Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւին ստիպում են 2-րդ ճակատ բացել ՌԴ-ի դեմ…»՝ անհեթեթ ու ծիծաղելի վարկածի մասին

Օգոստոս 04,2022 11:11

Այն, ինչ տեղի է ունենում Արցախում՝ 44-օրյայի՝ ռուս-ադրբեջանական իրավական հիմքով առավել կարգավորված դիվերսիան է

«Ալիեւին ստիպում են 2-րդ ճակատ բացել ՌԴ-ի դեմ…», սա վերջին օրերին Արցախում ռուսական հանցավոր անգործությունն ու անտարբերությունը արդարացնող հայկական ազգանուններով անձանց միակ գնահատականն է:

Բոլոր նրանք, ովքեր մտքի այս անհեթեթ «փայլատակմամբ» են հանդես գալիս՝ չունեն պատասխան մի տրամաբանական հարցի, այդ դեպքում՝ ինչո՞ւ են այս օրերին լռում Ռուսաստանի «հայամետ» փորձագետները, մեկնաբանները: Չէ՞, որ եթե իսկապես նրանց գնահատականը ճշմարտությանը մոտ է, ռուսաստանցի «հայամետները» մի քանի օր արդեն ի լուր աշխարհի պետք է խոսեին ԼՂ-ում հայերի դեմ ալիեւյան նոր, բայց լիովին սպասելի սադրանքի մասին:

Իսկ ինչո՞ւ Ռուսաստանի «հայամետները» չեն խոսում… Որովհետեւ ռուս-ադրբեջանական միջպետական դաշտում ամեն ինչ իրավական տեսանկյունից կարգավորվել է այնպես, որպեսզի Ռուսաստանը չունենա որեւէ իրավական հիմք ԼՂ-ի հայերի իրավունքների, անվտանգության հարցում կտրուկ գործողություններ իրականացնելու:

Այսինքն՝ Մոսկվայի անտարբերության, լռության հիմքերն ապահովված են՝ թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանության, թե՛ տեղեկատվական անվտանգության հարցում՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: Այն, ինչ տեղի է ունենում Արցախում վերջին օրերին՝ 44-օրյայի՝ ռուս-ադրբեջանական իրավական հիմքերով առավել կարգավորված դիվերսիան է:

Խոսենք փաստերով: Հունիսի վերջին ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերություններին գումարվեց եւս մի կարեւոր ոլորտում միասնական գործունեության, աշխատանքների համակարգման համար ուղղություն: Հունիսի 24-ին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջկառավարական համաձայնագիր ստորագրվեց՝ «Միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության» մասին:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ադրբեջանցի իր գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ավարտին Բաքվում նշեց, որ Մոսկվան ու Բաքուն մտադիր են խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանում ռուսական լրատվամիջոցների եւ Ռուսաստանում ադրբեջանական լրատվամիջոցների աշխատանքի շուրջ. «Մենք միջոցառումների հատուկ շարք կանցկացնենք երկու կողմերի առաջատար լրատվամիջոցների ղեկավարների, այդ թվում՝ սոցցանցերի սեփականատերերի միջեւ եւ անկեղծորեն կխոսենք այն մասին, թե ինչպես ենք լուսաբանում միմյանց տարածքում կատարվող իրադարձությունները՝ ելնելով համապատասխան օրենքներից»։ Հենց Բաքվում, նույն օրը Լավրովն իր պարտքը համարեց շեշտել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցը չի քննարկվել, «որովհետեւ այն դադարեցրել է իր գործունեությունն ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ»։ Իսկ այն, որ Վաշինգտոնից հայտարարել էին, որ պատրաստ են հանուն ԼՂ-ի խնդրի համագործակցել Ռուսաստանի հետ՝ ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում, այդ թեմայով, բնականաբար, Լավրովը Բաքվում ոչինչ չէր էլ կարող ասել, որովհետեւ դա կհակասեր՝ ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններին:

Ինչեւէ, անցնենք ռուս-ադրբեջանական դաշինքի պարտավորությունների թեմային, որը «հիմնավորում» է Ռուսաստանի այսօրվա պահվածքը ԼՂ-ում տեղի ունեցողի մասով: Երկու իրադարձություններ ամբողջապես վերջակետ են դնում հայկական ազգանուններով անձանց՝ «Ալիեւին ստիպում են 2-րդ ճակատ բացել ՌԴ-ի դեմ» պատճառաբանության վրա, որն, իր հերթին, Ռուսաստանի թուլությունն ու անճարությունն էլ է ի ցույց դնում, եւ որպես գերտերություն՝ նրա համբավը սեւացնում, եթե իսկապես հավատանք այդ վարկածին:

Փետրվարի 22-ին Պուտինն ու Ալիեւը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին, որով Մոսկվան ու Բաքուն պայմանավորվեցին այսուհետ դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ անվտանգության եւ կայունության ապահովման նպատակով: «Անվտանգության ապահովման, խաղաղության ու կայունության պահպանման նպատակով Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը կարող են դիտարկել փոխադարձ ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի վրա եւ հաշվի առնելով գործող միջազգային իրավունքը»,- ասվում էր ռուս-ադրբեջանական դաշնակցային համագործակցության մասին հռչակագրում։ «Կողմերը ձեռնպահ են մնում միմյանց դեմ ուղղված ցանկացած գործողությունից՝ այդ թվում երրորդ պետությունների միջոցով իրականացվող»,- ասվում էր փաստաթղթում։ 43 կետանոց հռչակագրի որոշ կետեր՝ ուղղակի սպառնալիք են ընդդեմ Հայաստանի ու Արցախի, սակայն այդ մասին հայկական ազգանուններով Մոսկվայի ցանկացած գործողություն եւ անգործությունն արդարացողներն, իհարկե, չեն «նկատում»:

Նախ, ռուս-ադրբեջանական հռչակագրի առաջին կետում ասվում է, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը իրենց հարաբերությունները կառուցում են՝ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունը: Հռչակագրի 6-րդ կետում ՌԴ-ն ու Ադրբեջանը իրենց պատրաստակամությունն են ընդգծում հրատապ խորհրդակցություններ անցկացնել այնպիսի իրավիճակների դեպքում, երբ՝ կողմերից մեկի կարծիքով, կարող է վտանգ լինել իր երկրի խաղաղությանը, խախտել խաղաղությունը կամ ազդել մեկի անվտանգության շահերի վրա, ինչպես նաեւ՝ դրա կարգավորման նպատակով նման իրավիճակի սպառնալիքի դեպքում: Հռչակագրի 11-րդ կետում ՌԴ-ն ու Ադրբեջանը վճռականորեն ճնշում են իրենց տարածքներում այնպիսի կազմակերպությունների եւ անձանց գործունեությունը, որոնք ուղղված են ընդդեմ մյուսի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։ Իսկ ահա հռչակագրի 18-րդ կետով՝ ՌԴ-ն եւ Ադրբեջանը միավորում են իրենց ջանքերը՝ հակազդելու եւ չեզոքացնելու միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ անջատողականության, կազմակերպված հանցավորության, զենքի, թմրամիջոցների եւ դրանց ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի եւ հանցագործությունների դեմ պայքարում։

Այս իրավական հիմքով ՌԴ-ն կարո՞ղ էր ցանկություն ունենալ՝ ԼՂ-ում ընդդեմ ադրբեջանական շահի գործողություններ իրականացնել: Եվ ընդհանրապես՝ ո՞վ է «Ալիեւին ստիպում 2-րդ ճակատ բացել ՌԴ-ի դեմ…», եթե Մոսկվան է ինքնակամ նման հռչակագիր ստորագրել Բաքվի հետ՝ ամրացնելով ռուս-ադրբեջանական դաշինքը, այն դարձնելով՝ ռազմավարական: Մոսկվան ու Բաքուն, ընդամենը, պայմանագրերով ստանձնած պարտավորություններ են կատարում, ուրիշ՝ ոչինչ:

Երկրորդը, ի՞նչ էր ենթադրում մեկ ամիս առաջ Լավրովի ու Բայրամովի ստորագրած միջկառավարական համաձայնագիրը՝ «Միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության» մասին: Սա արդեն ռուսական լրատվամիջոցներում հայկական լոբբիի հակաադրբեջանական գործունեությունն արգելափակելու հստակ հիմք էր: Ադրբեջանական ռեսուրսներում անմիջապես վերլուծություններ հայտնվեցին այն մասին, որ ստորագրված փաստաթղթով խոչընդոտներ կստեղծվեն՝ «Հայաստանի եւ ղարաբաղցի անջատողականների համար՝ օգտագործելու ռուսական տեղեկատվական տարածքի հնարավորություններն ընդդեմ Ադրբեջանի»։ Լավրովի ու Բայրամովի ստորագրած համաձայնագիրը գնահատվեց որպես հարված, ուղղված՝ «Հայաստանին ու անջատողականներին ռուսական լրատվամիջոցներում»։ Ադրբեջանցի փորձագետների դրական գնահատելով ռուս-ադրբեջանական հերթական նոր՝ հակահայկական փաստաթղթի ստորագրումը, միաբերան կրկնում էին, որ համաձայնագրի ստորագրումը կկանխի Հայաստանի եւ ղարաբաղյան անջատողականների կողմից ռուսական լրատվական հարթակի օգտագործումն Ադրբեջանի դեմ։

Ահա, թե ինչու «ՌԻԱ Նովոստի»-ից անհետացավ Արցախի պետնախարարի հարցազրույցը: Ահա, թե ինչու Արցախի արտգործնախարարի հետ հարցազրույց վարելու համար Վլադիմիր Սոլովյովը 24 ժամվա ընթացքում երկու անգամ՝ իր յութուբյան ալիքում, ապա՝ համառուսաստանյան պետական հեռուստաալիքում ներողություն խնդրեց Ադրբեջանից:

Ադրբեջանցի փորձագետները մեկ ամիս է այս թեման թեժ են պահում, պարզապես հայկական ազգանուններով Ռուսաստանի անգործությունն արդարացնողների համար սա թույլատրելի դաշտ չէ: Ադրբեջանը տոնելով Լավրով-Բայրամով փաստաթղթի ստորագրումը՝ անվերջ շեփորահարում է, որ ՌԴ կառավարությունն այսուհետ կստիպի ՌԴ-ի պետական ​​լրատվամիջոցներին, ինչպիսիք են՝ «ՌԻԱ-Նովոստին», ՏԱՍՍ-ը, Sputnik-ը, «Արցախ» բառի փոխարեն օգտագործել «Ղարաբաղ» անվանումը։

Իրականում, այս օրերին Արցախում որեւէ անսպասելի բան տեղի չի ունենում՝ ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների տեսանկյունից: Չպետք է զարմանալ, որ ռուսական TACC գործակալությունն անդրադառնում է վերջին օրերին տիրող իրավիճակին՝ միակողմանիորեն մեջբերելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որում ադրբեջանական կողմը ԼՂ-ից հայկական զորքերի ամբողջական դուրսբերումն է շեշտում ու ԼՂ-ի զինաթափումը։ Այն էլ Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության այն հատվածն են մեջբերում, թե՝ «Ադրբեջանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ ի տարբերություն եռակողմ հռչակագրի, «վտանգի աղբյուր է մնում Հայաստանի զինված ուժերի եւ անօրինական հայկական զինված կազմավորումների ներկայությունն Ադրբեջանի տարածքներում», որտեղ ժամանակավորապես տեղակայված են ՌԴ խաղաղապահները։ Այս տարածքների ապառազմականացումը, այնտեղից հայկական զորքերի ամբողջական դուրսբերումը եւ «հայկական անօրինական զինված խմբավորումների» զինաթափումը միանգամայն անհրաժեշտ են»։

Իրավիճակը այսպիսին է. ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու տարբեր ուղղություններով Ադրբեջանն իրականացնում է ագրեսիվ ռազմական գործողություններ՝ օգտագործելով հարվածային անօդաչու թռչող սարքեր, տարբեր տրամաչափի զինատեսակներ, ընդ որում այս գործողությունների համար մի քանի շաբաթ Բաքուն հետեւողականորեն հող էր նախապատրաստում՝ հայկական կողմին շարունակ մեղադրելով սադրանքների մեջ, իսկ զուգահեռաբար տեղի էր ունենում ադրբեջանական զինուժի կուտակում եւ տեղակայում Արցախին հարակից մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ուղղությամբ:

Բաքուն խաղաղապահների միջոցով հայկական կողմին է ներկայացրել Լաչինի միջանցքը, հակառակ Եռակողմ հայտարարության, ազատելու պահանջ, պաշտոնական Երեւանը պատասխանել է, որ Եռակողմ հայտարարությունը նախատեսում է այլ դրույթներ. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը Արցախը Հայաստանի հետ կապող երթեւեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը որակել է՝ ոչ լեգիտիմ: Ահա այս համատեքստում Ադրբեջանը սկսել է ռազմական գործողություններ՝ ընդ որում, Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների՝ Սերգեյ Շոյգուի ու Զաքիր Հասանովի հեռախոսազրույցից հետո: Այսինքն, հայկական կողմին ուղղված ապօրինի պահանջներով Ադրբեջանը դիմել է նախ՝ ռազմական շանտաժի, ապա՝ ռազմական ագրեսիայի:

Իսկ ինչո՞վ են զբաղված ռուս խաղաղապահներն այս ընթացքում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում տեղի ունեցողի համատեքստում… Առայժմ, շատ «ծանր» գործ են իրականացնում՝ Ադրբեջանի անօրինական պահանջները փոխանցում են հայկական կողմին։

Ինչ քայլեր պետք է արդեն ձեռնարկած լիներ ՀՀ ներկայիս իշխանությունը. պաշտոնապես, խիստ ձեւով պետք է դիմեր Մոսկվային՝ որպես Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի եւ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի գլխավոր երաշխավորի: ՀՀ իշխանությունները պետք է արդեն դիմած լինեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների նախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Անհապաղ աշխատանքներ պետք է իրականացված լինեին նաեւ շահագրգիռ այլ երկրների իշխանությունների, միջազգային կառույցների հետ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031