Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրիում սկսվել է օրենքով գողերի դատավարությունը․ 60 միլիոն դրամ գրավով ազատ են արձակել հայտնի գործարարի որդուն

Օգոստոս 04,2022 14:11

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է քրեական ենթամշակույթ ունեցող անձանց ու նրանց ստեղծած խմբավորմանն աջակցածների նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունը։

Դատավորը Ռոման Սմբատյանն է, ամբաստանյալները 8-ն են։

Դատվողներից երկուսը օրենքով գողեր են՝ Սուրեն Ավետիսյանը, որը լայն շրջանակներին հայտնի է «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ, Արտյոմ Ղազարյանը՝ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկին»։ Նա օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝«Զապ Լեննականսկիի» քրոջ որդին է։

Ըստ քրգործի, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է ստեղծել և ղեկավարել։ Քրեական ենթամշակույթ ունեցող անձանցից մեկին պատկանող գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքից ու դրա շուրջ պարզաբանումներից հետո «Սուրո Լեննականսկի»-ն հանձնարարել է՝ փոխանցել բոլորին, որ խուլիգանություն կատարող անձինք պատասխան են տալու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց։

Նա հստակ դերաբաշխում է կատարել, քրգործով անցնող անձինք կատարել են նրա հանձնարարականները։

Ամբաստանյալների շարքում է Գյումրիում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, ճանաչված գործարարներից մեկը՝ Ռաֆիկ Իգիթյանը՝ «Իգիթի Ռոն» և նրա որդին՝ Աշոտ Իգիթյանը։

Ռաֆիկ Իգիթյանը քրգործում բնութագրվում է որպես «Պաշի տղա Սուրո Լեննականսկի»-ի հավաքագրած գումարների շարժի «հաշվապահությունը վարող»։ Նշենք, որ գործարար Ռաֆիկ Իգիթյանին ևս ձերբակալել էին, դատարանը, սակայն, կալանքի փոխարեն նրան գրավով ազատ էր արձակել։

Երեկ դատարանը 60 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել նաև նրա որդուն՝ Աշոտ Իգիթյանին։ Դատարանը քննել է ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու հարցը։

Դատական նիստին չի մասնակցել օրենքով գողերից մեկը՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկին». առողջական խնդիրների հետևանքով հիվանդանոցում է գտնվում: Նրա խափանման միջոցը փոխելու հարցը, բնականաբար, չի քննվել։

Ամբաստանյալների շարքում են նաև Կարեն Վարոսյանը, Էդմոն Գրիգորյանը, Ցոլակ Գևորգյանը, Վահան Տեր-Պողոսյանը։ Դատարանը երկու ամսով երկարացրել է Էդմոն Գրիգորյանի կալանքի ժամկետը, մյուսներինը՝ երեք ամսով։

ՀՀ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ անձը տարբեր անձանցից, այդ թվում «Արմավիր», «Սևան» քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոցներ է հավաքագրել։

Ըստ հարուցված քրգործի,4.595.000 ՀՀ դրամ գումար է հավաքագրվել, որն այս տարվա հունվարի 9-ին փոխանցվել է խմբավորման անդամներ Ռաֆիկ Իգիթյանի (գործարար Իգիթի Ռոյին) և Ցոլակ Գևորգյանին։

Նրանք գումարի չափի մասին հեռախոսազանգով հաշվետվություն են ներկայացրել «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ անձին։

Այնուհետև վերջինս Ռաֆիկ Իգիթյանին հանձնարարել է իր մոտ պահվող գումարներից 5000 ԱՄՆ դոլարը փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին՝ քրեակատարողական հիմնարկից ազատվելու կապակցությամբ։ Ռաֆիկ Իգիթյանը նույն օրը այն տարել է «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձի բնակության վայր։

Այնուհետև, ըստ պաշտոնական հաղորդագրության, նույն Ռաֆիկ Իգիթյանին ու խմբավորման մեկ այլ անդամի հանձնարարվել է հանցավոր աշխարհում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հոր մահվան կապակցությամբ 10.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին: Իգիթյանն էլ հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել որդու՝ Աշոտ Իգիթյանի հետ, հրահանգել գումարների պահման թաքստոցից վերցնել 10.000 ԱՄՆ դոլար և տեղափոխել իր մատնանշած վայր:

Որդին՝ Աշոտ Իգիթյանը, կատարել է հանձնարարականը, գումարը թաքստոցից վերցրել, տեղափոխել է մատնանշված վայր ու փոխանցել հորը։ Հայրը Ցոլակ Գևորգյանի հետ միասին գումարը տվել է «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին։

«Քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկությամբ՝ Ռաֆիկ Իգիթյանի բնակարանի նկուղում քողարկված և թաքստոցի մեջ պահված չհրկիզվող պահարանից հայտնաբերվել է 180.000 ԱՄՆ դոլար, Կարեն Վարոսյանի բնակարանից՝ «Բերետա» տեսակի ատրճանակ և 8 փամփուշտ, իսկ «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձի բնակարանից՝ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված», – նշված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ քրքործը հարուցվել է հեռախոսազանգերի գաղտնալսման միջոցով։

«Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականունով հայտնի անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, Էդմոնդ Գրիգորյանի, Աշոտ Իգիթյանի, Ռաֆիկ ԻգիթյանիԱրմեն Վարոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողի», Կարեն Վարոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով։

Հետաքրքրական է, որ դատական տեղեկատվական համակարգում՝ «Դատալեքս»-ում, այս քրգործի համառոտ բովանդակությունում մանրամասն շարադրված ու շեշտադրված է «Սուրո Լեննականսկիի» օրենքով գող դառնալու պատմությունը։

«Սուրեն Պավլուշի Ավետիսյանը, 1999 թվականին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Սերժիկ Տբիլիսսկի» մականվամբ Սերգեյ Յեգիևի, «Յուրա Լազարևսկի» մականվամբ Յուրա Ուսոյանի, «Գոչո» մականվամբ Տենգիզ Դումոևի, «Զապ Լեննականսկի» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Դեդ Հասան» մականվամբ Ասլան Ուսոյանի և «Մարսո Արարատսկի» մականվամբ Մարզպետունի Պետրոսյանի կողմից «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և «գողական աշխարհում» հայտնի դառնալով որպես «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» և հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը, կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը, 2021 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ շարունակելով պահպանել «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, ղեկավարել է իր կողմից ստեղծված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը՝ դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու միջոցով։ Մասնավորապես՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը (խնդիրը) լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տվել է հանձնարարություններ, ինչպես նաև իր հեղինակությունն օգտագործելով՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ», – գրված է «Դատալեքսում»:

Դատական նիստին մասնակցածների վկայությամբ՝ դատարանը լեփ-լեցուն է եղել․ «Գյումրու կեսն այնտեղ էր», նաև խիստ հսկողություն է սահմանվել, մեծ թվով ոստիկանական խմբեր են կուտակել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031