Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ․ «Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը եւ երթեւեկել դեպի Նախիջեւան, բայց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»

Օգոստոս 04,2022 12:45

«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրադրության սրմանը գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ Մ-12 ճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց։ Այս պայմաններում Ադրբեջանի կողից սրացման գնալը մի նպատակ ունի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը», – այս մասին այսօր կառավարության նիստում անդրադառնալով  ԼՂ-ում իրավիճակին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ ՀՀ-ն եռակողմ հայտարարության իր բոլոր պարտավորությունները կատարել է, Ադրբեջանն էլ պետք է կատարի իր երեք պարտավորությունները՝ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված՝ Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, պիտի հարգի Լեռնային Ղարաբաղում շփման գծի առկայությունը եւ պիտի հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը ՀՀ–ի հետ ԼՂ կապը ապահովող կարեւորագույն ինստիտուտն  է։

«Պարտավորությունների մասին խոսելիս՝ Ադրբեջանն ասում է, որ ՀՀ-ն պարտավորվել է Ադրբեջանի արեւմտյան շրջանի եւ Նախիջեւանի կապն ապահովել։ Այո, մենք այս ընթացքում ամեն օր էլ պատրաստ ենք ապահովել, Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորություններից։ Մենք այսօր էլ ասում ենք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եկեք հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջեւան։ Հենց այսօր պատրաստ ենք ապահովել», – նշեց Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ դեռեւս նախորդ տարվանից ՀՀ մաքսային եւ սահմանային ծառայության կետ կա, եւ ՀՀ-ն Ադրբեջանին ասել է՝ ցանկացած պահի այդ կետերը կարող են հատել եւ կապ հաստատել Նախիջեւանի հետ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

«Ինչ վերաբերում է նոր կառուցվող ճանապարհներին, եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ, եւ մենք ասում ենք, որ այդ ճանապարհների երթուղին համարում ենք երկրորդ հարցը։ Ես այսօր պաշտոնապես ասում եմ՝ Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը եւ երթեւեկություն իրականացնել դեպի Նախիջեւան։ Եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արեւմտյան շրջանների կապը Նախիջեւանի հետ։ Նախիջեւանի ամենաարեւմտյան մասը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան հատեն, գնան Նախիջեւան, մենք երաշխավորում ենք այդ երթեւեկության անվտանգությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Բայց միայն Ղազախ-Իջեւան հատվածով չէ, Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում կարող ենք դա ապահովել, Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում կարող ենք ապահովել, Գորիսի հատվածում, որտեղ վաղուց մաքսային ծառայության կետ ունենք, բայց Ադրբեջանը երբեք չի օգտվել», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարության մեջ ասվում է,որ ազատ տեղաշարժ պետք է տեղի ունենա․ «ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ 2020-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի գրավումը եւ հայ զինծառայողների գերեվարումը ռուս խաղաղապահների ներկայությամբ եւ թողտվությամբ, 2022-ի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական եւ ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես եւ հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են:

Նա ասաց, որ խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը․ «Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց: Բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ Հայաստանը դա արել է հենց 2020-ի նոյեմբերին, եւ մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով»:

Փաշինյանի խոսքով․ «Մեր կարծիքով Հայաստանի եւ Ռուսաստանի ստորագրությունը բավարար են այդ խաղաղարար մանդատն ամբողջությամբ իրագործելու համար: Իսկ եթե ոչ, ապա պետք է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ  խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031