Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքը վաճառվել է չնչին գնով․ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել

Օգոստոս 03,2022 21:17

Գյումրու սրտում՝ Աբովյան փողոցում գտնվող «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքը, որը եղել է «Հանդիսությունների տուն», 2003 թվականին (այդ ժամանակ քաղաքապետը Վարդան Ղուկասյանն էր), ավագանու որոշմամբ վաճառվել է ընդամենը 25.000.000 դրամով, երբ դրա կադաստրային արժեքը 2004թ. դրությամբ կազմել է 203.918.820 ՀՀ դրամ:

Գնորդը եղել է «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ն, որը շենքն օգտագործել է՝ Գյումրիում «Հոկտեմբեր» կինոթատրոն»-ը հիմնելով։

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում երկու օր առաջ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ինչպես տեղեկանում ենք մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթից․ «2003թ. օգոստոսի 7-ի Գյումրի քաղաքի ավագանու նիստին որոշվել է Գյումրու քաղաքապետարանի սեփականություն հանդիսացող Աբովյան փողոցի թիվ 143 հասցեում գտնվող 1034,35 քմ. տարածքով «Հանդիսությունների տուն» շինությունն ուղղակի վաճառքով օտարել «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին և օտարման գին է հաստատվել 25.000.000 դրամ և որոշումը հաստատվել է Գյումրու քաղաքապետի կողմից:

Նշված հասցեի շինության վերաբերյալ կազմված կադաստրային գործում առկա փաստաթղթերի համաձայն՝ շինության կադաստրային արժեքը 2004թ. դրությամբ կազմել է 203.918.820 դրամ:

Գյումրու քաղաքապետարանի կողմից ՀՀ ԿԱ ԱԳ կադաստրի պետական կոմիտեի Գյումրու ստորաբաժանմանը հասցեագրված 2001թ. ապրիլի 16-ի գրության համաձայն՝ Աբովյան փողոցի թիվ 143 հասցեում գտնվող գույքի հաշվեկշռային արժեքը կազմել է 78.474.400 դրամ»:

Նշենք, որ այս հարցը բուռն քննարկման էր արժանացել Սամվել Բալասանյանի իշխանության օրոք՝ 3 տարի առաջ, երբ ավագանու նիստերի մեկի ժամանակ քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն ու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարևոր բացահայտումներ էին արել։

Նրանք հայտարարել էին, որ Գյումրի համայնքի հաշվեկշռում դեռ այնպիսի շինություններ կան, որոնք վաղուց վաճառվել են, սակայն դրանց օտարման փաստաթղթերը արխիվում չկան։ Ընդ որում, ըստ քաղաքային իշխանությունների, խոսքն այնպիսի կառույցների մասին է, որոնց վաճառքը ժամանակին բուռն քննարկման ու քննադատության թեմա էր դարձել գյումրեցիների շրջանակում։

Դրանցից մեկը Սամվել Ալեքսանյանին օտարված Մայիսյանի կաթսայատունն էր, մյուսը՝ «Տրոլեյբուսային վարչություն» ՓԲԸ-ն, երրորդը՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքը։

Կինոթատրոնի շենքի հետ կապված Լենա Ջիլավյանն ասել էր․ «Հոկտեմբեր» կինոթատրոնը երևի 2001-2002 թվին վաճառվել է, բայց մինչև հիմա մեր բալանսի մեջ է, մենք թղթերը չենք գտել»։

Սամվել Բալասանյանն էլ հավելել էր․ «Կինոհոկտեմբեր»-ը Համաշխարհային բանկով եւ 150 միլիոնով լրիվ վերականգնեցին, գեղեցիկ՝ ամեն ինչով, հետո վաճառվեց 50 միլիոնով. ո՞նց է ձեզ համար, արտակարգ չէ՞, զարմացա՞ք»։

Այն ժամանակվա ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ առաջարկել էր դիմել իրավապահներին։ «Եթե համայնքապետը չի դիմի, ես կդիմեմ իրավապահներին»,-ասել էր Լևոն Բարսեղյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031