Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն Երևանին կրկին մեղադրել է եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մեջ, Երևանը դեռ չի արձագանքել

Օգոստոս 03,2022 17:17

«Ազատություն». Բաքուն Երևանին կրկին մեղադրել է եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մեջ՝ շեշտելով՝ «Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջադեպի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը մինչ օրս դուրս չի բերել իր անօրինական զինված կազմավորումները հարևան պետության տարածքից»։

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր առավոտյան Լաչինում արձանագրված նոր միջադեպերի մասին։

«Ադրբեջանի տարածքում գործող հայկական անօրինական զինված խմբավորումները, որոնք գտնվում են ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում, օգոստոսի երեքի առավոտյան ինտենսիվ գնդակոծության են ենթարկել ադրբեջանական բանակի՝ Լաչինի ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների դիրքերը։ Ստացած հրազենային վիրավորման հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող Անար Քյազիմովը», – հայտարարել էր Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պետք է դուրս հանի զորքերը Լեռնային Ղարաբաղից և ապահովի հաղորդակցությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև՝ վկայակոչելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը։

Արձագանքելով՝ պաշտոնական Երևանն էլ հայտարարել է, որ Ադրբեջանը խեղաթյուրում է համաձայնությունների բովանդակությունը, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հայկական զորամիավորումների դուրսբերումը նախատեսված է միայն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այսօր նշել է, որ «օգոստոսի 3-ին տեղի ունեցած արյունալի միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը կոպտորեն խախտում է եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաև խաթարում է երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը»։

Պաշտոնական Բաքուն շեշտել է, որ «հետագայում ևս բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն՝ Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ու ամբողջականությունն ապահովելու համար»:

Հայկական կողմը Բաքվից հնչող մեղադրանքներին դեռ չի արձագանքել։

Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ,
Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031