ՀՀ պաշտպանության նախարարությունը ՊՆ-ում հավատարմագրված լրագրողների համար այցելություն էր կազմակերպել Հայաստանի Հանրապետության հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված N զորամաս եւ մարտական հենակետ: Զորամասում հետեւեցինք մինչեւ զինվորական երդում ընդունելը նորակոչիկների հետ անցկացվող անհատական, խմբային ուսումնական պարապմունքներին: Հնարավորություն ունեցանք նաեւ մարտական դիրքում ծանոթանալու ժամկետային զինծառայողների առօրյային, մարտական հերթապահության կրման պայմաններին:
Պայմանագրային զինծառայող Ռոման Գեւորգյանը, որ վերազինվորագրվել է արդեն երկու տարուց ավելի, սկսած 44-օրյա պատերազմի ընթացքից, մարտական դիրքում լրագրողներին ասաց, որ դիրքերն ամուր են ու պաշտպանված, որ իրենց վստահված սահմանի հատվածում, համեմատաբար, լարվածություն չի նկատվում: «Մեր առօրյան չի ավարտվում գիշեր, թե ցերեկ: Ծառայությունը կազմակերպվում է երեք հերթափոխով, եւ զգոնությունը չենք կորցնում երբեք ու ոչ մի վայրկյան»: Նա նաեւ նշեց, որ դիրքերը կահավորված են ժամանակակից դիտարկման սարքավորումներով, որոնց միջոցով թշնամու տարածքը շուրջօրյա դիտարկման ներքո է:
Լրագրողներից մեկի հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանի, որ հիմա էլ տեսնում ենք ժամանակին շատ քննադատված ու քննարկված պահածոյի տուփերն էլ, հնամաշ անվադողերն էլ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Դրանք օգտագործվում են որպես ձայնային ազդանշանային համակարգի մաս: Եթե մի պահ ուշադրությունդ ուրիշ կողմի վրա լինի եւ այդ պահածոյի տուփերին դիպչեն, հաստատ դրա ձայնը կօգնի: Այսինքն, պահածոյի տուփը եւ ժամանակակից տեխնոլոգիաները միմյանց փոխլրացնում են»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք նաեւ, թե, ըստ էության, ինքը պայմանագրային զինծառայությանը հավաքագրվել է այն օրերին, երբ իրադրությունը բավականաչափ լարված էր, հոգեբանական խնդիրներ կային, ինչո՞ւ այդպիսի որոշում կայացրեց, Ռոման Գեւորգյանը պատասխանեց. «Ես սիրում եմ զինվորական գործը: Զինվոր լինելն ինձ համար մեծ պատիվ է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ