Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվել են 2022 թվականի հուլիսի 25-28-ը Տավուշի մարզի Ազատամուտ, Բաղանիս, Կիրանց, Ոսկեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Այգեպար, Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ, Չորաթան, Բերքաբեր, Բարեկամավան, Սարիգյուղ, Կոթի գյուղերում իրականացված մշտադիտարկման այցերի արդյունքները:
Մշտադիտարկման այցերի ընթացքում ուսումնասիրվել են բնակիչներին բժշկական օգնության տրամադրման և բուժսպասարկման հնարավորություններն ու խնդիրները, բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։
Այցերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաների կրթության իրավունքի իրացման պայմանների, կարիքների, ներառական միջավայրի ձևավորման համար առկա հնարավորությունների ուսումնասիրմանը:
Այս նպատակով առանձնազրույցներ են իրականացվել բնակիչների հետ, քննարկումներ են տեղի ունեցել նախադպրոցական ուսումնական հաստատությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչների և պատասխանատուների, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Կարդացեք նաև
Այցերի ընթացքում վեր հանված անհատական և համակարգային խնդիրները քննարկվել են նաև համայնքապետարանների, վարչական շրջաններում բուժօգնություն և բուժսպասարկում իրականացնող անձնակազմերի ներկայացուցիչների, ինչպես նաև ոլորտային իրավասու մարմինների հետ։
Մշտադիտարկման այցերի արդյունքները, սույն հրապարակման պահի դրությամբ իրավասու պետական և տեղական մարմինների կողմից Պաշտպանի աշխատակազմին ներկայացված տեղեկությունների ու պարզաբանումների հաշվառմամբ, վկայում են մի շարք համակարգային խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝
1.անվտանգային ոլորտի, ինչպես նաև մարդու՝ պատշաճ և մատչելի եղանակով տեղեկություններ ստանալու իրավունքի,
2.խմելու և ոռոգման ջրի, գազի մատակարարման,
3.բնակիչների զբաղվածության ապահովման,
4.երեխաների կրթության իրավունքի, այդ թվում՝ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում բազմամասնագիտական թիմերի սղության, նեղ մասնագիտական ծառայությունների հասանելիության,
5.հաշմանդամության կարգավիճակի տրամադրման գործընթացի,
6.աջակցող միջոցների տրամադրման ընթացակարգի վերաբերյալ իրազեկվածության,
7.առողջության պահպանման իրավունքի, այդ թվում՝ վարչական շրջաններում բուժօգնություն և սպասարկում ապահովող կենտրոնների օղակների շենքային պայմանների և նյութատեխնիկական հագեցվածության, դեղորայքի և մի շարք բժշկական ծառայությունների հասանելիության,
8.յուրաքանչյուր ընտանիքի՝ փայտ հավաքելու թույլտվության տրամադրման գործող իրավակարգավորումների վերաբերյալ։
Այս և արձանագրված այլ համակարգային խնդիրների վերաբերյալ մանրամասն դիտարկումները, դրանց լուծման վերաբերյալ Պաշտպանի առաջարկները և դիրքորոշումները ներկայացվել են ՀՀ կառավարությանն ու ոլորտային իրավասու մարմիններին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին, իսկ անհատական բնույթի խնդիրները Պաշտպանի իրավասությունների շրջանակում քննարկվել և ներկայացվել են իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։
Մարդու իրավունքների պաշտպան