«Ես այստեղ եմ ոչ միայն զորակցելու ցույցի մասնակիցներին, հետեւելու, որ նրանց իրավունքները պաշտպանված լինեն, այլ նաեւ իմ վրդովմունքը հայտնելու ե՛ւ որպես քաղաքացի, ե՛ւ որպես պատգամավոր, իմ վրդովմունքը հայտնելու այս աննախադեպ ապօրինությանը», – այսօր ՀՀ ԱԳՆ-ի մոտ կազմակերպված ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով, որ թեեւ վրեժխնդրությամբ երկիր չես կառուցի, բայց ՀՀ իշխանությունները բռնել են հենց վրեժխնդրության եւ ապօրինության ճանապարհը «իրենց կարճ խելքով»՝ այդպիսով նաեւ փորձելով կանխել իշխանությունների դեմ բողոքների եւ ցույցերի կազմակերպումը:
Քրիստինե Վարդանյանի գնահատմամբ՝ այսպիսով ՀՀ իշխանությունները նաեւ սեպ են խրում հայության տարբեր հատվածների միջեւ եւ այդ գործելաոճը այլ կերպ, քան թշնամական օրակարգի սպասարկում, չի կարելի անվանել: Վարդանյանը որեւէ առողջ բացատրություն չի գտնում այն բանի, որ ՀՀ, Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների փակ հանդիպումների կամ հեռախոսազրույցների ժամանակ նման նախապայմաններ են առաջարկվում եւ դրանք բավարարվում են:
Հիշեցնենք՝ երեկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանն էր տեղեկացրել, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ի մոտ բողոքի ցույց է կազմակերպվում՝ ընդդեմ սփյուռքահայ գործիչների՝ Հայաստան մուտքի կամայական, որեւէ կերպ չպատճառաբանված, վրեժխնդրությամբ եւ քինախնդրությամբ պայմանավորված արգելքի:
«Մայր Հայաստանը բոլոր ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ է: Սա է հավերժական Հայաստանի կարգախոսը:
Յուրաքանչյուր ՀԱՅԻ բնական, սրբազան պարտավորությունն է ստանձնել պատասխանատվություն` Մայր Հայաստանի հավերժականության ապահովման ճանապարհին անձնական ներդրումն ունենալու:
Կարդացեք նաև
Մայր Հայաստանը նաև իրենց ՀԱՅՐԵՆԻՔԸ համարող բոլոր ազգային փոքրամասնությունների ՀԱՅՐԵՆԻՔՆ է:
Մեր այլազգի հայրենակիցները ընտրել են Մայր Հայաստանին հավատարմությունն ու նվիրումը: Իրենք գործով են փաստել դա. թե´ խաղաղ պայմաններում մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ շենացնելով, թե´ պատերազմի դաշտում իրենց սրբազան անձնազոհությամբ:
Մայր Հայաստանը մեր բոլորի ֆիզիկական անվտանգության երաշխավորն է:
Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությունն է հավերժական Հայաստանի հարատևման բանաձևը», – ցույցի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ասպրամ Կրպեյանը:
Անդրադառնալով Մուրադ Փափազյանի մուտքի արգելքի մասով ՀՀ կառավարության ներկայացրած բացատրությանը, Քրիստինե Վարդանյանը նկատեց, որ այն ողջամիտ չէր, քանի որ Նիկոլ Փաշինյանին նույնականացրել են պետության հետ. «Ինքը հայ ազգի սուրբ կո՞վն է ու իր դեմ որեւէ ակցիա իրականացնել չի՞ կարելի. այդ երբվանի՞ց, որտեղի՞ց եւ ո՞ր օրենքով է նման կարգավորում գործում ՀՀ-ում, որը իրեն հռչակել էր ժողովրդավարական բաստիոն եւ ասում էր, որ աննախադեպ ժողովրդավարական առաջընթաց կա: Այն բացատրությունը, որն իրենք տվել են, միայն հաստատում է, որ գործ ունենք տարրական քինախնդրության եւ վրեժխնդրության հետ»:
Քրիստինե Վարդանյանի դիտարկմամբ՝ «դեժավյուի» զգացողություն կարող է առաջանալ, երբ տարի առաջ՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, կրկին նման արշավ սկսվեց սփյուռքահայերի, մասնավորապես, ՀՅԴ-ականների դեմ:
Պատգամավորը, սակայն, ուշագրավ է համարում, որ այժմ հայերի «սեւ ցուցակ» երկու մարդու մոտ կա՝ Իլհամ Ալիեւի ու Նիկոլ Փաշինյանի: Նա կարեւոր է համարում այն, թե ինչու է հիմա տեղի ունենում այն, ինչ տեղի է ունենում. «Նայեք մեր քաղբանտարկյալների ցանկը ու կտեսնեք, որ ընտրված են այդ մարդիկ, նայեք այն մարդկանց ցանկը, որոնց մուտքը Հայաստան արգելված է. այստեղից էլ մենք կարողանում ենք հասկանալ, որ ՀՀ իշխանությունները՝ չբավարարվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով, գնում են նոր նոյեմբերի 9-ի հետեւից, ուստի դիմադրության ունակ, իրենց շուրջ մարդկանց համախմբելու ունակ, Հայաստանի թրքացման դեմ բողոքող անձանց մեկուսացնում են: Իրենց համար թշնամի են բոլոր նրանք, որոնք պնդում են, որ հայրենիք ունեն: Արսենթորոսյաններն են մեր երկրի իշխանությունը, դրա համար էլ կատարվում է այն, ինչ կատարվում է, իսկ մեր պարտքն է՝ չտրվել թշնամական ծրագրերին եւ պայքարել դրա դեմ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ