ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային ուղեկցող Toyota RAV 4 մոդելի ամենագնաց երեք ավտոմեքենա ձեռք բերելու մասին կառավարության որոշումն ուժը կորցրած ճանաչվեց։ Այս մասին որոշման նախագիծն այսօր հաստատվեց կառավարության նիստում որպես չզեկուցվող հարց։
Որոշումն, այսպես ասած՝ չեղարկվեց, քանի որ, ինչպես որոշման հիմնավորման մեջ է նշված՝ ներկրող «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ն, պայմանավորված արտաքին գործոններով, մասնավորապես՝ ՌԴ-ում տիրող իրավիճակով եւ կիրառվող պատժամիջոցներով, չի կարողանում ներկրել ՀՀ ԱԺ-ին անհրաժեշտ տեխնիկական պարամետրերով ավտոմեքենաները։ «Ուստի, ՀՀ Ազգային ժողովը նպատակահարմար է համարում ձեռնպահ մնալ վերոնշյալ մեքենաների գնման գործընթացից», – գրված է փաստաթղթում։
Ըստ նույն որոշման, ավտոմեքենաների գնման համար նախատեսված 54 մլն դրամն ուղղվելու է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ