Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ համայնքում բիզնես հիմնելու պատճառն անարդարությունն էր. այս բնակավայրերի մասին հիշում էին միայն սահմանային միջադեպերի ժամանակ. JAMnews

Օգոստոս 04,2022 11:33

JAMnews. 2020թ.-ի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սահմանները փոխվել են, արդյունքում մի շարք համայնքներ ստացել են սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ:

Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի սահմանամերձ համայնքներում հյուրատներ ու գաստրոբակեր հիմնած գործարարները պատմում են, թե ինչու են որոշել աշխատել այնտեղ, ուր ոչ միայն հեշտ չէ ապրել, այլև անվտանգ չէ։

Սահմանամերձ համայնքում բիզնես հիմնելու գաղափարը երևանաբնակ Գարիկ Փայտյանի մոտ առաջացել է տարիներ առաջ: Ասում է՝ պատճառն անարդարությունն էր. սահմանին մոտ գտնող բնակավայրերի մասին հիշում էին միայն սահմանային միջադեպերի ժամանակ, ինչն անընդունելի էր համարում:

«Ես ուզում էի, որ շեշտն ավելի շատ դրվեր տարածաշրջանի հնարավորությունների, պոտենցիալ ներդրումային ծրագրերի վրա։ Բայց փոխարենը սահմանամերձ համայնքների մասին խոսում էին միայն կրակոցների դեպքում, օգնություն խնդրողի կարգավիճակով: Ես իմ ծննդավայր Նորաշենում ինչ-որ բան փոխելու մեծ ցանկություն ունեի: Եվ իմ բիզնես գաղափարն ամբողջությամբ այդ ցանկության վրա էր հիմնված, ոչ թե հստակ հաշվարկված բիզնես նախագծի»,- ասում է Տավուշի մարզի Նորաշեն գյուղում գաստրոբակի ու հյուրատան համահիմնադիր Գարիկ Փայտյանը:

Բացատրում է՝ տասնամյակներ շարունակ Տավուշի սահմանամերձ համայնքները  փակ շղթայի մաս են կազմել, ուր զբոսաշրջիկը չի այցելել, որովհետև գիշերակացի ու զբոսաշրջային այլ ծառայությունների առաջարկներ չեն եղել։ Իսկ պոտենցիալ ներդրողները ներդրում չեն կատարել զբոսաշրջիկների չայցելելու պատճառով: Գարիկի հիմնած «Զորակ» հյուրատունը առաջինն էր տարածաշրջանում։

«Պետք էր մեկը, որ այդ շղթան ճեղքեր: Իմ կարծիքով, դա մենք ենք եղել, որքան էլ անհամեստ հնչի: Եվ հենց մեր օրինակը տեսնելով՝ այսօր տարբեր մարդիկ ներդրում են կատարում և հյուրատներ են բացում հարակից տարածքներում»,- ասում է Գարիկը:

Հայրական գյուղից՝ Նորաշենից, 12 տարեկանում ընտանիքի հետ հեռացած Գարիկի համար վերադարձն ակունքներին անհրաժեշտություն էր, ընտանիքի համար՝ հետքայլ:

«Ընտանիքս գյուղից դուրս է եկել ավելի լավ կյանքի ակնկալիքով։ Եվ նրանք, բնականաբար, դեմ էին իմ հետ վերադառնալուն: Մտածում էին, որ դա  հետքայլ է: Ես այս քայլն արել եմ հայրենասիրությունից, սոցիալական պատասխանատվությունից դրդված։ Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մեր հյուրատուն-գաստրոբակը դառնալու է աշխատող, շահութաբեր բիզնես»,- ասում է Գարիկը:

Նրա կարծիքով՝ զբոսաշրջության զարգացումը լավագույն ճանապարհն է հեռավոր սահմանամերձ գյուղերում կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու ու երիտասարդներին այստեղ պահելու համար:

Համոզված է՝ այն կարող է դառնալ սահմանակից համայնքների ամրացմանը միտված լավագույն մոդելը, եթե, իհարկե, պետության մասնակցության ու հոգածության չափաբաժինն այս մասով ավելանա․

«Այն, ինչ մենք արել ենք մինչև հիմա, կարծում եմ, պետք է աներ կամ համայնքը, կամ պետությունը: Ցավոք, ո՛չ համայնքը, ո՛չ պետությունը մեր տարածաշրջանում զբոսաշրջությունը որպես առաջնահերթություն չեն դիտարկում, և այս առումով շատ քիչ բան է արվում»:

Սահմանամերձ համայնքների համար ենթակառուցվածքների բարելավումը Գարիկը համարում է հրատապ խնդիր․«Լավագույն բանը, որ պետությունը կարող է անել տարածաշրջանի համար, տեղի բնակչի ու զբոսաշրջիկի կյանքը հեշտացնող ճանապարհի կառուցումն է: Խոսքը Բերդ, ճամբարակ, Իծաքար, Գանձաքար ճանապարհի մասին է։ Այն ճանապարհը, որն այժմ ասֆալտապատ է, ամենաերկարն է, ամենաոլորապտույտը և սահմանին ամենամոտը: Այսինքն, բոլոր հնարավոր ճանապարհային տարբերակներից ամենաանհարմարն է ընտրվել ասֆալտապատելու համար։ Նորաշենը նաև ջրի լուրջ խնդիր ունի: Կեցության տարրական անհրաժեշտություն ներկայացնող այս ու նմանատիպ այլ հարցեր տարիներ շարունակ լուծում չեն ստանում»:

Գործարարի դիտարկմամբ՝ չլուծված բոլոր խնդիրների հիմքում մեկ պատճառ կա՝ չկա երկարաժամկետ զարգացման իրականանալի ռազմավարություն․«Չեն դիտարկվում հնարավորությունները, դրանց շուրջ ծրագրեր չեն մշակվում, միայն առաջացած խնդիրներին իրավիճակային լուծումներ են տրվում: Երկարաժամկետ մոտեցում չկա, համենայն դեպս մեր տարածաշրջանում: Իսկ այն, ինչ կա, թղթի վրա ձևական բաներ են, որոնք կամ չեն իրականացվում, կամ հնարավոր չէ իրականացնել»:

Երիտասարդ գործարարը շեշտում է՝ սահմանամերձ համայնքներին պատշաճ ուշադրության արժանացնելու դեպքում թե՛ բնակիչները, թե՛ ներդրողները չեն լքի դրանք:

Գայանե ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ Վիկիպեդիայից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031