Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։
Նախարար Միրզոյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակին: Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը, հերթական անգամ խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի տասնինը զինծառայող վիրավորվել է, երկուսը՝ զոհվել:
ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծել է, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես և անթաքույց կերպով ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը, ինչի վառ ապացույցն են Ադրբեջանի պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները, ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի կողմից արձանագրված խախտումները:
Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային նախորդել էր Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության փոխանցման վերաբերյալ ռուսական խաղաղապահ անձնակազմին ներկայացված նամակը, համաձայն որի ադրբեջանական կողմը նախատեսում է փոփոխել ներկայումս գործող Լաչինի միջանցքով անցնող երթուղին, ինչը հանդիսանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում, քանի որ հայտարարության 6-րդ կետը հստակ սահմանում է, որ կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում պետք է որոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, մինչդեռ եռակողմ ձևաչափով հաստատված նման պլան չկա:
Կարդացեք նաև
Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող ջանքերին Ադրբեջանի իշխանությունները պատասխանում են հայատյաց հռետորաբանությամբ, ագրեսիվ հայտարարություններով, ուժի կիրառման անթաքույց սպառնալիքներով։ Նա անընդունելի է համարել ադրբեջանական կողմի՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականությունը:
ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած և դեռևս չլուծված հումանիտար խնդիրներին՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմը միջազգային հումանիտար իրավունքի դրույթների խախտմամբ շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից լիազորված միակ միջազգային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:
Ընդգծվել է նաև, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հայկական կողմի օրակարգին աջակցելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության համակարգված և միահամուռ օժանդակությունը:
ՀՀ ԱԳՆ