ԱԺ դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը Ֆեյսբուքում գրառում էր կատարել այն մասին, որ իր որդուն՝ ժամանակավորապես անազատության մեջ գտնվող ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանին, ԵՊՀ ռեկտորատը չի թույլատրել արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնի 3-րդ կուրսի ավարտական քննությունները հեռավար հանձնել:
Aravot.am-ը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանից փորձեց պարզել, թե ինչու, օրինակ, ցմահ դատապարտյալներ Արսեն Արծրունուն («Դրո» խմբի գործով), 20-ամյա երիտասարդին դաժանաբար սպանած Մհեր Ենոքյանին կարելի էր հեռավար սովորել, իսկ այս պահին ժամանակավոր անազատության մեջ գտնվող Տարոն Մանուկյանին՝ ոչ: Ռեկտորը նախ ասաց, որ ինքն այս պահին երկրում չէ, ԵՊՀ աշխատակիցներն արձակուրդում են, ուստի պետք է գրավոր դիմել, որ ԵՊՀ լրատվականը պատասխանի:
ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը, որը նույնպես բացակայում էր Հայաստանից, ասաց, որ հարցումը գրավոր ուղարկենք: Մեր զանգերին չպատասխանեց ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանը:
Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանից փորձեց ճշտել նախարարության տեսակետը խնդրի վերաբերյալ: Մելիքբեկյանը պատասխանեց, որ հարցը համալսարանի իրավասությունների տիրույթում է:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Տարոն Մանուկյանը եւ մի քանի այլ երիտասարդներ մեղադրվում են ընդդիմադիրների ավտոերթի օրը Գյումրու Երեւանյան խճուղու կանգառներից մեկում տարեց տղամարդկանց բռնության ենթարկելու մեջ։
Այլ մանրամասներ՝ հաջորդիվ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ