Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես սոցցանցերի շնորհիվ եմ հայտնի դարձել». մեկ միլիոնից ավելի հետեւորդ ունեցող բանաստեղծուհի

Օգոստոս 04,2022 14:21

Օգոստոսի 11-ին Աբխազիայի պետական ֆիլհարմոնիայում կկայանա պոեզիայի երեկո՝ «Հույզեի բարձրակետ» խորագրով, բանաստեղծուհի, դերասանուհի, ասմունքող Աննա Եղոյանի մասնակցությամբ:

«Սպուտնիկ Արմենիայի» մամուլի կենտրոնի կազմակերպած Սուխումի-Երևան տեսակամուրջի ժամանակ Աննա Եղոյանը պատմեց իր հաջողությունների մասին: «Առաջին անգամը չէ, որ Աբխազիայում ելույթ եմ ունենալու, երբ կազմում եմ այն քաղաքների ցուցակը, որտեղ պիտի ելույթ ունենամ, աբխազ հետեւորդների խնդրանքներն անպայման հաշվի եմ առնում», – ասաց նա:


Աննա Եղոյանը տեղեկացրեց, որ սովորաբար իր երեկոների ծրագրում մեծ թվով դասականների ստեղծագործություններ է ներառում, լինում են նաեւ ժամանակակից բանաստեղծների գործեր:

«Այժմ ցանկանում եմ նաեւ իմ հեղինակային գործերն էլ ներկայացնել, դրա համար էլ «Հույզեի բարձրակետ» խորագրով երեկոյի ժամանակ ոչ միայն կլինեն ժամանակակիցների ու դասականների գործեր, այլեւ իմ ստեղծագործությունները», – հավելեց բանաստեղծուհին:

Դիտարկմանը, թե տպավորություն էր, որ պոեզիայի երեկոները մնացել են անցյալում, արդյոք Եվտուշենկոյի խոսքով՝ Ռուսաստանում պոետն ավելի՞ է, քան պոետը, Եղոյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Ես համաձայն եմ այդ մտքի հետ: Երբ ես հիշում եմ, թե ինչպես են անցել նախկինում պոեզիայի երեկոները, ինձ դա հիացնում է: Ժամանակին մարդիկ գալիս էին նման միջոցառումների եւ պոեզիա վայելում, այսօր էլ, բարեբախտաբար, պոեզիան ակտուալ է: Պոեզիայի կենդանի երեկոները այսօր էլ պահանջված են՝ սոցցանցերի շնորհիվ:

Ճիշտ է, երիտասարդությունը «դուրս չի գալիս» հեռախոսների միջից, բայց նույն համացանցի շնորհիվ, մենք կարող ենք ժամանակակից սերնդին վարակել պոեզիայի եւ գրականության հանդեպ սիրով: Հենց սոցցանցերի շնորհիվ եմ ես հայտնի դարձել եւ արդեն կարող եմ նաեւ կենդանի հանդես գալ»:

Հարցին՝ տարիքային ի՞նչ շեմ ունի իր թիրախային լսարանը, Աննա Եղոյանը պատասխանեց. «Ես երբեք հետեւորդների թվի վրա հատուկ չեմ սեւեռվել, երբ տեսանյութեր էի տեղադրում, ուղղակի սիրով եւ սրտանց իմ գործն էի անում, ու չէի մտածում, որ շատ հետեւորդներ ունենամ, բայց հաճելի է, որ կան մարդիկ, որոնց դա դուր է գալիս… Իմ երեկոներին այժմ գալիս են ե՛ւ երեխաներ, ե՛ւ գրականությամբ հետաքրքրված մեծահասակներ, գալիս են տարբեր հետաքրքրությունների տեր մարդիկ, մարզիկներ, անգամ նրանք, որոնք հեռու են պոեզիայից»:

Հավելենք, որ բանաստեղծուհի, ասմունքող, դերասանուհի Աննա Եղոյանին Հայաստանում ավելի շատ ճանաչում են որպես դերասանուհի։ Նա մի քանի տարի առաջ Շուշանիկի դերն է խաղացել Շիրվանզադեի «Քաոսի» 16 մասանոց ֆիլմում։

Ռուսաստանում, որտեղ Աննան հիմա ապրում է, հայտնի է որպես բանաստեղծուհի և ասմունքող: Սոցցանցերում նա ունի մեկ միլիոն հարյուր հազար բաժանորդ։ Սա այն դեպքում, երբ նա շոու բիզնեսի ներկայացուցիչ չէ, էկրաններին այդքան էլ հաճախ չի երեւում, այլ լուրջ բանաստեղծություններ է գրում եւ ասմունքում։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Գլխավոր լուսանկարը՝ Աննա Եղոյանի ինստագրամյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031