«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում առիթ եղավ հանդիպել իտալացի ռեժիսոր Վիկտորիա Ֆիորեյի հետ։
– Ողջո՛ւյն, Վիկտորիա, օրեր առաջ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվեց Ձեր ֆիլմը, որը կոչվում է «Պահմտոցի»՝ արժանանալով հանդիսատեսի դրական արձագանքին։ Կպատմե՞ք մի փոքր ֆիլմի ստեղծման գաղափարի մասին։ Գիտեմ, որ նկարահանումները տևել են 4-5 տարի, և ընթացքը բոլորովին էլ հեշտ չի եղել։
– Իրականում վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակ որպես այդպիսին ի սկզբանե չկար, ես մասնակցում էի մի աշխատարանի Նեապոլի իսպանական թաղամասում, որը բավական բարդ կյանքով ապրող մի թաղամաս է, և այնտեղ ապրող երեխաները ցանկություն հայտնեցին նկարահանելու տեղի ավանդույթներից մեկը, այսպես կոչված «Ս․ Անտոնիոյի չիպպոն», մի ավանդույթ, որի ժամանակ ծառեր են այրում ու փոքր խարույկներ անում։ Այդպես ես ծանոթացա Էնթոնիի մեծ եղբոր հետ, որն էլ նկարահանում էր այդ ամենը, դրա ընթացքում էլ հանդիպեցի Էնթոնիին։ Նա ինձ շատ դուր եկավ, շատ աշխույժ ու չարաճճի երեխա էր, բայց նաև շատ ստեղծագործ։ Կարող եմ ասել, որ սեր էր առաջին հայացքից։ (ծիծաղում է)։ Զրուցում էինք, ինձ պատմում էր իր սիրած ֆիլմերի մասին։ Ձեռքն էր վերցնում տեսախցիկը, ուզում էր ինչ-որ պատմություն նկարահանել, երազում էր հայտնվել նկարահանման հրապարակում։ Կարող եմ ասել, որ ֆիլմի առաջին քսան րոպեում այդ ամենն է պատկերված, իսկ այն, ինչ տեղի է ունենում հետո, կապ ունի Նեապոլի իշխանությունների կայացրած մի որոշման հետ, որը միտված էր երեխաներին հանցագործ աշխարհից հեռացնելուն։ Տեղի ունեցած մի միջադեպից հետո Էնթոնիին տեղեկացրին, որ նա նույնպես պետք է ժամանակավորապես հեռացվեր ընտանիքից ու իր շրջապատից ու ես փորձեցի նկարահանել վերջին օրերը։ Այն նկարահանվել է բավական երկար, ուզում էի հասկանալ, թե ինչպիսին էր աշխարհը նրանց աչքերով։
– Ինձ համար, որպես հանդիսատեսի, ֆիլմը դիտելը այնքան էլ հեշտ չէր, այն բավական բարդ է և շատ խորը, դիտելիս երբեմն իրարամերժ զգացողություններ ես ունենում։ Իսկ ինչպիսի՞ փորձառություն էր այն Ձեզ համար, ի՞նչ զգացողություն էր կադրի մյուս կողմում լինելը։
Կարդացեք նաև
– Իրականում ես ցանկանում էի նկարահանել ֆիլմ կամորրայի մասին՝ առանց դրա մասին խոսելու, խոսել օմերտայի մասին՝ չնշելով դրա մասին։ Ես այս պատմությանը առնչվել եմ շատ մոտիկից, տեսել եմ համակարգը, այն ամենուր է, եթե նույնիսկ աչքերդ փակես, այն միևնույնն է կա։ Ինձ որոշ չափով ծանոթ էր այդ աշխարհը, ոչինչ տարօրինակ չէր թվում, բայց երեխաները ինձ շատ բան սովորեցրին։ Ես փնտրտուքի մեջ էի, ֆիլմը լավ տարբերակ էր իմ զգացմունքները արտահայտելու համար։ Շատ դժվար էր տեսնել իրական կյանքը, շատ խառը զգացողություն էր, երբ նրանց համար ոչ միայն նկարահանող ես, այլ նաև մենթոր ու ընտանիքի ընկեր։ Առանց սոցիալական աշխատողի դա հնարավոր չէր լինի անել, որովհետև ես չգիտեի ինչպես արձագանքել որոշ իրավիճակներում, օրինակ, երբ տեսնում ես, որ երիտասարդ մի պատանի կորցնում է վերահսկողությունը։ Բայց փորձում ենք առաջ շարժվել, այլ տարբերակ չկա։ Այսօր էլ շփվում եմ այդ ընտանիքի հետ, անշուշտ եղել են պահեր, երբ ցանկացել եմ կիսատ թողնել, որովհետև շատ ցավ կա այս ամենում (հուզվում է)։ Բայց կարևոր մի բան ասեմ․ ամենահաճելի զգացողությունը ապրեցի, երբ առաջին անգամ Էնթոնիի ընտանիքը նայեց ֆիլմը։ Մայրիկի հետ գրկախառնվեցինք ու լաց եղանք։ Շատ հավանեցին ֆիլմը, տատիկը՝ Դորան, ասաց, որ ֆիլմն իրեն դուր եկավ՝ նշելով, որ նույնիսկ կնճիռները չեն երևում (ծիծաղում է)։
-Ֆիլմի հերոսը՝ Էնթոնին, ասում է․ «Երջանկությունը ազատության զգացողությունն է»։ Ազատություն բառը շատ հաճախ ենք կիրառում առօրյայում՝ երբեմն մոռանալով իրական իմաստը։ Ի՞նչ է ազատությունը Ձեզ համար, ե՞րբ է հնարավոր զգալ մեզ իրապես ազատ, ո՞րն է ազատ լինելու իրական հաճույքը
– Շատ լավ հարց է, ես էլ եմ հաճախ ինքս ինձ այդ հարցը տալիս։ Էնթոնին խոսում է ազատության մասին, բայց ո՞ր ազատության մասին է խոսքը։ Նրան թվում է, թե ազատ է, բայց իր ազատությունն իր թաղամասի մոտ քսան փողոցից այն կողմ չի կարող անցնել։ Եվ խոսքը միայն ուղիղ իմաստով բանտի մասին չէ, սա մի համակարգ է, որից դուրս չես կարող գալ։ Բացի այդ, պատանիները հաճախ կրկնում են բառեր, որ մեծահասակներն են օգտագործում։ Կարծում եմ, որ Էնթոնին դեռ հստակ չի պատկերացնում, թե ինչ է ազատությունը և արդյոք այն գոյություն ունի, թե ոչ։ Մանկավարժ Պաուլո Ֆրեյրը ասում է, որ ազատությունը սահմանների մեջ է։ Միայն սահմաններ ճանաչելու դեպքում է հնարավոր լինել ամբողջովին ազատ։ Ամեն դեպքում լիովին ազատ լինելը ուտոպիստական հասկացություն է։
– Ֆիլմի մեկ այլ դրվագում հերոսը խոստովանում է, որ չի ցանկանում հանցանք գործել, օրինակ` գողություն անել կամ մարդ սպանել, որովհետև դա լավ բան չէ, բայց ամեն դեպքում չի կարողանում խուսափել հանցագործ աշխարհի մաս կազմելուց։ Կարծում եմ, որ կհամաձայնեք, որ իսկապես մեծ է հասարակության և շրջապատի ազդեցությունը պատանիների վրա։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ մարտահրավերների առաջ են կանգնած այսօրվա իտալացի, հատկապես նեապոլցի երիտասարդները։
-Մարտահրավերները իսկապես շատ են, հատկապես այդ թաղամասում։ Երեխաների շատ փոքր մասն է դպրոց հաճախում, շատերը նույնիսկ միջնակարգ դպրոցը չեն ավարտում։ Այնպես է, որ ծնողներն էլ առանձնապես չեն պարտադրում, որովհետև այսպես ասած՝ դրանից օգուտ չեն տեսել իրենց կյանքում։ Կա նաև պետության բացը, ցավոք չկան հաստատություններ, որտեղ նրանք կարող են ինչ-որ արհեստ սովորել, իսկ երեխաները իսկապես պատրաստ են աշխատելու, նրանք ուզում են աշխատել։ Կա նաև հարցի կրոնական կողմը։ Շատերը ուղղակի սպասում են, որ Աստված, կամ Հիսուսը, կամ Ս․ Մարիամը նրանց օգնության հասնեն։ Շատ դժվար է հստակ ասել, թե ումն է մեղքը՝ պետությանը, եկեղեցունը, ծնողինը, որը երեխային դպրոց չի ուղարկում, թե պարզապես Էնթոնիինը։
-Ֆիլմում շատ կան այնպիսի տարրեր, որոնք կարող ենք բնութագրել որպես տիպիկ նեապոլյան, օրինակ` լաբիրինթ հիշեցնող թաղամասերը, նեապոլյան բարբառը, որով խոսում են հերոսները, Մարադոնան, հայր Պիոյի արձանը, և այլն, սա՞ է իրական Նեապոլը։
-Այո՛, ճիշտ եք նկատել, դրանք հաճախ են հանդիպում ֆիլմում, այդպես ուղղակի ստացվել է, որովհետև առօրյա կյանքի մասն են կազմում։ Դրանք կան, հնարավոր չէ չտեսնել։ Ես ցանկանում էի նկարահանել մի ֆիլմ, որը հակադրվում էր հանցագործ աշխարհը պատկերող շատ այլ ֆիլմերին, այո՛, ուզում էի խոսել այդ աշխարհի մասին, բայց այլ ձևով։ Մարադոնայի մասին Էնթոնին է խոսում, պատմում է, որ թաղամասը կոչվում է իսպանական, որովհետև իսպանացիները գալիս էին Մարադոնայի խաղը դիտելու։ Իսկ խորհրդանիշներն, այո,՛ շատ են, դրանցից խուսափել հնարավոր չէ, բայց դրանցից մի քանիսն առավել հատուկ են իսպանական թաղամասին, ո՛չ ամբողջ Նեապոլին։
– Գիտեմ, որ Նեապոլի մասին ասում են «Տես Նեապոլը և նոր մեռիր»։ Ի դեպ, նույն միտքը կա նաև հայկական հին մայրաքաղաքներից մեկի՝ Անիի մասին, որի անունն էլ կրում եմ ես։ Ո՞րն է ըստ Ձեզ Նեապոլի բացառիկությունը, ո՞րն է այդ քաղաքի հմայքը։
– Առաջին հերթին Նեապոլը իրական քաղաք է։ Այն շատ քիչ քաղաքներից է, որ պահպանել է հին շունչը։ Սա կարող է լինել լավ կամ վատ շատ տարբեր պատճառներով, բայց այստեղ այլ օդ ես շնչում, մարդիկ այնպիսին են ինչպիսին կան և հպարտ են դրանով։ Այստեղ շատ արվեստ ու մշակույթ կա։ Ի դեպ, Նեապոլն էլ է ժամանակին մայրաքաղաք եղել։ Գյոթեն երևի նկատի ուներ Նեապոլի գեղեցկությունը, այո՛, Նեապոլը իսկապես գեղեցիկ է։
– Ֆրանսուա Տրուֆոն ասում է․ «Ֆիլմ նկարահանել նշանակում է բարելավել կյանքը, կարգավորել այն սեփական հայեցողությամբ, երկարաձգել մանկության խաղերը»։ Հարգելով գաղտնիության իրավունքը՝ պատկերացնում եմ, որ չեք կարող շատ բան ասել Էնթոնիի կյանքի մասին, բայց կխնդրեի գոնե ասել՝ արդյոք իր կյանքը ինչ -որ կերպ բարելավվել է այս ֆիլմից հետո, արդյոք նա կարողացել է դուրս գալ այդ հորձանուտից։
– Եթե նույնիսկ նրա կյանքը փոխվել է դեպի լավը, ես չեմ կարող ասել, որ դա ֆիլմի շնորհիվ է, բայց վստահաբար այս ֆիլմի արդյունքում այն ավելի վատը չի դարձել։ Ֆիլմը մեծ ազդեցություն է ունեցել Էնթոնիի վրա, ֆիլմի շնորհիվ նա հասկացավ, որ կան այլ իրականություններ, օրինակ` որ կարող է շփվել համալսարանավարտ մարդու հետ, կամ ծանոթանալ որևէ պաշտոն զբաղեցնող կնոջ հետ, կամ պարզապես մարդկանց, որոնք ոտք են դրել Նեապոլից դուրս։ Մի նոր ու հետաքրքիր աշխարհ բացվեց նրա առաջ։ Հասկացավ, որ աշխարհը կարող է լսել իրեն և աջակցել, եթե նա ցանկանում է խոսել։ Էնթոնին շատ երջանիկ էր՝ ֆիլմի արդյունքը տեսնելով։ Բայց ասել, որ այն բարելավել է նրա կյանքը կամ ոչ, դժվար է, որովհետև այն կարող է ընթանալ այնպիսի ճանապարհներով, որ մեր կողմից վերահսկելի չեն, կյանքը առաջ է գնում անկախ ֆիլմի լինել- չլինելուց։
– Իհարկե այս ֆիլմի շուրջ կարելի է երկար խոսել։ Կա՞ ինչ որ բան, որ անպայման կցանկանայիք ավելացնել։
– Այո՛, երկու բան կուզեմ շեշտել․ առաջինը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել սոցիալական աշխատողին՝ Էլեոնորային, քանի որ առանց նրա հնարավոր չէր լինի իրականացնել այս ամենը։ Նա ինձ ասում էր, որ ես չեմ կարող նրանց կյանք մտնել այն փոխելու նպատակով, որովհետև ես ոչինչ չեմ կարողանա փոխել։ Նրանք պետք է ինքնուրույն փոխվեն, և դա կլինի իրենց որոշումը։ Ես պարզապես կարող եմ նրանց տալ մի բան, որ կօգնի որոշում կայացնել։ Եվ վերջում ուզում եմ հիշել Կալվինոյի «Անտեսանելի քաղաքները» գրքից մի միտք, որն ինձ ներշնչել է այս ֆիլմը նկարելու համար։ Գրքում հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն ասում է․ «Փնտրել և կարողանալ ճանաչել այն, ինչ դժոխքում դժոխային չէ»։ Ինչքան էլ պատմությունը լինի տխուր և ողբերգական, մենք դրանում կարող ենք գտնել գեղեցիկը, որովհետև այո՛, այս ամենին զուգահեռ կան նաև շատ գեղեցիկ բաներ, որ մենք կարող ենք գնահատել և պահպանել։
Անի ՎԱՐԴԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ Zô Guimarães–ի