44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները եւ դիերը Աբովյանի դիահերձարանի նկուղում պոլիէթիլենային տոպրակների մեջ գետնին գցելու սահմռկեցուցիչ տեսարանից ու բարձրացված աղմուկից հետո մինչ օրս որեւէ պաշտոնատար անձ մեր զինվորների մարմիններն այդպես անարգելու ու անփութություն դրսեւորելու համար պատասխանատվության չի ենթարկվել: Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե՝ այդ միջադեպի հետ առնչություն ունեցող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից, հետո պարզվեց՝ խոսքը ցածր օղակների աշխատողների մասին էր, ոչ բարձրաստիճան պաշտոնատար անձանց: Քննիչներն ու դատախազները հանցանք չեն տեսնում այդ արարքում:
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել էր, թե մասունքներն անցել են համապատասխան նույնականացում եւ սպասում են, որ հարազատները վերցնեն ու հուղարկավորեն: Հարցը կարծես փակեցին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներողությամբ միայն: Բայց ծնողները մինչ օրս հաշտ չեն:
Աբովյանի դիահերձարանում նույնականացված դիերից մեկը զոհված հերոս Ժիրայր Մարգարյանինն է: Նրա մայրը՝ Նաիրա Մարգարյանը, այսօր Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ մինչեւ վերջ բողոքարկելու է ու թույլ չի տալու, որ դա անպատիժ մնա:
Փաստաբան Գարիկ Գալիկյանը բողոքարկել է դատախազների ու քննիչների որոշումները, եւ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շուտով պետք է հրապարակվի որոշումը:
Կարդացեք նաև
Թե ի՞նչ ակնկալիք ունեն ծնողները այդ որոշումից՝ Նաիրա Մարգարյանը պատասխանեց. «Քանի որ մեր երկրի գերագույն հրամանատարը Նիկոլն է, մնացածը՝ Նիկոլի վկաները, հնարավոր է եւ հօգուտ մեզ չլինի որոշումը: Ես մինչեւ վերջ պայքարելու եմ ու պատասխան են տալու, էդ երեխեքը մատաղի գառ չէին, որ իրենք տանեին մատաղ անեին ու դիերը տանեին շպրտեին այդպես սանիտարական ոչ հիգիենիկ պայմաններում: Անպայման բողոքարկելու եմ որոշումը, ուղղակի չեմ ուզում քաղաքականացնել հարցը: Ես ոչ նրանց կողմից եմ, ոչ նրանց, ես իմ երեխու կողմից եմ: Իմ տղու անունը Ժիրայր է, ու ես պայքարում եմ բոլոր ժիրայրների անունից: Ուղղակի ցավը գիտե՞ք որն է՝ երբ Շիրակի մարզում երկու հոգու ծեծի ենթարկվեցին, նույն րոպեին հանցագործություն դիտվեց, ձերբակալեցին ու նույն րոպեին քրեական գործ բացվեց: Բայց մեր 18 տարեկան երեխեքին տարան, այն երեխեքին, որոնք պայքարեցին հանուն հայրենիքի… իրենք այս վերաբերմունքին արժանի չէին: Համարում են, թե հանցագործություն չկա: Եթե օրենքով սահմանված չէ այդ կարգը, թե ինչ պայմաններում պետք է պահվեն դիերը, լավ, բա մարդկային խի՞ղճը: Մենակ սեղանի շուրջ կենաց խմելով զինվորին չպիտի հարգեն: Իրենք լրիվ պիտի պատասխան տան: 2 ամիս իմ երեխեն մնացել է մարտի դաշտում: Դե ծնող, արի դիմացի, ու մի 7 ամիս էլ մնացել է գետնի վրա շպրտված»:
Մինչեւ որդու մարմինը հուղարկավորելը՝ Նաիրա Մարգարյանը պարբերաբար երազ էր տեսնում, որդին էր հայտնվում ու ասում՝ «մամ, մրսում եմ»: Այսօր, երբ արդեն մարմինը հուղարկավորված է, մայրը գոնե սփոփվում է, որ Ժիրայրի հոգին հանգստություն ունի ու այլեւս նման երազներ չի տեսնում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հ․ Գ․ Ավելի ուշ պարզվեց, որ զոհված զինծառայողների մասունքները Աբովյանի դիահերձարանում ոչ պատշաճ պայմաններում պահելու դեպքով քննություն չի իրականացվի. բողոքը մերժվել է։