Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատվիրատուն մեկն է եւ նստած է վարչապետի աթոռին»․ Ավետիք Չալաբյան

Օգոստոս 03,2022 12:58

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում այսօր «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի գործով հերթական դատական նիստում նրա պաշտպանները միջնորդեցին Չալաբյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնել եւ քրեական գործի վարույթը կարճել՝ գտնելով, որ քրեական գործի հարուցման հիմքերն ապօրինի են։

Չալաբյանի պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը նախ մատնանշեց, որ քրեական գործը հարուցվել է ոստիկանության տեսուչներից մեկի զեկուցագրի հիման վրա, ընդ որում, նա Չալաբյանի մասնակցությամբ ձայնագրությունը հայտնաբերել է «MediaNews» համացանցային աղբյուրում։ Վարազդատ Հարությունյանը շեշտեց՝ օրենքը պարտադրում է, որպեսզի ԶԼՄ-ի սեփականատիրոջ մասին հայտնի լինեն մի շարք տվյալներ, այդ թվում՝ իրավաբանական անձի անուն եւ հասցե։

«MediaNews»-ի դեպքում, ինչպես հայտարարեց Վարազդատ Հարությունյանը, չկա իրավաբանական անձի հասցե, այն չի համարվում ԶԼՄ, այլ «ֆեյք» համացանցային աղբյուր է, որի միջոցով իրականացվում է իշխանական քարոզչություն, եւ որի հետքերը տանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հաշվառման հասցեին, սակայն նախաքննության ընթացքում քննիչը դրսեւորել է հանցավոր անգործություն, չի իրականացնել համապատասխան գործողություններ՝ Տարոն Չախոյանին հարցաքննելու, պարզելու, թե ինչպես է կատարվել Չալաբյանի եւ մյուսների խոսքերի ձայնագրությունը, որտե՞ղ է դրա բնօրինակ՝ չմոնտաժված տարբերակը, ինչպե՞ս է այն հայտնվել նշյալ աղբյուրի ղեկավարության ձեռքում։

Վարազդատ Հարությունյանը նաեւ ասաց, որ ԵԽԽՎ բանաձեւերից մեկը սահմանում է՝ իշխանության քարոզչամեքենայի դիտակետում հայտնվելը ենթադրում է, որ անձը ենթարկվում է քաղաքական հետապնդման, եւ «Հանրային հեռուստաընկերությունն» օրերս ռեպորտաժ է պատրաստել Ավետիք Չալաբյանի գործի մասին, չի լսել Չալաբյանի պաշտպանական կողմին՝ հրապարակելով ԶԼՄ էթիկայի վարքականոնին հակասող միակողմանի ռեպորտաժ։

Ավետիք Չալաբյանն իր հերթին հայտարարեց՝ խոսակցության մասնակից չորս անձինք պնդում են, որ չեն իրականացնել ձայնագրություն, եւ նախաքննական մարմինը ջանք չի գործադրել՝ ապօրինի ձայնագրություն իրականացնողին բացահայտելու համար։ Չալաբյանը պնդեց, որ իր հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում․ «Պատվիրատուն մեկն է եւ նստած է վարչապետի աթոռին»։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց միջնորդությունը մերժել։

Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է 2022թ․-ին Դիմադրության շարժման ժամանակ երկու կամ ավելի անձանց, տվյալ դեպքում՝ ուսանողներին, հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալիյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալիյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալիյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

Հ․Գ․ 12:30-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց երեք ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին։ Ուշագրավ է, որ հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանը միջնորդել էր ոչ թե կալանավորել, այլ գրավ կիրառել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031