ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով այսօր հրավիրված հրատապ դատական նիստում նրա պաշտպանները միջնորդեցին խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով՝ հաշվի առնելով առողջական վիճակի վատթարացումը։ Աղվան Հովսեփյանին դատական նիստին չէին ներկայացրել, նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո։
Հովսեփյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը դատարանին ներկայացրեց փաստաթղթեր եւ բժշկական տեղեկանքներ այն մասին, որ Աղվան Հովսեփյանի մոտ ի հայտ են եկել նոր հիվանդություններ, արձանագրվել է առողջական վիճակի վատթարացում, եւ կալանքը համատեղելի չէ այս իրավիճակի հետ։ Ալեքսանյանի խոսքով՝ 11-ամսյա կալանքը վատթարացրել է Հովսեփյանի առողջական խնդիրները, նա կարող է կոմայի մեջ ընկնել։
Կարդացեք նաև
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, հայտարարեց, որ նշվածը նոր հանգամանքներ չեն համարվում, պետք է սպասել արդեն իսկ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքներին։ Նա մերժեց կալանքը գրավով փոխարինելու պաշտպանական կողմի միջնորդությունը։
Աղվան Հովսեփյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը դիմեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին․ «Ասում ենք՝ մահամերձ է, կարող է կոմայի մեջ ընկնել, իսկ դուք ասում եք, թե ոչինչ, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Ո՞վ է մեղավոր։ Նա, ով կալանքի տակ է պահում Աղվան Հովսեփյանին։ Ձեր մեկնաբանություններն աբսուրդ եմ համարում ձեր պրոֆեսիոնալիզմի պայմաններում։ Սա վկայում է այն մասին, որ դուք այստեղ ուրիշ խնդիր եք կատարում»։
Դատավորն արձագանքեց, որ Աղվան Հովսեփյանի ծանր հիվանդության մասին եզրակացություն այս պահին չկա, եզրակացությունը տարբերվում է պաշտպանների կողմից ներկայացրած՝ բժիշկների տված տեղեկանքներից։ Պաշտպանական կողմին այս բացատրությունը վրդովեցրեց։
«Այն փորձաքննությունը նկատի ունեք, որ նշանակել եք, ու որը մի ամիս է՝ հանձնաժողով է ձեւավորո՞ւմ։ Դուք այստեղ անելիք չունեք։ Եթե բժիշկներն ասում են, որ կյանքին վտանգ է սպառնում, պետք է ընդունեք, որ կյանքին վտանգ է սպառնում։ Ասում եք՝ բժիշկների կարծիքն է։ Բա ո՞ւմ կարծիքը լինի, ո՞ւմ կարծիքն եք ուզում։ Աղվան Հովսեփյանը 88թ․-ից շաքարային դիաբետ ունի, որի մասին միայն մտերիմներն են իմացել։ Իսկ այսօր գիտենք բոլորս, որովհետեւ կալանքի պատճառով վիճակը վատթարացել է», – ասաց Հովսեփյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Ի նշան բողոքի՝ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լքեց դատական նիստերի դահլիճը, ինչին ի պատասխան դատավոր Մարտիրոսյանը նրա հանդեպ սանկցիա կիրառեց՝ նկատողության տեսքով։ Պաշտպանական կողմն բացարկ հայտնեց Մնացական Մարտիրոսյանին։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո Մնացական Մարտիրոսյանը բացարկ չհայտնեց։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ