«Դոլար եւ եվրո կանխիկացնելիս պահումներ անելու քաղաքականության հետ համաձայն եմ, քանի որ Հայաստանը պետք է ավելի ու ավելի շատ սկսի կիրառել քաղաքակիրթ աշխատանքի կանոնները եւ մեր ընկերությունները պետք է կանխիկից հրաժարվելու քաղաքականություն որդեգրեն», – այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով դոլար կամ եվրո կանխիկացնելու դեպքում 3% պահումների՝ ԿԲ որոշմանը։
Ըստ նախարարի, կանխիկով աշխատող ընկերությունները ի սկզբանե ոչ թափանցիկ են. «Երբ խոսում ենք մրցունակության, արտադրողականության մասին, ապա թափանցիկ աշխատանքն առաջին նախապայմաններից է, որի շնորհիվ ընկերությունները կարող են ներգրավել լավ, տաղանդավոր մարդկանց, աշխատեն իրենց հետ։ Թափանցիկ գործելակերպ, թափանցիկ գործելաոճի համակարգ, թափանցիկ կառավարման համակարգ, այս ճանապարհը բարդ է, բայց պետք է անցնենք դրանով, որովհետեւ հակառակ դեպքում մենք կմնանք ցածր արտադրողական եւ վատ կառավարվող ընկերությունների մեջ»։
Քերոբյանն ասաց, որ չնայած ԿԲ այս քաղաքականության հետ համաձայն է, բայց դա չի նշանակում, որ բոլոր գործիքների հետ ամբողջությամբ համաձայն է. «Մենք անընդհատ քննարկումների մեջ ենք ԿԲ մեր գործընկերների հետ, այս կամ այն հարցերը, որոնք անհնար են ընդհանուր ճանապարհով լուծել, փորձենք լուծումներ տալ եւ ապահովել համապատասխան աշխատանքն այդ ընկերությունների համար։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց կավարտենք կանխիկի դարաշրջանը, ինչը տեղի է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում, եւ կաշխատենք ավելի թափանցիկ միջավայրում եւ ավելի բարձր արտադրողականությամբ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ