականացման միջոցառման ոլորտների շրջանակը
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2020թ. մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման միջոցառումը հաստատելու մասին» որոշման մեջ՝ նպատակ ունենալով ընդլայնել միջոցառման ոլորտային շրջանակը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկուցել է, որ նշված միջոցառումը հաջող իրականացվում է մշակող արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների համար, որոնց առաջարկվում է թարմացնել իրենց հոսքագծերն ու սարքավորումները մինչև 10 մլրդ ՀՀ դրամի շրջանակում, և Կառավարությունը սուբսիդավորում է ֆինանսական ծախսերի մեծ մասը՝ վարկային կամ լիզինգի տոկոսները: Նրա խոսքով՝ միջոցառումն ունի արդեն 200-ից ավելի շահառու ընկերություն և 11 մլրդ ՀՀ դրամից ավելի կնքված գործարք: Որոշման փոփոխությամբ առաջարկվում է ընդլայնել ոլորտների շրջանակը՝ բացի մշակող արդյունաբերությունից, ներառել նաև հանքարդյունաբերություն և հանքերի շահագործում, տեղեկատվություն և կապ, շինարարություն, փոխադրում և պահեստային տնտեսություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն, կրթություն, առողջապահություն և բնակչության սպասարկում բնագավառները: Փոփոխությամբ նախատեսվում է նաև տնտեսության արտադրողականության բարձրացման նպատակով խրախուսել բարձրակարգ մասնագետների ներգրավումը. մասնավորապես, եթե հայկական ընկերությունները ներգրավում են բարձրակարգ մասնագետների, Կառավարությունը կսուբսիդավորի նրանց հաշվարկված աշխատավարձի 20 տոկոսը, դոկտորական աստիճան ունեցողների և ընկերությունների ներսում գիտական աշխատանքով զբաղվողների դեպքում՝ նրանց հաշվարկված աշխատավարձի 50 տոկոսը, իսկ եթե նրանք նաև դասավանդում են համալսարաններում կամ բուհերում, ապա դրանց կողմից վճարվող աշխատավարձի 70 տոկոսը:
Վարչապետն անդրադարձել է Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությանը՝ ընդգծելով պատշաճ և պարբերական հանրային իրազեկման կարևորությունը: «Կարծում եմ՝ լիզինգի ծրագիրն այն ծրագրերից է, որը բավական լավ է իրագործվում, այդ թվում գյուղատնտեսության ոլորտում, որովհետև տարբեր բնակավայրերում՝ գյուղական, թեկուզ վիզուալ արդեն երևում է թարմ տեխնիկայի առկայությունը, և դա շատ լավ իրողություն է, որը պետք է զարգացնենք: Մինչ այժմ մենք գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում լիզինգի ծրագիր ունենք, Կառավարության այս որոշմամբ մենք ընդլայնում ենք ոլորտները:
Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ուշադրություն հրավիրել հետևյալի վրա. այս ծրագրերը, որ ընդունում ենք, լավ է, բայց մեր խնդիրն է, որ ծրագրի յուրաքանչյուր պոտենցիալ շահառու իմանա դրա մասին: Մենք այս խնդիրը չենք լուծել: Գնում ենք գյուղերով, մարդկանց հետ շփվում ենք, ասում ենք՝ տեղյա՞կ եք այսպիսի ծրագրից, մարդիկ նույնիսկ չեն լսել: Պետք է մեր բոլոր պետական ռեսուրսները դնենք, մարդկանց ներկայացնենք՝ գիտնականի ծրագիրը՝ գիտնականին, գյուղացու ծրագիրը՝ գյուղացուն, շինարարի ծրագիրը՝ շինարարին, արտադրողի ծրագիրը՝ արտադրողին: Չենք անում: Մեզ թվում է՝ Կառավարության նիստում եկանք, ասեցինք, խոսեցինք, ներկայացրեցինք 10 րոպե, մարդիկ գիտեն: Այդպես չէ: Ընդունելուց հետո մեր գործը 2 ուղղությամբ պիտի գնա՝ տեղեկատվությունը հասցնել մարդկանց և մոնիթորինգ իրականացնել, թե ծրագիրն ինչպես է աշխատում, որովհետև կարող է մեկ ստորակետի պատճառով պետական կառավարման համակարգը մարդկանց շենքից շենք է ուղարկում: Չենք իրականացնում այս խնդիրը, ընդգծում եմ ՝ չի կատարվում իմ հանձնարարականը», – նշել է Նիկոլ Փաշինյանը և ևս մեկ անգամ հանձնարարել հետևողական լինել պետական ծրագրերի իրականացմանը:
Այլ որոշումներ
Գործադիրը որոշում է կայացրել «Հայաստանում միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոն՝ ICMPD» կազմակերպության կողմից հանձնված 29,005,043 ՀՀ դրամ արժողությամբ սարքավորումները ՀՀ-ին որպես նվիրատվություն ընդունելու և ՀՀ ոստիկանությանը ամրացնելու վերաբերյալ: Նշված գույքը նախատեսված է տեղադրել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում և տարածքային անձնագրային ստորաբաժանումներում` հերթերը կանոնակարգելու և աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ