ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հյուրընկալել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, որի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում գործող սպանդանոցների ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են սպանդանոցային մորթի կազմակերպման հետ կապված որոշ խնդիրներ: Սպանդանոցայն գործ ձեռնարկած տնտեսավարողների մտահոգությունը հիմնականում ոչ սպանդանոցային ծագման մսի վաճառքն է, սպանդանոցային մորթն ուղեկցող ձև 5 անասնաբուժական վկայականի կեղծումը, ինչի դեմ միայն ՍԱՏՄ ջանքերը բավարար չեն, եթե իրավական որոշակի կարգավորումներ չլինեն:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել է, որ նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք կենդանու մորթի և միս-մսեղիքի իրացման գործընթացը կդարձնեն ավելի վերահսկելի ու թափանցիկ: Այդ գործընթացի վերահսկելիությանը կնպաստի նաև խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումը, որի իրականացումը կսկսվի արդեն այս տարվա աշնանը:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեղեկացրել է, որ, համաձայն արդեն պլանավորված օրակարգի, օգոստոսի երկրորդ տասնօրյակից սկսած, տեսչական մարմինը, այլ գերատեսչությունների հետ համատեղ, անցնելու է խստացված վերահսկողության թե՛ սպանդանոցներում, թե՛ իրացման ցանցում և թե՛ հանրային սննդի կետերում՝ բացառելու նպատակով ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիքի տեղափոխումն ու վաճառքը:
Կարդացեք նաև
Տեղեկացվել է նաև, որ այժմ փոփոխություններ են կատարվում ձև 5 փաստաթղթի տրամադրման էլեկտրոնային համակարգում, ինչի արդյունքում գործընթացը կդառնա առավել վերահսկելի:
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին