Լրահոս
Օրվա լրահոսը

Կտպագրվի Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում կառուցապատման կանոնակարգման ուղեցույց

Օգոստոս 03,2022 17:07

Իտալացի փորձագետները Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ մշակել են Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում կառուցապատման կանոնակարգման ուղեցույց և գոտևորման աշխատանքների մեթոդաբանություն՝ միտված Գյումրիի պատմական միջավայրի քաղաքաշինական ամբողջականության պահպանմանը: Մինչ վերջնական տարբերակի հաստատումը՝ մշակված փաստաթղթերը ներկայացվում են շահագրգիռ կողմերին՝ պատվիրատու գերատեսչությանը, համայնքի բնակիչներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնագիտական հանրությանը:

Մասնավորապես՝ փաստաթղթերի լրամշակված տարբերակը քննարկվել է Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուների հետ: Դիտարկվել են պատմական ժառանգության ամբողջականության պահպանման հիմնավորումները և առաջարկվող գործիքակազմը: Կատարված աշխատանքը ներկայացվել է նաև Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում, որի ժամանակ վերջինս կարևորել է փորձագետների վերհանած հիմնախնդիրները: Ուշադրություն է դարձվել նաև արդիական այլ խնդիրների՝ պատմական միջավայրում գովազդային և տեղեկատվական վահանակներին ներկայացվող պահանջների հստակեցմանն ու հանրային տարածքների կազմակերպմանը:

Ուղեցույցն ու մեթոդաբանությունը մեկ անգամ ևս շրջանառվել են հիբրիդային ձևաչափով կազմակերպված աշխատաժողովի շրջանակում, որի ընթացքում շահառու խմբերի, ոլորտի մասնագետների հնչեցրած առաջարկները ներառվել են փաստաթղթերում: ԱԶԲ կողմից գործընթացը համակարգող իտալացի մասնագետներն անդրադարձել են նաև Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի և ողջ քաղաքի տարածքի վերաբերյալ հավաքագրված տվյալների թվայնացման հնարավորությանը:

Փաստաթղթերի կազմմանը նախորդել են հետազոտական աշխատանքներ՝ հավաքագրելու պատմամշակութային արգելոց-թանգարանի պատմական միջավայրի վերաբերյալ տվյալներ: Գործընթացում ներգրավվել են նաև մասնագիտացված բուհերի դասախոսները և ուսանողները: Նախաձեռնության շրջանակում կարևորելով կրթական բաղադրիչը՝ կազմակերպվել են դասախոսություններ Հայաստանի ամերիկյան համալսարանում նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Իտալացի փորձագետներն ուսանողներին ներկայացրել են ժառանգության պահպանության մեթոդաբանության, ինչպես նաև տեղեկատվության թվայնացման առանձնահատկությունները:

Հաջորդ փուլում նախատեսվում է ուղեցույցի և մեթոդաբանության վերջնական տարբերակը տպագրել երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն: Ուղեցույցը կընդգրկվի Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ «Շիրակ-4» միկրոռեգիոնի համար մշակվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթի կազմում, որը ներառում է 3 մակարդակ՝ տարածքային պլանավորում, գլխավոր հատակագիծ, գոտևորման նախագիծ: Դա հնարավորություն կտա ուղղորդելու և կանոնակարգելու համայնքում իրականացվող քաղաքաշինական գործընթացները՝ պահպանելով պատմական ժառանգությունը և քաղաքաշինական միջավայրի ամբողջականությունը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031