«2022-23 ուս տարվա ընդունելության քննությունների մրցույթն ամփոփված է հիմնական եւ լրացուցիչ փուլերի առումով: Այս տարի եւս կիրառվել է մեկ մասնագիտություն՝ մեկ բուհ սկզբունքը», – «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: Նա ամփոփեց ընդունելության արդյունքները եւ ներկայացրեց հեռակա ընդունելության կարգի փոփոխությունը:
Փաստեց, որ 22000 տեղից 16000-ը թափուր է մնացել: Նրա խոսքով, ՀՀ բուհերն ըստ լիցենզավորման տեղերի՝ պատրաստ էին ծառայություններ մատուցել 22000 դիմորդի, սակայն միասնական քննությունների արդյունքում դրանք չեն համալրվել, եւ ընդամենը 9722 դիմորդ է բուհեր ընդունվել: Լուսինե Գրիգորյանն ասաց, որ թափուր են մնացել մասնագիտություններ, որոնք առաջնային են, պահանջարկ ունեն աշխատաշուկայում: Անգամ անվճար տեղեր հատկացնելու պարագայում դրանք մնացել են թափուր: Խոսքը հիմնականում բնագիտական, հումանիտար, հասարակագիտական մասնագիտություններին է վերաբերվում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետն ընդգծեց, որ պատճառները խորքային են, առանձնահատուկ ուսումնասիրություններ չեն արվել, բայց այս տարվա ընդունելության արդյունքներն էլ ամփոփելուց հետո կփորձեն այլ գերատեսչությունների հետ համատեղ որոշակի վերլուծություններ անել, վերհանել այն պատճառները, որոնցով պայմանավորված մի շարք մասնագիտություններ չեն համալրվում: Նրա համոզմամբ, պատճառներից մեկն այն է, որ հասարակությունը լայն իրազեկվածություն չունի կրթական համակարգի մասին, այն վերջնարդյունքների, որոնք պետք է ունենա շրջանավարտը բուհն ավատելուց հետո:
Կարդացեք նաև
Վարչության պետի խոսքով՝ բուհերը եւս մեծ աշխատանք ունեն կատարելու՝ ավագ դպրոցների շրջանում իրազեկվածությունը մեծացնելու առումով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ