Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը՝ ունենալով մեկ նպատակ հայաթափել Արցախը՝ զրկելով արցախցիներին՝ իր հողում ապրելու անբեկանելի իրավունքից։
2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո պարբերաբար խախտելով հրադադարի ռեժիմը, երեկ և այսօր արդեն փաստացի նոր պատերազմ է հայտարարել Արցախին։
Տեղի ունեցած գործողությունների արդյունքում զոհերի և վիրավորների առկայությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցությունը Արցախի համար բացառված է։
Այս ամենը հերթական անգամ տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնության ներքո՝ երբեմն երկկողմանի խաղաղության ստանդարտ կոչերի ուղեկցությամբ։
Կարդացեք նաև
Այնինչ, Ադրբեջանի սանձարձակ վարքագիծը 2020թ. պատերազմի և հետագա դեպքերի նկատմամբ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը շարունակում է ծնել նոր հանցագործություններ հայության դեմ։
Միջազգային հանրության համար տնտեսական շահը շարունակվում է գերակայել համամարդկային արժեքներին, որոնք իբրև այդ նույն միջազգային հանրության համար սկզբունքներ են։
Մեկ անգամ ևս «Ապրելու երկիր» կուսակցությունն ակնկալում է Ադրբեջանի գործողություններին տալ հստակ գնահատականներ՝ հստակ աջակցելով տարածաշրջանում խաղաղության ապահովմանը։
Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ անգամ 2020թ. թուրք-ադրբեջանական ագրեսիան չի կոտրել արցախցու՝ իր հողում ապրելու կամքը և արցախցին շարունակելու է անգամ իր կյանքի գնով ապահովել Արցախում ապրելու իր անբեկանելի իրավունքը՝ ի հեճուկս Ադրբեջանի հանցագործ քաղաքականության և միջազգային հանրության լուռ համաձայնության։