Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔՊ-ական պատգամավորի ընկեր-բարեկամները՝ ԿԳՄՍ նախարարության ՊՈԱԿ-ում. «Հետք»

Օգոստոս 03,2022 17:48

«Հետք». 2021 թվականի հոկտեմբերի 15-ից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարում է Արմեն Հովհաննիսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր տնօրենի տեղակալի պաշտոնը:

Արմեն Հովհաննիսյանը ՊՈԱԿ-ի ղեկավար է նշանակվել ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի օգնական (նաև սանիկ), այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի երաշխավորությամբ։ Արմեն Հովհաննիսյանն ու Դավիթ Դանիելյանը ընկերներ են։

Ինչպես արդեն նշեցինք, մինչև տնօրենի պարտականությունները ստանձնելը Արմեն Հովհաննիսյանը եղել է ՊՈԱԿ-ի փոխտնօրենը։ Փոխտնօրեն նշանակվելուն զուգահեռ ՊՈԱԿ-ի «գործերին» ակտիվ մասնակցություն է սկսել ունենալ այդ ժամանակ դեռևս նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը։ Դրա մասին են փաստում միասին կատարած մարզային այցելությունները, ներկայությունը ՊՈԱԿ-ի ստորաբաժանումների հաշվետվությունների ներկայացմանը, նրա հաճախակի այցելությունները ՊՈԱԿ-ի  վարչական շենք: Հասկանալի է, որ ԿԳՄՍ նախարարի օգնականի լիազորություններից կարող է լինել այդ ՊՈԱԿ-ի գործունեությանը հետևելը, սակայն ԱԺ պատգամավոր դառնալուց հետո էլ Դավիթ Դանիելյանը շարունակում է միջամտել ՊՈԱԿ-ի գործերին, հատկապես՝ կադրային տեղաշարժերին, որոնք մեկնարկեցին Արմեն Հովհաննիսյանի՝ տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո։ Դանիելյանի և Հովհաննիսյանի ծանոթ-բարեկամները տարբեր պաշտոնների նշանակվեցին ՊՈԱԿ-ում։

«Հետքը» գրավոր հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով տրամադրել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ամբողջ հաստիքացուցակը՝ ներառյալ վարչական անձնակազմի, կառուցվածքային ստորաբաժանումների և մարզային ծառայությունների։ Մեր գրությունը վերահասցեավորվել էր ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Հովհաննիսյանին, որն էլ հրաժարվել է տրամադրել հաստիքացուցակը՝ պատճառաբանելով, թե դրանցում կարող են լինել «անձնի ինքնությունն ուղղակի կամ աննուղղակի կերպով նույնականացնելու հնարավորություն տվող տվյալներ» (մեջբերում հարցման պատասխանից)։ Հաստիքացուցակի վերաբերյալ հարցման պատասխանում միայն նշված էր, որ ՊՈԱԿ-ն ունի 331 աշխատակից, որից 70-ը՝ վարչական անձնակազմում, 261-ը՝ մարզային ծառայություններում, արգելոցներում և արգելոց-թանգարաններում։

Ինչևէ, ներկայացնենք, թե ինչպես են Արմեն Հովհաննիսյանի ու Դավիթ Դանիելյանի ազգականներն ու ծանոթները աշխատանքի անցել ՊՈԱԿ-ում։

Արմեն Հովհաննիսյանի՝ տնօրենի պարտականությունները ստանձնելուց հետո ՊՈԱԿ-ի փոխտնօրեն է նշանակվում պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարազատ եղբայրը՝ Հայկ Դանիելյանը, որը մինչ այդ տնօրենի խորհրդականն էր, իսկ այդ պաշտոնից առաջ աշխատում էր Կոտայքի մարզային ծառայությունում։

ՊՈԱԿ-ի ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնում աշխատանքի է անցնում Դավիթ Դանիելյանի կնոջ եղբայրը՝ Արամ Անտոնյանը, որը Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանող է։

Կադրային տեղաշարժեր են տեղի ունեցել նաև ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային ծառայությունում։ Մի քանի ամիսների ընթացքում մարզային ծառայության երեք պետ է փոխվել, երեքն էլ՝ Կապանից, ու դարձյալ Դավիթ Դանիելյանի մտերիմները։ Ներկայիս պետը՝ Շանթ Դավթյանը, մինչ այդ աշխատել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում որպես բանվոր:

Անդրադառնանք ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանի մտերմիներին։ ՊՈԱԿ-ի ղեկավար դառնալուց հետո Արմեն Հովհաննիսյանը տնօրենի արտաքին կապերի գծով խորհրդական է նշանակում իր մորաքրոջ որդուն՝ Դավիթ Դանիելյանին (չշփոթել պատգամավորի հետ), որը իրավաբանական խորհրդատվություն է ապահովում։ Հարկ է նշել, որ խորհրդական Դավիթ Դանիելյանի մայրը՝ Աստղիկ Հակոբյանը, ժամանակին զբաղեցրել է Սյունիքի մարզային ծառայության պետի պաշտոնը։ Վերջինս աշխատանքից ազատվել է ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Թարվերդյանի հետ ունեցած միջադեպի հետևանքով:

Արմեն Հովհաննիսյանի շատ ազգականներ մինչ իր տնօրեն նշանակվելն արդեն իսկ աշխատում էին ՊՈԱԿ-ում. օրինակ՝ Արմեն Հովհաննիսյանի մյուս երկու մորաքույրները՝ Գոհարը և  Շուշանիկը, Արմեն Հովաննիսյանի քույրը՝ Աննա Հովհաննիսյանը և ամուսինը՝ Արարատի մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը, ինչպես նաև նույն Դավիթ Դանիելյանը, որը տարիներ առաջ աշխատել է ՊՈԱԿ-ում որպես իրավաբան և գնումների մասնագետ։ Այս «գերդաստանին» աշխատանքի է ընդունել ՊՈԱԿ-ի մեկ այլ նախկին տնօրեն՝ Վլադիմիր Պողոսյանը։

Տնօրենի պաշտոնակատար դառնալուց հետո ՊՈԱԿ-ի անձնակազմի կառավարման բաժնում աշխատանքի է ընդունվում Գոհար Հարոյանը, որը Հովհաննիսյանի ընկերոջ քույրն է և իր վարորդի մորաքրոջ աղջիկը։

Գլխավոր լուսանկարում աջից՝ Դավիթ Դանիելյանը, ձախից՝ Արմեն Հովհաննիսյանը

Տրդատ ՄՈՒՇԵՂՅԱՆ,
Լեւոն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031