Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ՄԻՊ. «Որտե՞ղ են ՄԱԿ֊ի, ԵԽ֊ի կամ ԵԱՀԿ֊ի գործողությունները։ Թե՞ ամեն ինչ ուղղակի սին խոսքերի մակարդակում է»

Օգոստոս 03,2022 20:42

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի գրառումը.

2022թ. օգոստոսի 1-ից Արցախի Հանրապետության տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը վարել է ագրեսիվ ռազմական գործողություններ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, նռնականետեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Այս ամենը կատարվում է այն պարագայում, երբ 2020 թվական նոյեմբերից կողմերի համաձայնությամբ հաստատվել է հրադադար և Արցախում տեղակայվել են ռուսական խաղաղապահ ուժեր՝ Արցախի ժողովրդի խաղաղությունն ապահովելու համար։

Սա խոսում է այն մասին, որ խաղաղություն Արցախում պատշաճ կերպով չի հաստատվել, իսկ ադրբեջանական կողմը չի կատարում հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ ամենատարբեր առիթներ օգտագործելով ուժի կիրառմամբ այս կամ այն հարցերի շուրջ զիջումներ պարտադրելով։

Ադրբեջանն իր ցանկացած պահանջ զուգորդում է ուժի կիրառմամբ կամ ուժի կիրառման սպառնալիքով՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի հիմնարար դրույթները։

Տարբեր հարցերի վերաբերյալ տարվող բանակցությունների ընթացքում հայկական կողմը ստիպված է լինում գնալ զիջումների, որի հետևանքով կոպտագույն ձևով խախտվում են մարդկանց ամենատարրական իրավունքները՝ ընդհուպ կյանքի իրավունքը։ Ռուսական խաղաղապահների չհաստակեցված մանդատի և խիստ սահմանափակ թվակազմի պատճառով փխրուն ու հարաբերական խաղաղությունը պարբերաբար վտանգվում է։ Իսկ Արցախի ժողովուրդն իր իրավունքների պաշտպանության համար նորից պայքարում է միայնակ։

Միջազգային տարբեր դերակատարների կողմից պարբերաբար հնչում են խաղաղության հաստատմանն աջակցող հայտարարություններ։ Որտե՞ղ է այդ աջակցությունը։ Որտե՞ղ են համանախագահող երկրների իրական քայլերը տեղում մարդկանց իրավունքները պաշտպանելու, մարդկանց կյանքերը փրկելու, մարդկանց խաղաղ կենսագործունեությունն ապահովելու հարցում։ Որտե՞ղ են ՄԱԿ֊ի, ԵԽ֊ի կամ ԵԱՀԿ֊ի գործողությունները։ Թե՞ ամեն ինչ ուղղակի սին խոսքերի մակարդակում է։

Աշխարհի այլ կետերում տեղի ունեցող հակամարտությունների վերաբերյալ միջազգային մեդիան մեկ րոպե անգամ չի լռում, միջազգային կազմակերպությունները հանդես են գալիս հայտարարություններով, աննկարագրելի ծավալների աջակցություն են ցուցաբերում, իսկ Արցախի ժողովրդին, որ տասնյակ տարիներով ուղղակի պայքարում է ադրբեջանական բռնապետության դեմ, անտեսում են։

Միջազգային կառույցների հարգելի՛ գործընկերներ, ձեր անհետևողականության, հակամարտությունը փորձագիտական դաշտում քննարկելուց այն կողմ չանցնող գործողությունների հետևանքով Ադրբեջանը իրեն անպատժելի է զգում ու դիմում է ամենատարբեր լկտիությունների։

Միթե՞ կարելի է այսքան բացահայտ երկակի ստանդարտներով առաջնորդվել, միթե՞ կարելի է քաղաքական շահերից կուրանալ ու անտեսել մարդկանց ու նրանց իրավունքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031