Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջարկները միտված են քաղաքացիների իրավունքների պաշտպանվածության բարձրացմանը. հրապարակվել է «Արդար դատաքննության իրավունք․ դատական ակտերի հարկադիր կատարում» հետազոտությունը

Օգոստոս 03,2022 12:54

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը հրապարակել է «Արդար դատաքննության իրավունք․ դատական ակտերի հարկադիր կատարում» հետազոտությունը, որի նպատակն է վեր հանել դատական ակտերի հարկադիր կատարման փուլում առկա հիմնական խնդիրները, վերլուծել դրանց պատճառները և ներկայացնել լուծումներ: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են դատական ակտերի հարկադիր կատարմանն առնչվող օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան՝ դատական պրակտիկայի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և այլ իրավասու պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակված տեղեկատվության վերլուծության հիման վրա: Առանձին հարցերի շուրջ իրականացվել է նաև միջազգային փորձի և միջազգային իրավական չափորոշիչների վերլուծություն՝ ՀՀ օրենսդրական կարգավորումների համադրմամբ:

Հետազոտության նախաբանում նշվում է, որ անձի՝ դատարան դիմելու իրավունքի լիարժեք իրացման տեսանկյունից էական է դատական ակտերի կատարման փուլը․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք գործերով շեշտել է, որ այս իրավունքը պատրանքային կլիներ, եթե Պայմանավորվող պետության ներպետական իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական դատական ակտը մնար անկատար՝ ի վնաս կողմերից մեկի: Դատարանն արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով որևէ դատարանի կողմից կայացված վճռի կատարումը պետք է դիտարկվի որպես դատական քննության անբաժանելի մաս»: Ուշադրություն է հրավիրվում նաև այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ կայացված մի շարք վճիռներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում` դիմումատուների օգտին կայացված դատական ակտերը չկատարելու կամ ձգձգումներով կատարելու հիմքով:

Հետազոտության հեղինակներն անդրադարձել են հետևյալ հարցերին առնչվող խնդիրներին՝

  • հանրային իրավական դրամական պահանջների հիման վրա կատարողական վարույթներ հարուցելու գործընթաց,
  • պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու և արգելանքից հանելու գործընթաց,
  • հարկադիր էլեկտրոնային աճուրդներ,
  • օրինական ուժի մեջ մտած ակտերի կամավոր կատարման ընթացակարգեր և կատարողական թերթի պահանջները չկատարելու համար սահմանված պատասխանատվության արդյունավետություն,
  • կատարողական ծախսեր և բռնագանձված գումարի բաշխում,
  • դատական ակտերի չկատարման կամ ձգձգումներով կատարման հետևանքով հասցված վնասի հատուցում,
  • պետության՝ որպես պարտապան հանդես գալու գործեր,
  • անժառանգ գույքի բռնագանձում,
  • հարկադիր կատարողների՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակ։

Ներկայացված առաջարկները միտված են դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացի արդյունավետության և դրա շրջանակներում քաղաքացիների իրավունքների պաշտպանվածության բարձրացմանը։

Հետազոտությունը հասանելի է այստեղ։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031