Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անցանկալին իշխանությունն է, ոչ թե սփյուռքի հայությունը». ՀՅԴ երիտասարդների ցույցն ԱԳՆ-ի առջեւ

Օգոստոս 03,2022 13:25

Այսօր ՀՀ ԱԳՆ շենքի մոտ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ, ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Տարոն Ասատրյանն իր ելույթում տարակուսանք հայտնեց առ այն, որ հայերի «սեւ ցուցակներ» նախկինում միայն թուրքական իշխանություններն ունեին, իսկ այժմ, նրանց են միացել նաեւ ՀՀ իշխանությունները: Ելույթ ունեցող սփյուռքահայ երիտասարդները հավաստիացրին, որ իրենք ամեն կերպ ջանալու են աջակցել հայրենիքին, հանուն Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության եւ պայքարելու են ՀՀ իշխանության որդեգրած գործելաոճի դեմ: Ցույցի մասնակիցներից Հովհաննես Հարությունյանն էլ իր ելույթում «պատմական խայտառակություն» որակեց այն, որ ժամանակին արցախանպաստ, հայանպաստ գործունեություն իրականացնողները հայտնվում էին Ադրբեջանի իշխանությունների «սեւ ցուցակներում», իսկ այժմ՝ նաեւ ՀՀ իշխանությունների: ՀՀ իշխանության այս գործելաոճը, ըստ Հարությունյանի, հայկական միասնությունը պառակտելուն է ուղղված: Նա վստահ է, որ Սփյուռքի մեր հայրենակիցները ՀՀ իշխանության այս գործելաոճը չեն ընկալի իբրեւ հայաստանցիների գործելաոճ եւ հայաստանյան առողջ ուժերի հետ կշարունակեն պայքարել հանուն Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության:

ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանն էլ իր ելույթում ասաց՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը հայ ազգի գոյատեւման հիմնական երաշխիքն է, բայց ՀՀ իշխանությունն իր գործողություններով ցանկանում է ոչ միայն թուլացնել, այլ ոչնչացնել այն: Նրա գնահատմամբ՝ միայն գործող իշխանության հեռացմամբ հնարավոր կլինի վերականգնել, ամրապնդել այդ եռամիասնությունը: Մեսրոպյանը կոչ արեց ՀՀ ԱԱԾ-ին՝ մնալ իր կոչմանը եւ առաքելությանը հավատարիմ, պաշտպանել ՀՀ եւ ԱՀ ազգային անվտանգությունը, ոչ թե տրվել ապազգային իշխանությունների քմահաճույքներին: Նա նկատեց, որ Հայաստան մուտքի արգելք ունեցող անձինք տարիներ շարունակ հետապնդել են Հայ Դատի արդար լուծումը, եւ նրանց մուտքը Հայաստան արգելելով՝ ՀՀ իշխանությունը հստակ ուղերձ է հղում հայությանը: Արշակ Մեսրոպյանը կոչ արեց՝ ամուր եւ միասնական լինել, քանի որ պայքարի նոր փուլ ենք մտնում:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ցույց է կազմակերպել ՀՀ ԱԳՆ-ի դիմաց՝ ընդդեմ Հայաստան սփյուռքահայերի մուտք գործելու ապօրինի արգելքի:

Վերջին օրերին երեք սփյուռքահայ դաշնակցական գործիչների՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանին, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանին եւ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանին թույլ չի տրվել մուտք գործել Հայաստան։

Ցույցի մասնակիցները ԱԳՆ շենքի մոտ էին եկել «Հայաստանը քո տունը չի», «Հայի առաջ երկիր փակող, թուրքի առաջ բացող դավաճան», «Անցանկալին իշխանությունն է, ոչ թե սփյուռքի հայությունը», «Միայն Նիկոլն ու Ալիեւն ունեն սեւ ցուցակ» եւ համանման այլ պաստառներով։ Ցույցի ավարտից հետո մասնակիցները տարբեր գրություններով պաստառներ թողեցին ԱԳՆ շենքի առաջ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031