Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունը ոչ մի առիթ բաց չի թողնում՝ Ալիեւին հավաստիացնելու, որ իր հրահանգները կատարվում են. Հակոբ Հակոբյան

Օգոստոս 04,2022 12:51

Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանը

– Նախօրեին Արցախի սահմանների տարբեր հատվածներում ռազմական էսկալացիայի ֆոնին, Արցախում ծառայություն իրականացնող հայաստանցի զինծառայողներին հապշտապ տեղափոխել են Հայաստան: Իհարկե, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, Հայաստանից Արցախ զորակոչ չի իրականացվել եւ վերջին զորակոչվածների ծառայության ժամկետներն արդեն այս տարվա օգոստոսի 31-ը ներառյալ, լրանում էր, սակայն, այս մեկ ամիսն անգամ չհամբերելն ինչո՞վ կբացատրեք:

– Մեկուկես տարի է արդեն, որ Հայաստանից զորակոչված զինծառայողների ծառայության ժամկետը լրանալուց հետո նրանք զորացրվում են եւ նոր զորակոչ չէր լինում: 2020 թվականին զորակոչվածների ծառայության ժամկետը լրանում է արդեն 2022-ի հուլիս-օգոստոսին. կոնկրետ տեղեկություն չունեմ, բայց, կարծում եմ, որ տեղափոխությունը կապված է զորակոչի ժամկետի ավարտի հետ:

Բայց որ հայաստանյան իշխանությունները, վերջին շրջանում ոչ մի առիթ բաց չէին թողնում, որպեսզի Ալիեւին հավաստիացնեն, որ իրենք Ալիեւի հրահանգները կատարում են՝ դա փաստ է եւ բոլորն են տեսնում: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունն էլ՝ Արցախից հայկական ուժերի դուրս բերման մասին, այդ համատեքստում է: Իսկ թե արդյոք, վերջին օրերին հայաստանցի զինծառայողներն այդպես հապշտապ հանվել են Արցախից, ես չունեմ նման հստակ տեղեկություն:

-Պաշտոնապես չի հայտարարվում, սակայն կան հստակ տեղեկություններ:

-Գիտեք, ընդհանուր առմամբ, հայաստանյան իշխանությունների վարքագծի վերաբերյալ, մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ թշնամու պահանջներն անվերապահորեն կատարելը խաղաղության գրավական չէ, այլ հակառակը՝ ավելի է մեծացնում թշնամու ախորժակը: Բայց այսօր, մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները հլու-հնազանդ կատարում են թշնամու պահանջները եւ, կարծում եմ, որեւիցե նոր բան այս առումով չեն անում կամ զարմանալու առիթ, իրենք չեն տալիս:

– Իսկ վերջին օրերի ռազմական էսկալացիան ինչո՞վ կբացատրեք, Արցախում անգամ մասնակի զորահավաք հայտարարվեց. խնդիրը Բերձորն ու հարակից բնակավայրերը հանձնելո՞ւ, Լաչինի միջանցքով երթեւեկությունը կազմակերպելո՞ւ, թե՞, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հետ է կապված:

– Մենք բազմիցս ասել ենք՝ չկա առանձին Արցախի հարց, չկա առանձին Հայաստանի հարց, կա մեկ հայկական հարց եւ աշխարհն էլ այդ տեսանկյունից է դիտարկում: Որքան էլ մենք ցանկանանք տարանջատել, ինչպես էլ ՀՀ իշխանություններն են ցանկանում Հայաստանի հարցը առանձնացնել Արցախի հարցից՝ չի ստացվելու, աշխարհը մեզ դիտարկում է իբրեւ մեկ ամբողջություն: Եվ բնական է նաեւ, Ալիեւի ցանկացած գործողություն՝ բոլոր իր պահանջները, միտված են մեկ օր առաջ հարցը լուծելուն: Այսինքն, վերջին 2-3 օրերի իրադարձությունների այս տրամաբանության մեջ են: Ալիեւն ամեն ինչ անում է, որպեսզի իշխանությունների եւ ժողովիդի մեջ սերմանի վախ՝ եթե իմ պահանջները չկատարեք, կունենաք այսպիսի իրավիճակ: Որքան ժամանակ մենք շարունակենք հագուրդ տալ թշնամու ցանկություններին, այդքան ժամանակ Ալիեւը ուժեղացնելու է ոչ միայն իր հռետորաբանությունն այլեւ գնալու է այսպիսի սադրանքների:

– Ուշագրավ էր, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն օրեր առաջ հայտարարեց՝ Ադրբեջանի պահանջը՝ Լաչինի միջանցքով երթեւեկությունը նոր ճանապարհով փոխարինելու վերաբերյալ, լեգիտիմ չէ:

– Երեկ ՀՀ ԱԳ նախարարությունն էլ նույնաբովանդակ հայտարարություն տարածեց եւ, ես կարծում եմ, որ սա պատասխանատվությունն իրենց վրայից այլ տիրույթ տեղափոխել է. ճանապարհների մասին խոսակցությունները չէին սկսվել 2-3 օր առաջ: Զարմանալի է, որ ՀՀ ԱԳՆ-ն խոսում է նախագիծ չլինելու մասին, երբ ՀՀ կառավարությունը մրցույթ է հայտարարել այդ ճանապարհի մի հատված կառուցելու վերաբերյալ. (Տարածքային կառավարման նախարարությունը տեղեկացրել էր, որ Մ-12 Կոռնիձոր-Արցախի հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերակառուցման նպատակով իրականացվում են նախագծման աշխատանքներ։ ՀՀ կառավարության 30.06.22 թ. թիվ 1005-Ն որոշմամբ նշված ավտոճանապարհի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման եւ դրանց փորձաքննության համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել են միջոցներ, իսկ աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին- Ն. Գ.): Միանշանակ, ինձ համար պարզ է, որ ՀՀ իշխանություններն այս ճանապարհի հետ կապված խնդիրներից փորձում են իրենց վրայից պատասխանատվությունը գցել:

– Իսկ ո՞ւմ վրա են դնում այդ պատասխանատվությունը:

-2020 թվականի պատերազմից հետո, մեզ համար պարզ է դարձել, որ հայաստանյան իշխանությունները իրենց ոչ հայանպաստ գործունեությունը թաքցնելու համար, պատրաստ են բոլորին դարձնել մեղավոր, միայն թե իրենք չլինեն մեղավորը. նրանք պատասխանատվությունը դնելու են ե՛ւ ռուսական կողմի վրա, ե՛ւ խաղաղապահների վրա, ե՛ւ Ադրբեջանի վրա, կսկսեն մեղադրել նաեւ արցախյան իշխանություններին, պատրաստ են բոլորին մեղադրել, միայն թե մի քանի օրով երկարացնեն իրենց իշխանավորումը: Կարծում եմ, մեծ հաշվով, իրենց համար տարբերություն չկա՝ ո՞վ է մեղավոր, կարեւորը՝ իրենք չլինեն մեղավորը:

– Արցախում լարվածության ֆոնին, ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմաններում իրավիճակը հանգիստ է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մեկնել էր արձակուրդ եւ շարունակեց վայելել իր արձակուրդը. այս մասին ի՞նչ կասեք:

– ՀՀ իշխանությունները Արցախը չեն դիտարկում որպես Հայաստանի մաս, չեն դիտարկում որպես հայաստանյան պատասխանատվության գոտի եւ բնական է, որ ԱՀ տարածքում եղած իրադարձություններն իրենք չեն դիտարկում որպես հայ-ադրբեջանական շփման գոտի: Հավանաբար, մտածում են, որ Սոթք-Քարվաճառ հատվածում պետք է լինի սրացումը, որպեսզի դա դիտարկեն, որպես հայ-ադրբեջանական շփման գիծ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ. Հարցազրույցն արդեն պատրաստ էր, երբ մեկնարկեց ՀՀ կառավարության հերթական նիստն ու Նիկոլ Փաշինյանի այս թեմայով հայտարարություն արեց, անդրադառնալով հարցի տարբեր հարթություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031