ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է կարծիք՝ հանրային քննարկման դրված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ։ Նախագծի ընդունումը գնահատում ենք որպես հետքայլ պատշաճ և արդյունավետ վարչարարություն իրականացնելու սկզբունքներից։
Կարծիքում ընդգծվում է ՀՀ ժողովրդավարական պետության իրավական համակարգին ներդաշնակ, միջազգային լավագույն փորձն արտացոլող Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը։
Նախագիծը չի արտացոլում մասնավոր և հանրային շահերի ողջամիտ հավասարակշումը, բավարար հիմնավորված և պատճառաբանված չեն նախատեսվող կարգավորումները, որոնք որոշ դեպքերում հակասում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքներին։
Հակիրճ, թե ինչի մասին է նախագիծը։
Կարդացեք նաև
Նախագծով, ի թիվս այլնի, առաջարկվում է փոփոխել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նախատեսված վարչական տույժ նշանակելու երկամսյա ժամկետը՝ սահմանելով վեցամսյա ժամկետ։ Նախատեսվում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելիս վարչական իրավախախտում կատարած անձի ներկայությունը պարտադիր չի լինելու։ Առաջարկվում է Օրենսգրքի 219.1-ին հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը վարչական մարմնի կողմից իրականացնել գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական մարմինը գալիս է եզրահանգման, որ գործն անհրաժեշտ է քննել բանավոր ընթացակարգով։
Վերոնշյալ կարգավորումները հակասում են արդյունավետ վարչարարության սկզբունքներին, անձի՝ իր իրավունքներին վերաբերվող գործին մասնակցելու և լսված լինելու իրավունքին։
Անհրաժեշտ է․
1.Նախագիծը հանել շրջանառությունից,
2.Ձեռնամուխ լինել Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի ընդունմանը։
Կարծիքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ