Լրահոս
Օրվա լրահոսը

Արևմուտքը, 2 կողմերի միջև հավասարության նշան դնելով կամ մեղմ կոչերով, ցույց է տալիս, որ պատրաստ չէ առարկայական միջամտության․ Նժդեհ Հովսեփյան

Օգոստոս 04,2022 09:04

ՀՀ փոխվարչապետի նախկին խոսնակ, վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը

Չի լինում չխոսել. մի քանի արձանագրում – 2

1) Ադրբեջանը հետևողականորեն և քայլ առ քայլ սեղմում է օղակը Արցախի մնացյալ մասի շուրջ։ Հաշվարկված են թե’ ժամկետները, թե’ Հայաստանի դրությունը, թե’ ռուսներից պոկվելիքը։ Տասնամյակներ ի վեր Ալիևին հիմար համարող «ազգային ջոջերը» կա’մ անհեթեթ ինքնախաբեությամբ են զբաղվել, կա’մ հանրությանը չարամտորեն մոլորեցրել։

2) Արցախը հայտնվել է կատարյալ փակուղում, որից ելքը դասական, պարզ ու ավանդական միջոցներով անհնար է։ Արցախը իր զավակներից հորդած ու հետո բազմակողմանիորեն բոլորիս վզին փաթաթված կեղծ իրողություններից դուրս չի գալիս։ Ցավոք, ռեսուրս չունի միայնակ դա անելու։

3) Արևմուտքը, 2 կողմերի միջև հավասարության նշան դնելով կամ մեղմ կոչերով, ցույց է տալիս, որ պատրաստ չէ առարկայական միջամտության այս տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական պրոցեսներին։

4) Ռուսաստանը, խաղաղապահ պարզունակ առաքելությունից վեր չի բարձրանալու և չի անցնելու խաղաղարար գործունեության։ Դրա հետ միասին, ըստ իրավիճակի, զիջումներ է անելու Ադրբեջանին` տարածաշրջանում իր ներկայության արձանագրման դիմաց։ Ռուսաստանի համար առայժմ բավական է, որ կա Ստեփանակերտը և այնտեղ ապրում են մի քանի տասնյակ հազար հայեր։

5) Հայաստանը ոչ միայն ներհանրային համերաշխություն չունի այսպիսի դժվարագույն իրավիճակում, այլև Արցախի պես մի փակուղու առաջ էլ ինքն է կանգնած` շարունակ տուրք տալով օպերատիվ որոշումներին և անընդհատ անակնկալի գալով ու անպատրաստ մնալով մեծ ռեգիոնալ շախմատին։ Հայաստանի փրկությունը այս իրավիճակում կարող էր լինել կայացած, ուժեղ, ինստիտուցիոնալ պետական մեքենան։ Դրա կեղծ տարբերակը մի կողմ դրեցինք 2018-ից հետո, բայց փոխարենը նոր բան չստեղծեցինք։

Հիմա վիճակը ոչ միայն շատ բարդ է, այլև գուցե անելանելի, տեղ-տեղ թերևս` անդարձելի։ Հայտնի շրջանակների պաթոսային տխմարությունները մի կողմ դնենք` չզիջելու, ուժի դեմ ուժով հանդես գալու, էսքանից հետո դեռ Ստամբուլը արյան ծով դարձնելու մասին։ Դրանք բացարձակապես համարժեք չեն իրավիճակին և ներքին կեղտոտ սպառման քարոզչականությունից զատ, այլ նպատակ էլ չունեն։ Հարցն այլ է` կա՞ ելք։ Թերևս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031