Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է զինծառայողը ստել, թե ինքն է սպանել երեք համածառայակցին ու դարձել սեռական բռնության զոհ բանակում

Օգոստոս 03,2022 14:36

2021 թվականի օգոստոսի 19-ի գիշերը Կոռնիձորի դիրքում երեք զինծառայողի սպանության գործի նախաքննությունից դժգոհ են մնացել բոլոր կողմերը. թե՛ մեղադրյալների պաշտպանները, թե՛ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները:

«Շատ հանգամանքներ կան, որոնք անհասկանալի են: Այդպես չի լինում, որ մի գործի շրջանակներում բոլորը դժգոհ են», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց սպանության համար մեղադրվող զինծառայողի պաշտպան Գարիկ Գալիկյանը:

Հիշեցնենք, որ սպանության համար մեղադրվում է մահացածների համածառայակից Ա․Հ․-ն։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանությունը)։ Այս գործով մեղադրանք է առաջադրված նաև դիրքի ավագին՝ «ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու համար: Ավելի վաղ նա մեղադրվում էր նաեւ ծառայակցի (սպանության մեջ մեղադրվողի) նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու» մեջ: Սպանության համար մեղադրվող զինծառայողը, ըստ վարույթ իրականացնող մարմնի, պատմել է, թե երեք համածառայակցին սպանել է դիրքի ավագի կողմից սեռական բռնության ենթարկվելուց հետո:

Ըստ նրա՝ սպանվածներից մեկն ականատես է եղել, թե ինչպես է դիրքի ավագն իրեն բռնաբարում ու պատմել մյուս երկուսին, եւ հետագայում իրեն ծաղրել են կատարվածի համար:

«Ինչ վերաբերում է սեռական բնույթի գործողություններին, պատկերացնում եք, չէ՞, մարդու անձնական կյանքի հետ կապված խնդիր է, որի վերաբերյալ ես չեմ խոսի, որովհետեւ անթույլատրելի եմ համարում դրա մասին խոսելը: Միայն կարող եմ ասել, որ նման մեղադրանք չկա, հանվել է, ապացուցված չլինելու համար», – շարունակեց Գարիկ Գալիկյանը:

Իսկ ինչ վերաբերում է սպանությանը, ըստ փաստաբանի, ընդամենը մեկ ենթադրյալ ապացույց կա՝ մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքը. «Որը երկու ամիսը մեկ ցուցմունք է տվել ու հայտնել՝ ես եմ կատարել արարքը: Այլ ապացույց չկա: Նախաքննությունն ավարտվելուց առաջ մեղադրյալը ցուցմունք տվեց ու հայտնեց, որ ինքը չի արել այդ արարքը եւ նաեւ հանգամանքներ մատնանշեց, թե ինչից դրդված է ինքը նման խոստովանական ցուցմունք տվել: Այս պահին չեմ մանրամասնի՝ ինչ հանգամանքներ են՝ ելնելով պաշտպանական մարտավարությունից: Պաշտպանյալիս նշած որոշակի հանգամանքները պետք է ապացուցվեն դեռ, քննության առարկա դառնան: Դրա համար այս պահին դրանց մասին բարձրաձայնելը ճիշտ չեմ համարում»:

Գարիկ Գալիկյանը վերջերս է ստանձնել մեղադրյալի շահերի պաշտպանությունը, մինչ այդ մեղադրյալն օգտվել է հանրային պաշտպանի ծառայությունից:

Այս գործի քննությունից դժգոհ է նաեւ գործով անցնող մյուս մեղադրյալի պաշտպանը, ինչի մասին ներկայացրել ենք մեր նախորդ հարցազրույցում:

Նախաքննությունից դժգոհ է նաեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը:

«Քննությունն իրականացվել է մակերեսային, ընդամենը սահմանափակվել են հարցաքննություններով: Սպանության համար մեղադրվողը մի քանի անգամ ցուցմունք է տվել եւ այդ ցուցմունքներում իրեն հակասել է: Բացի այդ, առկա է փորձարարության վերաբերյալ տեսագրություն, երբ ցույց են տալիս, թե ինչ է տեղի ունեցել իրականում, դա համադրելով իր ցուցմունքների հետ, ակնհայտ է դառնում, որ իր կողմից նշված ինքնախոստովանական ցուցմունքներում առկա հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում:

Բացի այդ՝ չենք կարող հիմնվել միայն ինքնախոստովանական ցուցմունքի հանգամանքների վրա, քանի որ քրեական գործի նյութերում առկա են փորձաքննություններով հաստատված եզրակացություններ՝ թե՛ դատաբժշկական, թե՛ զենքերի փորձաքննություններ, որոնք համադրելով իր ցուցմունքների հետ, ակնհայտ է դառնում, որ սա ոչ թե մեկ զինծառայողի կողմից իրականացված հանցագործություն է, այլ՝ խմբակային: Ամեն դեպքում՝ ունենք երեք սպանված զինծառայող, որոնք ունեն ոչ միայն հրազենային, այլեւ ոչ հրազենային վիրավորումներ: Մենք ունենք նաեւ զենքերի փորձաքննություն՝ դիրքում առգրավված բոլոր զենքերից կրակոց է արձակվել, իսկ ներկայացված 17 պարկուճները առնվազն երկու զենքից են կրակված: Սպանության մեջ մեղադրվող զինծառայողը եղել է դիպուկահար, իրեն ամրակցված է եղել դիպուկահար հրացան, թեեւ իր զենքից եւս կրակոց արձակվել է, այնուամենայնիվ, իրեն չի պատկանել այդ երկու զենքերից որեւէ մեկը: Ըստ փորձարարության տեսագրության՝ իբրեւ թե ինքն իր արթուն հերթափոխում է գտնվել, իր զենքը դրել է տնակի հետնամասում, գնացել է տնակում գտնվող ինքնաձիգներից մեկը վերցրել է, կրակոցներ է արձակել, հետո նորից դրել է տեղն ու դուրս եկել: Մի խոսքով, իր կողմից նշված հանգամանքները պետք է, որ տևեին մի քանի րոպե, մինչդեռ սպանված զինծառայողներից մեկի վնասվածքները, ըստ դատաբժշկի, կարող էին պատճառվել րոպեներից մինչեւ 2-3 ժամ: Այսինքն՝ այդ տղայի ասածները հնարավոր չեն»,- ասաց Հայարփի Սարգսյանը:

Դիրքում եղել է յոթ հոգի, որոնցից երկուսը եղել են խրամատում ու ցուցմունքների համաձայն, ասել են՝ հստակ չգիտեն ինչ է եղել. «Բայց մենք ունենք դատաձգաբանական փորձաքննություն, որ մարմնի վրայից խծուծներ են վերցվել եւ դիրքում գտնվող բոլոր տղաների հագուստներից պղնձի մետաղացման հետքեր են հայտնաբերվել, որոնք եւս մտնում են կրակոցի արգասիքների մեջ: Եթե մյուս զինծառայողների մարմնից վերցված խծուծներում հայտնաբերվել էին հետքեր, ապա տվյալ դեպքում սպանության մեջ մեղադրվողի մարմնից վերցված խծուծներում որեւէ հետք չի հայտնաբերվել: Շատ զարմանալի է, եթե այդքան կրակոց արձակեր, պետք է որ գոնե ձեռքերի վրա արտացոլվեին: Այնպիսի տպավորություն է, որ դիրքում բոլորը կրակել են, բացի սպանության մեջ մեղադրվողից… Չեմ կարծում, որ սպանության մեջ մեղադրվողի մասնակցությունը սպանությանը ճիշտ է, հաշվի առնելով այն փաստերը, որ նշեցի, բայց որ ինքը տեսել է՝ ինչ է եղել, դա միանշանակ է: Ես գտնում եմ, որ այստեղ երկուսից ավելի անձանց կողմից տեղի ունեցած հանցագործություն է: Այստեղ խոսում են, թե ծառայողները քնած են եղել, այդ դեպքում ինչո՞ւ է ընդամենը մեկ ներքնակ ներկայացվել փորձաքննության փոքրիկ արնանման հետքով: Եթե իրենք քնած լինեին, բնականաբար, իրենց ներքնակի վրա պետք է պառկած լինեին, բնականաբար, արյունը պետք է հոսեր: Ես նույնիսկ գտնում եմ, որ տնակում չեն սպանվել… Նման կերպ փորձ է արվում կոծկել իրական հանգամանքները՝ իրական հանցագործների իրական շրջանակը չբացահայտելու համար»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031